«Պետք է հավասարակշռված լինել, նույնիսկ սիրո մեջ, պետք է սիրել, ոչ թե պաշտել». Նարինե Գրիգորյանի մարտիության մտքերը

«Մեդիալաբի» զրուցակիցն է Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի Նարինե Գրիգորյանը

– Տիկի՛ն Գրիգորյան, այս օրերին պատերազմ է, որոնց ընթացքում նաև կանայք են տուժում, որից նաև կանայք են տառապում: Ի՞նչ եք մտածում այդ մասին:

– Այո՛, պատերազմների ցավը հասնում է կանանց, որովհետև իրենց տղամարդուն են կորցնում: Չէ՞ որ դա կանանց համար ամենացավոտն է: Մի պատմություն կա, չէ՞. Լենկթեմուրը միայն կանանց է թույլ տալիս դուրս գալ, գնալ և ասում է՝ ձեր ուսերի վրա կարող եք տանել ձեզ համար ամենաթանկ բանը: Եվ բոլոր կանայք իրենց ամուսիններին շալակում են ու դուրս գալիս:

Տեղահանությունը, ամեն ինչի կորուստը կանանց համար մեծ ցավ են, բայց քո տղամարդու կորստից ավելի ահավոր բան չի կարող լինել:

Նրանք, ովքեր ստեղծում են պատերազմները, իհարկե չեն տեսնում, չեն պատկերացնում այդ ցավը:

– Կնոջ հայացքով՝ իսկ ինչո՞ւ են պատերազմներ լինում:

– Անկեղծ՝ միշտ մտածել եմ: Այնուամենայնիվ, տղամարդիկ են հրահրում, նրանք են դրան գնում: Տղամարդու բնության մեջ կա այդ կռվելու ցանկությունը, հիշեք գլադիատորներին: Տղամարդու մեջ կա ավելի ուժեղ երևալու ցանկությունը: Հավանաբար ներքին պահանջ ունեն ապացուցելու՝ ո՛վ է ավելի ուժեղ: Տանել չեմ կարողանում ո՛չ ցլամարտը, ո՛չ աքլորակռիվը: Սրանք փոքր մասշտաբի կռիվներ են, իսկ մեծ մասշտաբներն արդեն պատերազմներն են:

Եվ ցավալի է, որ պատերազմները տանում են մի ամբողջ սերունդ, ու կանայք մնում են առանց տղաների:

Ես արդեն երեք անգամ պատերազմ եմ տեսել, տեղահանվել ենք, ամեն փորձությունների միջով անցել ենք, և, միևնույն է՝ իմունիտետ ձեռք չես բերում: Դա մի ահավոր բան է:

– Հայաստանում էլ էր պատերազմ գրեթե երկու տարի առաջ, և կանայք շատ տառապանք տեսան…

– Այո՛: Ես կարծում եմ՝ կնոջ վրա ի սկզբանե Աստծո կողմից մեծ բեռ է դրված՝ նա երեխա բերողն է ու դաստիարակողը: Իրականում կինը ներքուստ պետք է շատ սիրառատ լինի, շատ նուրբ լինի, իսկապես կանացի լինի: Նա այնքան մեծ առաքելություն ունի իր ուսերին. ի վերջո, վաղվա աշխարհի ապագան որոշողները հենց իր ստեղծած էակներն են լինելու:

Կնոջից է կախված ընտանիքի առողջությունը, իսկ առողջ ընտանիքը առողջ երկրի գրավականն է:

Աշխարհում կատարվող այս խառնաշփոթի մեջ ամեն կին իր ընտանիքում, իր տղամարդու հետ, իր երեխայի հետ շատ ավելին պետք է լինի, շատ ավելի սեր տա, շատ ավելի ինքնազոհողություն, շատ ավելի փոխզիջում:

– Այսօր Մարտի 8-ն է, շատ ընդունված է ասել՝ կանանց հավասարության, իրավունքների, ազատությունների պաշտպանության տոնը: Ի՞նչ է այս օրը ձեզ համար:

