«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը
– Տիկի՛ն Հայրապետյան, ԱՄՆ-ում օգոստոսի 8-ին կայանալիք Փաշինյան-Ալիև-Թրամփ եռակողմ հանդիպման վերաբերյալ ադրբեջանական մամուլում լուրեր են շրջանառվում, ըստ որոնց այդ հանդիպման ժամանակ ստորագրվելու են համատեղ հռչակագիր, խաղաղության համաձայնագրի նախաստորագրում, Մինսկի խմբի լուծարման համատեղ նամակ, նոր երկկողմ հուշագրեր։ Ի՞նչ ակնկալիքով է Ալիևը մասնակցում այս հանդիպմանը:
– Առհասարակ, ամբողջ տեղեկատվական դաշտը լցված է ադրբեջանական կողմի ակնկալիքներով կամ դրանց վերաբերյալ քննարկումներով, հայկական կողմը, որպես այդպիսին, ամբողջությամբ անարձագանք է թողնում դա: Չկա որևէ տեղեկատվություն, որևէ հանրային քննարկում հայկական կողմի հնարավոր պահանջների կամ որևէ բովանդակային հարցի հետ կապված: Տպավորություն է, որ մշտապես ամբողջ քննարկումները՝ անկախ ձևաչափերից ու միջնորդներից, բացառապես ադրբեջանական պահանջների իրագործման մասին է, ու, ցավոք սրտի, դա միայն տպավորություն չէ, իրողություններն այդ մասին են խոսում:
Ես կարծում եմ, որ ամերիկյան միջնորդությունը, հաշվի առնելով նաև Թրամփի անձնական ամբիցիաները, հետաքրքրություններն այս փաստի հետ կապված, լավ հնարավորություն էին հենց հայկական կողմին հուզող հարցերը առաջ մղելու համար, ու այդ քննարկումներն առաջ մղելու փոխարեն՝ մենք շարունակաբար զբաղված ենք ադրբեջանական պահանջների հետ կապված քննարկումներով, մեր մասով բացառապես ոչինչ չի քննարկվում:
– Իսկ դա ինչո՞վ եք բացատրում:
– Հայկական կողմի ոչ կոմպետենտությամբ, բովանդակային օրակարգեր ձևավորելու անկարողությամբ, ՀՀ պետական շահին հետամուտ չլինելով ու միևնույն ժամանակ ադրբեջանական կողմի քաղաքական համառությամբ ու տարբեր, բավականին վտանգավոր օրակարգերը քայլ առ քայլ բովանդակային մաս դարձնելու ձգտմամբ: Այսինքն՝ երկու կողմն էլ լրիվ հակառակ տրամաբանության մեջ են գործում, դրա համար էլ մի կողմի թուլությունը, իսկ մյուսի համառությունն ու ագրեսիվ քաղաքականությունը բերում են նմանատիպ իրավիճակի:
– Ադրբեջանական մամուլում տարածված այդ բոլոր կետերին լուծում կտրվի՞ վաղը, թե՞ կլինեն կետեր, որոնք բաց կմնան:
– Այդ տեղեկությունները նաև միջազգաին մամուլում են շրջանառվում, մասնավորապես, Մինսկի խմբի լուծարման հետ կապված։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Փաշինյանն ասել է, որ ինքը խաղաղության պայմանագրի ստորագրման օրն է պատրաստ դիմում ներկայացնել Մինսկի խմբի լուծարման առումով:
Այսպես ասեմ՝ ադրբեջանական պահանջների ցանկացած իրագործում ևս մեկ քայլ է հեռացնելու խաղաղության պայմանագիր ստորագրելու որևէ հեռանկար: Այն իրավիճակում, երբ հասկանում ես, որ ամերիկյան կողմը քաղաքական փիարի, որոշ նպատակների համար պատրաստ է նման ակտիվություն ցուցաբերելու այս հարցի վերաբերյալ, գնալ բանակցությունների ու զբաղվել ադրբեջանական ցանկությունների իրականացմամբ՝ խոսում է քո պետական շահը բացարձակ չպաշտպանելու մասին:
– Կոնկրետ Մինսկի խմբի լուծարումն ի՞նչ հետևանք է ունենալու արցախյան հարցի վրա:
