«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը
– Պարո՛ն Բադալյան, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի պնդմամբ՝ «ԱՄՆ-ն ունեցել է ճանապարհի վարձակալման առաջարկ, որը չենք ընդունել. նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ»: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ վտանգ է դա եղել , կարո՞ղ ենք եզրակացնել, որ աշխարհաքաղաքական կենտրոնները հիմնականում հակված են միջանցքային տարբերակին:
– Ես իհարկե խիստ կասկածում եմ, որ ԱՄՆ-ն պատասխանատու ու պաշտոնական կերպով արել է այդ վարձակալության առաջարկը, ես կարծում եմ, որ դա ավելի շատ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմաս Բարաքի շուրթերով հնչեցված միտքն է, որը գուցե քննարկել են ինչ-որ դիվանագետների հետ, բայց դա առաջարկ համարել, մեղմ ասած, չափազանցություն է:
Պաշտոնական Երևանի ներկայացուցիչները դա պարզապես փորձում են ներկայացնել իբրև առաջարկ ու դրա դեմ դիրքորոշում ունենալով՝ ստանալ որոշակի քարոզչական էֆեկտ, ցույց տալու համար, թե իրենք պահում են ինքնիշխանության այդ կարմիր գծերը՝ ստեղծելով վաձակալությունը մերժելու էֆեկտը: Որոշակիորեն գուցե փորձ է արվում կոծկել նաև այդ արտապատվիրակման թեման, մինչդեռ այդ հարցում պետք են հստակ պատասխաններ, թե արդյոք Երևանը քննարկե՞լ է այդ արտապատվիրակումը, եթե քննարկում է՝ ի՞նչ պայմաններով և այլն:
Ընդհանուր առմամբ՝ կարծում եմ, որ այստեղ հարցն այն չէ, որ աշխարհաքաղաքական դերակատարները հակված են միջանցքի, նրանք իհարկե հավակնում են այդ ճանապարհների հանդեպ քաղաքական ազդեցության ու փորձելու են բոլոր հնարավոր տարբերակները կամ ռեժիմները դիտարկել, թե ինչպես կարելի է հասնել այդ քաղաքական ազդեցությանը: Այստեղ գլխավոր հարցն այն է, թե Հայաստանը՝ որպես այդ ամեն ինչի մասնակից սուբյեկտ, ինչպես է կարողանում ներկայացնել, փաստարկել ու պաշտպանել իր շահերը ու ըստ այդմ հասնել առավելագույն ընդունելի տարբերակի ու աշխատել այդ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ:
– Ձեր գնահատմամբ՝ դա որքանո՞վ է հաջողվում:
– Դե առնվազն քննարկումների մակարդակում, մենք տեսնում ենք, որ հայկական դիվանագիտությունը թույլ է տվել նշաձողերի իջեցում, այսինքն՝ եթե մենք գործ ունենք մի բովանդակության հետ, որտեղ քննարկվում է Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ հատուկ ինչ-որ ռեժիմի հնարավորություն կամ տարբերակ, դա ինքնին նշանակում է, որ նշաձողերը որոշակիորեն իջեցվել են, որովհետև ինչո՞ւ պետք է լինի այդ քննարկումը ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ, ինչո՞ւ այդ նույնը չկա Ադրբեջանի տարածքի հանդեպ:
Այս քննարկումներն ինքնին ցույց են տալիս, որ կա արդյունավետության խնդիր, ու հայկական դիվանագիտությունը թույլ է տվել որոշակի անարդյունավետություն, իհակե սա չի նշանակում, թե եղել են ինչ-որ համաձայնություններ, պայմանավորվածություններ և այլն, որովհետև, ինչպես նշեցի, հարցը միայն Հայաստանի համաձայնել-չհամաձայնելը չէ, բախվում են շահեր, հակազդեցություններ, ազդեցություններ և այլն, ու պայմանավորվածությունների հանգամանքը շատ բարդ է, բայց կրկնեմ, երբ դու թույլ ես տալիս նշաձողերի իջեցում, ու քննարկումները ծավալվում են այդ իջեցված նշաձողերի պայմաններում, որևէ կերպ երաշխավորված չէ, որ հետագայում այդ ամեն ինչն էլ ավելի անբարենպաստ տրամաբանությամբ չի սկսի աշխատել Հայաստանի շահերի դեմ:
– Պարո՛ն Բադալյան, հաշվի առնելով այս ողջ քննարկումները՝ մենք գործ ունեք հաղորդուղիների ապաշրջափակմա՞ն հետ, թե՞ հիմնականը միջանցքի խնդիրն է:
– Եթե դատում ենք առկա խոսույթի մակարդակում, տեսնում ենք, որ խոսքը Հայաստանով անցնող ճանապարհի վերաբերյալ ինչ-որ ռեժիմներ քննարկելու մասին է: Մենք դրա վերնագիրը դնում ենք ապաշրջափակման օրակարգ, բայց խոսակցությունները կենտրոնացած են Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի հենց այդ՝ Սյունիքով անցնող հատվածի շուրջ, իսկ դա չի ստեղծում տպավորություն, որ քննարկվողն իսկապես ապաշրջափակում է, այն էլ՝ տարածաշրջանային բոլոր հաղորդուղիների:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















