Երեխաները չեն կարող տուժել, թիրախավորվել և վտանգի ենթարկվել ծնողների գործունեության հետևանքով. Իրավապաշտպանը՝ Աշոտ Փաշինյանի հետ տեղի ունեցածի մասին

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը գրում է.


«Քիչ առաջ մամուլից տեղեկացա Աշոտ Փաշինյանի հետ տեղի ունեցած բացարձակ անընդունելի միջադեպի մասին։
Շատ վատ, սարսափելի նախադեպ է։
Որևէ կերպ երեխաները չեն կարող տուժել, թիրախավորվել և վտանգի ենթարկվել ծնողների գործունեության հետևանքով։ Անկախ նրանից, թե ինչպես եք վերաբերվում ծնողի գործունեությանը, երեխաները դրա համար պատասխանատու չեն։ Ես անընդունելի եմ համարում այս ամենը, սա շատ վատ, անչափ վտանգավոր նախադեպ է։


Հիմա ում որևէ մեկի գործունեությունը դուր չգա երեխայի՞ց պետք է հանեն։
Ինձ համար նույնիսկ անընդունելի է եղել Նիկոլ Փաշինյանի գրեթե երկու տարի առաջ հնչեցրած հայտարարությունը` որդուն Ադրբեջանում գտնվող գերիներով փոխանակելու պատրաստակամության վերաբերյալ։
Երեխաները ոչ ծնողների սեփականությունն են, որ փոխանակեն, ոչ էլ պատասխանատու են ծնողների արածի կամ չարածի համար։ Իրենք առանձին մարդիկ են ու որոշումներ են կայացնում իրենց կյանքի մասին և պատասխանատու են միմիայն իրենց արարքների համար, հատկապես չափահաս ու հասուն տարիքում։
Որևէ կերպ չի կարելի արդարացնել և նորմալիզացնել այս երևույթը»։