– Ինձ համար հերթական օր է: Ամուսինս այսօր ասում էր՝ ինձ համար ամեն օր է քո տոնը: Մենք իսկապես ավելորդ ենք համարում այս խառնաշփոթը, թանկացած ծաղիկները: Երեկ եմ եկել Ռուսաստանից, այնտեղ հինգ օր է՝ ասում են՝ С праздником, с наступающим: Ես մի պահ մտովի գնում էի Նոր տարի: Այսինքն՝ այդ մարտիության ուժեղ սովորությունը ես ընդհանրապես ընդունելի չեմ համարում:

Իմ կարծիքով՝ մարդը պետք է հավասարակշռված ապրի ու անընդհատ գնահատի իր շուրջբոլորն ամեն ինչ: Առանձնահատուկ ոչինչ չենք անում այսօրվա հետ կապված: Իմ կողքի տղամարդն էլ գիտի, որ ես ոչ մի ձև չեմ արձագանքում, և ինքն էլ հավասարակշռված է վերաբերվում, և ինձ էդպես դուր է գալիս:

– Ի՞նչ է նշանակում հավասարակշռված ապրել:

– Ծայրահեղությունների մեջ չընկնել: Այսինքն՝ չասել՝ վա՛յ, ծաղիկ, այդ օրը պետք է ծաղիկ ստանամ և այլն: Միշտ էլ կարելի է ծաղիկ տալ, և դա ավելի հաճելի է, քան այսօր:

Պետք է միշտ հավասարակշռված լինել: Սիրո մեջ նույնիսկ պետք է հավասարակշռված լինել, ոչ թե պաշտել, այլ սիրել, որովհետև սերը այդ բոլոր ծայրահեղությունները հավասարեցնում է: Մարդ ջուրը խմելիս կարող է նաև խեղդվել, չէ՞: Երբ հավասարակշռված ես վերաբերվում ջրին, և՛ ծարավդ է հագեցնում, և՛ չես խեղդվում: Կյանքում ցանկացած իրավիճակում է այդպես:

Նույն ապրումները եղել են նաև պատերազմի ժամանակ. ինչքան էլ տառապես, միևնույն է՝ պետք է ներքին հավասարակշռվածություն պահես, խուճապի մեջ չընկնես: Եթե եղել է, ուրեմն Աստծո կամքն է: Ինչպես ենք աղոթելիս ասում՝ թող քո կամքը լինի: Դրսից կարելի է պայքարել, բայց ներքուստ պետք է միշտ Աստծո կամքը ընդունել:

– Այսօր շատ են խոսում կանանց և տղամարդկանց հավասարության մասին: Կա՞ այդպիսի խնդիր Հայաստանում:

– Ես՝ որպես կին, որ երկրի վրա ապրում է արդեն 40 տարի, որ Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարն է, երբեք չեմ առնչվել սեռով պայմանավորված խտրականության խնդրին: Երբեք չեմ զգացել, որ ես կին եմ, ինչի համար այսինչ բանը թույլ չեն տվել անելու, զրկել են որևէ բանից, առաջ չեն գցել, թույլ սեռ են համարել: Երբեք: Ինձ համար մարդը մարդ է՝ իր շնորհքով, իր բարությամբ, անձնազոհությամբ: Ինձ համար չկան կին-տղամարդ բաժանումները, եթե արժանի է, ստանում է իր հասանելիքը կյանքից: Կյանքը տալիս է նրան, եթե արժանի է հոգով:

Գուցե այդ խնդիրը կա, բայց ես չեմ ապրել դա: Ինչքա՛ն դպրոցների տնօրեններ են կանայք, ինչքա՛ն պատգամավորներ:

– Բայց, օրինակ՝ Կառավարությունում մեկ կին նախարար կա:

– Ոչինչ… (Ժպտում է-հեղ.): Իրականում, երբ ինչ-որ բան մտքով դարձնում ես խնդիր, ինքն իսկապես խնդիր է դառնում: Ուզում եմ ասել՝ այնքան բան կարելի է խնդիր չսարքել… Հենց ինչ-որ բան դարձնում ես խնդիր, դրանք հերթով ի հայտ են գալիս:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am