– Մինսկի խմբի դե յուրե առկայությունը խոսում է այն մասին, որ մենք գործ ենք ունեցել միջազգայնորեն ընկալված հակամարտության հետ, այսինքն՝ ԼՂ-ն ընկալվել է որպես հակամարտություն միջազգայնորեն՝ դրանից բխող տարբեր փուլերով, հետևանքներով և այլն: Հիմա, երբ դու դա վերացնում ես ու օգնում ես Ադրբեջանին ցույց տալ, որ միջազգայնորեն ճանաչված հակամարտությունը «լուծվում» է պատերազմով ու ագրեսիայով, դու նոր պանդորայի մեծ արկղ ես բացում նաև քո դեմ:
Եթե դու կարծում ես, որ Ադրբեջանի կողմից արված էթնիկ զտումը, պատերազմական մյուս հանցագործությունները օրինաչափ դարձնելով կարող ես զսպել Ադրբեջանի հետագա ագրեսիան, դա միամտություն է՝ առավելևս այն աշխարհակարգում, որը փաստացի փլվում է:
Չեմ էլ ասում ռազմագերիների մասին, այդ դեպքում ովքե՞ր են այդ մարդիկ, այսինքն՝ դա օգնում է Ադրբեջանին Հայաստանը ներկայացնել «ագրեսոր» պետություն, եթե չկա այդ հակամարտությունը, ապա ինչի՞ համար էր այդ ամբողջ պատմությունը, եթե դա այլևս միջազգայնորեն ընկալված չէ որպես հակամարտություն, ու դու օգնում ես Ադրբեջանին այդ փաստը վերջնականապես վերացնել, ապա գերակա է դառնում նրա խոսույթը՝ դու ագրեսոր ես դրանից բխող բոլոր քաղաքական ու իրավական հետևանքներով:
– «Զանգեզուրի միջանցքի» հարցով ի՞նչ զարգացում կլինի, չնայած արդեն կա տեղեկատվական արտահոսք, որ այն անվանվելու է Թրամփի ուղի:
– Դատելով միջազգային մամուլում հայտնվող տեղեկություններից՝ ակնհայտ է, որ քննարկվում է այդ թեման, ու այդ բոլոր խոսակցությունները՝ 100 տարով վարձակալության ու այլնի վերաբերյալ, բնավ պատահական չէին։ Ճիշտ է, իշխանական կողմը սկսեց հետո ժխտել այդ ամենը, բայց, ցավալիորեն, իրենք շատ հետևողական են իրենց անհետևողական քաղաքականության մեջ: Կոնկրետ անձի ձեռքում դնել Սյունիքով անցնող ճանապարհը, տվյալ դեպքում՝ Թրամփի, ու մտածել, որ դրանով երաշխիքներ ես բերում Հայաստանի համար, ուղղակի խայտառակություն է, ու սա իրենց ասած ինքնիշխանության հետ որևէ աղերս չունի:
– Ձեր գնահատմամբ՝ այս հանդիպումն ադրբեջանական կողմի համար ձեռնտո՞ւ է:
– Եթե մենք ունենայինք նորմալ բանակցող, ապա այս հանդիպումը Ադրբեջանի համար կդառնար շատ պրոբլեմատիկ: Հայ ռազմագերիների վերադարձի հարցը կարելի էր դարձնել այս հանդիպման առանցքային կետերից մեկը, որովհետև Վաշինգտոնում երկար ժամանակ տարբեր խմբեր շատ երկար աշխատել են դրա շուրջ՝ քրիստոնյա պատանդառուների ազատ արձակման շուրջ, կարելի էր այդ խնդիրը դնել սեղանին: Բայց դրա փոխարեն իշխանությունը լուռ է, ու ես վստահ եմ, որ ինչ էլ բանակցեն, ինչ քայլի էլ գնան, հետո դա գալու են ու ներկայացնեն բացառիկ հաղթանակ, ու այս խայտառակության մեջ մենք ապրում են արդեն տևական ժամանակ:
– Որպես սիմվոլիկ քայլ Ադրբեջանի կողմից՝ բացառո՞ւմ եք հայ ռազմագերիների ազատ արձակում այդ հանդիպումից հետո:
– Ես կարծում եմ, որ հայկական կողմն այդ հարցն առհասարակ չի դնելու սեղանին՝ ներքաղաքական ամբիցիաներից ելնելով: Հակառակ դեպքում դա կարելի էր անել, ու եթե Թրամփն ուղիղ միջնորդեր, Ալիևին առնվազն դժվար կլիներ դա մերժել:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















