«Մի կոմպրոմատ ավել, մի կոմպրոմատ պակաս ոչ մի ազդեցություն չի ունենա». քաղտեխնոլոգ

«Մի կոմպրոմատ ավել, մի կոմպրոմատ պակաս ոչ մի ազդեցություն չի ունենա». քաղտեխնոլոգ
«Մի կոմպրոմատ ավել, մի կոմպրոմատ պակաս ոչ մի ազդեցություն չի ունենա». քաղտեխնոլոգ

Մինչ ալիքի նման շարունակվում են ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի եւ ԲՀԿ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի խոսակցության գաղտնի ձայնագրության շուրջ քննարկումներն ու որակումները, շատերը փորձում են հասկանալ թե խոսակցության «հրապարակայնացումն» առաջիկա նախագահական ընտրություններում ինչ դերակատարում կարող է ունենալ:
Հիշեցնենք, որ օրերս անհայտ օգտատերի կողմից համացանցում տարածվել է Օսկանյան-Զուրաբյան գաղտնալսված ձայնագրությունը, ուր վերջիններս խոսում են առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ` հետաքրքիր մանրամասներ «բացելով» ՀԱԿ-ի ներսում հարաբերությունների, ՀԱԿ-ԲՀԿ-ի, ինչպես նաեւ անդրադառնալով մարտիմեկյան դեպքերին:

«Կոնգրեսը Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ կարողանում էր պահել քաղաքացիական հասարակությունը, էսպես ասեմ էլի` ոչ հակառուսական հատվածում, մի քիչ էլ սենց արեւմուտքին քննադատելով, որ ինքը աչքեր ա փակում էս ամեն ինչի վրա, ու նաեւ կարողանում էր ինչ-որ ձեւով ասել, որ դե մարտավարություն ա` ԲՀԿ-ի հետ կարանք մենք գնանք սենց բաների, չնայած իրենք էլ են` հա` Մարտի 1, չգիտեմ ինչ, բան…, հիմա, հարցեր կան` ավելի լավ է` ռեժիմից պոկենք, սա հաջողվել ա էս ընթացքում, բայց, եթե ինքը չի առաջադրվում, արդեն դառնում ա լրջագույն պրոբլեմ, ու դուք կհայտնվեք երկու ֆրոնտի մեջ»,-խոսակցության մեջ ասում է Զուրաբյանը:

«Նայի` շատ հեշտ կլինի, ասենք, եթե ասենք սկսվի` Լեւոնը ասենք չի առաջադրվում, սկսվում է, թե բա, ի՞նչ մարտավարություն է, Նիկոլն էլ, Բագրատյանն էլ շատ հստակ ծրագրով են գալու` ասելու են` դնենք մորթենք սաղին»,-հավելել էր նա:

Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը նշում է, որ այդ գաղտնի ձայնագրությունը էական ազդեցություն չի ունենա եկող նախագահական ընտրությունների վրա:

«Նման կոմպրոմատային նյութը ոչ մեկին ոչ օգուտ կտա, ոչ վնաս, զրո ազդեցություն: Այդպիսի կոմպրոմատային նյութերը ազդեցություն են ունենում, երբ արեւմտյան մրցակցային ընտրապայքար է լինում, ինչպես եղավ Վրաստանի ընտրությունների ժամանակ: Իսկ մեզ մոտ, քանի որ արեւմտյան մրցակցային ընտրապայքար տեղի չի ունենալու, ապա մի կոմպրոմատ ավել, մի կոմպրոմատ պակաս ոչ մի ազդեցություն չի լինի»,-«Մեդիալաբին» ասում է Բադալյանը:

© Medialab.am