2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում բոլոր տեսակի կենսաթոշակները կբարձրանան միջինը 10 տոկոսով

Կենսաթոշակառուների, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Ըստ այդմ՝ առաջարկվում է 2020 թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել 26500 դրամ (25500 դրամի փոխարեն), աշխատանքային և զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափերը՝ 18000 դրամ (16000 դրամի փոխարեն), աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար՝ 950 դրամ (800 դրամի փոխարեն), զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1600 դրամ (1500 դրամ): Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը կսահմանվեն՝ առաջին խում՝ 40000 դրամ (36000 դրամի փոխարեն), երկրորդ խումբ՝ 30000 դրամ (26000 դրամի փոխարեն), երրորդ խումբ՝ 27000 դրամ (25500 դրամի փոխարեն): Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կսահմանվի 27000 դրամ (25500 դրամի փոխարեն), երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի դեպքում՝ 90000 դրամ (80000 դրամի փոխարեն): Առաջարկվում է բարձրացնել նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով 26500 դրամ (25500 դրամի փոխարեն), իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի դեպքում՝ 90000 դրամ (80000 դրամի փոխարեն):

Ինչպես նշել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, կառավարության ծրագրի համաձայն՝ պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակների չափերը՝ ապահովելով միջին կենսաթոշակի առաջանցիկ աճ գնաճի նկատմամբ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում բոլոր տեսակի կենսաթոշակները կբարձրանան միջինը 10 տոկոսով: «Ներկայացված սանդղակներն իրենց հերթին կինդեքսավորվեն արդեն անհատական տվյալներով՝ կախված ստաժից, աշխատանքից և այդպես շարունակ»,-ասել է վարչապետը:

Այս մասին տեղեկացնում են կառավարությունից։