Իրանում COVID-19- ի տարածման պատճառով դիմակներ կրելը դառնում է պարտադիր

Հեղինակ MediaLab

Իրանի իշխանությունները հուլիսի 5-ից հասարակական վայրերում և հիմնարկներում դիմակների կրումը դարձնում են պարտադիր, իսկ առանց դիմակի այցելուներին կմերժեն ծառայություններ մատուցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Իրանի նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնական կայքին:

Ռոհանին կորոնավիրուսի հակազդման շտաբի նիստում մասնավորապես ասել է, որ հուլիսի 5-ից սկսած` հասարակական վայրերում դիմակների կրումը պարտադիր կլինի: Բոլոր ոլորտներում, հատկապես պետական հատվածում ծառայությունների մատուցումը պետք է կարգավորվի բժշկական արձանագրություններով:

Նախագահը նաև կոչ է արել քաղաքացիներին չթաքցնել, եթե վարակված են կորոնավիրուսով և այդ մասին տեղեկացնել մյուսներին, որպեսզի նրանք խուսափեն վարակումից:

Իրանն ավելի քան չորս ամիս պայքարում է կորոնավիրուսի դեմ. փետրվարի 19-ից, երբ իշխանությունները հաղորդեցին COVID-19-ի մասին, երկրում արդեն հայտնաբերվել է ավելի քան 237 հազար դեպք, որից ավելի քան 11 հազար 400-ը մահացել է: Միևնույն ժամանակ, առողջացել է ավելի քան 198 հազար մարդ: