Որևիցե լավ ակնկալիք այլևս չենք կարող ունենալ Նիկոլ Փաշինյանի բանակցություններից. Հակոբ Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը 

Պարո՛ն Հակոբյան, երեկ խորհրդարանի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն են իրենց որոշումներով Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ 1998-ին Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելու և 1999 նոյեմբերին ԵԱՀԿ ստամբուլյան անվտանգության խարտիայի վավերացման մասին որոշումներով է, ըստ Փաշինյանի, Հայաստանը Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:

– Ճիշտն ասած, մեզ համար արդեն պատահական չեն նմանատիպ հայտարարությունները, Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է ժողովրդի մեջ մտցնել այն միտքը, որ այն, ինչ եղել է, արդեն անհնար է վերադարձնել՝ փորձելով թաքցնել իր անճարությունը, իր՝ բանակցությունները ձախողման տանելը և իր ազգակործան գործունեություն իրականացնելը:

Այս ամենով նա մեկ խնդիր է փորձում լուծել՝ հայաստանյան հասարակության մեջ ամրապնդել այն միտքը, որ կատարվողն ու կատարվելիքը անխուսափելի են, անհնար է, որ դրանք չկատարվեն, ու դրա մեղավորը ինքը չէ: Հայաստանի ղեկավարի շուրթերով հնչեցնել, որ Արցախն Ադրբեջանի կազմի մեջ է, ու այլևս անհնար է այդ իրողությունը հետ շրջել, ոչ այլ ինչ է, քան Ալիևի թեզերի տարածում ՀՀ բարձր ամբիոնից:

Ապագայում ի՞նչ է պատրաստվում անել Նիկոլ Փաշինյանը, որ, ինչպես ասում եք, այս կերպ փորձում է արդարացնել իրեն:

 – Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն այսպես թե այնպես ստորագրելու է այն փաստաթուղթը, որը, ըստ իս, երկրորդ կապիտուլյացիոն փաստաթուղթն է, իսկ ըստ իրեն՝ խաղաղության պայմանագիր: Այդ պայմանագրում, կարծես թե, որևիցե անդրադարձ չի լինելու Արցախի վերաբերյալ, որն իր հերթին անուղղակիորեն ապացուցելու է, որ Արցախը հայտնվել է Ադրբեջանի կազմում, որովհետև խոսել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին ու չխոսել այն հիմնական դրդապատճառի մասին, որով սկսվել է այդ հակամարտությունը, նշանակում է, որ հայկական կողմը զիջել է իր դիրքերն ու Արցախը հանձնել Ադրբեջանին:

Այս իրողությունն է փորձում թաքցնել Փաշինյանը՝ դա այս կամ այն գեղեցիկ փաթեթավորմամբ ներկայացնելով:

Հայաստանի Հանրապետության արտգործնախարարն ասում է, որ քննարկում են «Ստեփանակերտ-Բաքու քննարկումների միջազգային մեխանիզմի ստեղծման» վերաբերյալ հարցը, բայց Բաքվից ուղիղի տեքստով հնչում են հայտարարություններ, որ իրենք ոչ մեկի հետ չեն պատրաստվում քննարկել Արցախի հետ կապված որևէ հարց: Հաշվի առնելով ադրբեջանական կողմից եկող հայտարարությունները՝ այս օրակարգը կարո՞ղ ենք կեղծ համարել:

– Միանշանակ կեղծ օրակարգ է. խոսել ուղիղ շփումների մասին, երբ իրենց իսկ վարած քաղաքականության պատճառով Արցախն ունեցավ մարդկային հազարավոր ու տարածքային 75%-ի կորուստ, անիրատեսական է ու անթույլատրելի: Դրա մասին կարելի էր խոսել այն ժամանակ, երբ Արցախը հզոր էր, ուներ 12 հազար քառակուսի կիլոմետր տարածք, երբ Արցախում կար կենսունակ բանակ, իսկ հիմա, երբ թվարկած բոլոր բաղադրիչները բացակայում են, ու իրենք խոսում են ուղիղ կապի մասին, նշանակում է, որ «թելում են Ալիևի թելը», որ Արցախն Ադրբեջանի կազմում է, դուք էլ ուղիղ խոսեք իրենց հետ:

Վաղ թե ուշ, չնայած հիմա էլ ենք լսում, որ կխոսեն ոչ թե Արցախի ժողովրդի կամ արցախյան հակամարտության մասին, այլ կսկսեն խոսել Արցախում ապրող հայերի իրավունքների մասին, ու այդ ուղիղ բանակցություններն էլ, ըստ իրենց, կվերաբերի հենց դրան: Սա «ձեռքերը լվանալու» կլասիկ ցուցադրություն է, երբ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են նույնիսկ բանակցություններից, որի պարտավորությունն իրենք ստանձնել են այն կապիտուլյացիոն պայմանագրով, որը հենց իրենք են կնքել:

Պրահայում կայանալիք հանդիպումներից ի՞նչ ակնկալիքներ ունեք, պարո՛ն Հակոբյան:

– Որևիցե լավ ակնկալիք այլևս չենք կարող ունենալ Նիկոլ Փաշինյանի բանակցություններից, որովհետև օրեր շարունակ իրենք հայ հասարակությանը ներարկում են, թե բանակցությունները մտել են փակուղի, թե որևէ բան փոխելն անհնար է:

Այս պարագայում հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանին նստեցնելու են սեղանի շուրջ, և թշնամի երկրները թելադրեն իրենց կամքը, նա էլ հլու-հնազանդ համաձայնելու է: Փաշինյանի կողմից որևէ դիմադրություն տեսանելի չէ, որովհետև ինքն ի լուր աշխարհի հայտարարում է, որ իրեն հետաքրքիր է ընդամենը 29800 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանը:

Իսկ Արցախի քաղաքական ուժերը ստեղծված իրավիճակից դուրս գալու ի՞նչ ելքեր են առաջարկում:

– Արցախի դիրքորոշումը կատարվողի հանդեպ ամփոփված էր վերջերս տարածված հայտարարության մեջ, որը հրապարակվել էր Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստից հետո, որում կային հիմնական շեշտադրումները, ու ամենակարևոր շեշտադրումը, որը ես կուզեի առանձնացնել, այն է, որ Արցախի համար անընդունելի է ցանկացած պայմանագիր կամ համաձայնագիր, որում կանտեսվի կամ կստորադասվի Արցախի ինքնորոշման իրավունքի լիիրավ իրացման հնարավորությունը, և կանտեսվի նրա ճանաչման հնարավորությունը:

Եվ մյուս շեշտադրումը, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ, անկախ տեղի ունեցող իրադարձություններից ու մենակ չթողնել Արցախին Ադրբեջանի սանձազերծած արհավիրքների դեմ:

Գործնական ի՞նչ քայլեր են արվում:

– Հիմնական գործիքակազմը, որն այսօր կարող ենք Արցախում օգտագործել, համաժողովրդական միասնություն ստեղծելն է, ու այդ ուժը ցույց տալը ինչպես թշնամի պետություններին, միջազգային հանրությանը, այնպես էլ հայաստանյան իշխանություններին, որ Արցախում բնակվող 120 հազար ժողովուրդը միասնական է ու ունի մեկ կարծիք՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am