Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2020 թվականի «պարտադրված» հարաբերական անդորրը փորձեցել է օգտագործել բարեփոխման որոշակի ծրագրերի մշակման և ներդրման համար։ Գրեթե ավարտին է հասցվել դրամական միջոցների արգելանքների և բռնագանձումների նոր էլեկտրոնային մոդուլի մշակման գործընթացը, հանրային քննարկման է դրվել Հարկադիր կատարման մասնավոր համակարգի ներդրման հայեցակարգը, գործադրվել է Ծառայության նոր կայքը, ակնկալվում է ներդնել էլեկտրոնային վարույթների ինստիտուտը։ Ծառայությունում իրականացված բարեփոխումների, քաղաքացիների դիմում-բողոքների և դրանց լուծումների, նախատեսվող ծրագրերի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի հետ։
-Պարոն Մեղրյան, շուրջ մեկ տարի է՝ Գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում եք: Կխնդրեի առանձնացնել այն կարևոր ձեռքբերումները, որոնք արձանագրել եք այս մեկ տարում և մատնանշեք խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է:
-Նախ նշեմ, որ համավարակի և ռազմական դրության պայմաններում Ծառայությունն աշխատել է արտակարգ ռեժիմով և մեր կողմից ձեռնարկված քայլերն ուղղված են եղել Ծառայության բնականոն աշխատանքի արդյունավետ կազմակերպմանն ու քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը։ Համավարակի տարածումը կանխարգելելու և քաղաքացիների սոցիալական վիճակն էլ ավելի չվատթարացնելու նկատառումներից ելնելով՝ բավականին տևական ժամանակով դադարեցվեց քաղաքացիների հետ շփում ենթադրող մի շարք կատարողական գործողությունների կատարումը (գույքագրումներ, գույքի գնահատման փորձաքննություններ, վտարումներ, տեսակցություններ, գույքի առգրավումներ և այլն), ինչը, իհարկե, բացասաբար է անդրադարձել Ծառայության կատարողականի ֆինանսական և քանակական ցուցանիշների վրա՝ հաճախ առաջացնելով նաև դատական ակտերով պահանջատերերի արդարացի դժգոհությունը։
Ծառայության հիմնական գործառույթների կատարման տեսանկյունից «պարտադրված» հարաբերական անդորրը փորձեցինք օգտագործել բարեփոխման որոշակի ծրագրերի մշակման և ներդրման համար։
Ծառայության ինստիտուցիոնալ բարեփոխումների համատեքստում մշակվել և հանրային քննարկման է դրվել Հարկադիր կատարման մասնավոր համակարգի ներդրման հայեցակարգը, որն առաջարկում է բազմաթիվ խնդիրների հայեցակարգային լուծումներ։ Այս պահին հայեցակարգը դեռ քննարկվում է, ուստի ձեռնպահ մնամ մանրամասներից՝ հետագայում այդ մասին շատ ավելի մանրամասն խոսելու պատրաստակամությամբ։
Կարևոր ձեռքբերում էր Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և տարբեր պետական կառույցների միջև տվյալների փոխանակման թարմացումը և փաստաթղթաշրջանառության ավտոմատացումը։ Օրինակ՝ ՊԵԿ-ի և Սոցիալական ապահովության ծառայության հետ տեղեկատվության փոխանակման թվային նոր լուծումների շնորհիվ կարողացանք լուծել պարտապանների կենսաթոշակի, աշխատավարձի և սոցիալական աջակցության գումարների վրա արգելանք դնելու հետ կապված խնդիրները։
Կենտրոնական բանկի հետ կատարված լայնածավալ աշխատանքների արդյունքում գրեթե ավարտին է հասցվել դրամական միջոցների արգելանքների և բռնագանձումների նոր էլեկտրոնային մոդուլի մշակման գործընթացը, որի գործարկման արդյունքում կլուծվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային հաշիվների տևական և հաճախ անհամաչափ արգելադրման հետ կապված խնդիրները։ Եթե ներկայումս բռնագանձման վարույթ հարուցելիս բռնագանձման ենթակա գումարի չափով արգելանք է կիրառվում պարտապանի բոլոր հաշիվների, տրանսպորտային միջոցների և անշարժ գույքի նկատմամբ, իսկ ապա բանկերից ստացված տեղեկատվության հիման վրա որոշում է կայացվում բռնագանձում կատարելու մասին արգելադրված այն հաշվից կամ հաշիվներից, որոնցում առկա են բավարար միջոցներ, ու արգելանքները վերացվում են միայն բռնագանձումը կատարելուց հետո (այդ պրոցեսը տևում է բավականին երկար՝ լրջագույն անհարմարություններ պատճառելով պարտապանին), նոր ծրագրային մոդուլի ներդրումը հնարավորություն կտա համապատասխան կատարողական գործողություններն իրականացնել առանց հարկադիր կատարողի մասնակցության՝ ինքնաշխատ եղանակով։ Ամենակարևորը՝ ի սկզբանե կարգելադրվի բացառապես այն բանկային հաշիվը, որում առկա միջոցները բավարար են բռնագանձումը կատարելու համար, իսկ մյուս հաշիվները, անկախ դրանում միջոցների առկայության հանգամանքից, կամ չեն արգելադրվի, կամ կապաարգելադրվեն շատ արագ, տրանսպորտային միջոցների և անշարժ գույքի արգելանքներն ինքնաշխատ կվերացվեն շատ սեղմ ժամկետներում։ Այս ամենը էականորեն կբարձրացնի վարույթների արդյունավետությունը, կնվազեցնի բանկային հաշիվների արգելադրմամբ պատճառվող անհարմարությունները, կբացառի տևական ժամանակով պարտապանի բոլոր բանկային հաշիվներն արգելադրված պահելու դեպքերը, էականորեն կնվազեցնի հարկադիր կատարողների անհամաչափ ծանրաբեռնվածությունը և, իհարկե, ի չիք կդարձնի վարույթի տվյալ փուլը միջնորդավորող մի շարք կոռուպցիոն ռիսկեր։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում