Ադրբեջանի «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչները բաց նամակ են հղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ անդրադառնալով «Արևմտյան Ադրբեջան» կոչվող թեմային և «տեղահանված ադրբեջանցիների» վերադարձի հարցին։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունը, նամակում հեղինակները Ադրբեջանը ներկայացնում են որպես կրոնական համակեցության օրինակ՝ ընդգծելով.
«Սա այն երկիրն է, որտեղ աղոթքի կոչն ու եկեղեցական զանգերի ղողանջը միախառնվում են իսկական համակեցության ներդաշնակության մեջ»։
Նրանք նաև նշում են, որ Ադրբեջանը «անխախտ հավատարիմ է հոգևոր և ավանդական արժեքներին, ընտանիքի սրբությանը, ժառանգության պահպանությանը և կրոնական ազատության պաշտպանությանը»։
Նամակի հեղինակները պնդում են, որ 1987 թվականից Հայաստանի տարածքից տեղահանված ադրբեջանցիները պետք է հնարավորություն ունենան խաղաղ և անվտանգ վերադառնալու իրենց «պատմական բնակավայրեր»՝ «Արևմտյան Ադրբեջան»։ Նրանք ընդգծում են, որ, իրենց ձևակերպմամբ, խոսքը տարածքային պահանջների մասին չէ, այլ «վերադարձի հիմնարար իրավունքի»։
Բացի այդ, նամակում Վենսին խնդրում են աջակցել տեղահանվածների վերադարձի և մշակութային ժառանգության պահպանման հարցին՝ նշելով, որ «արդար և տևական խաղաղությունը» պետք է ներառի այդ բաղադրիչը։ Նամակը ստորագրել են տասնյակ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ։



















