«Պայքարն այսօր է, որ մենք տգիտությանն ու միջնադարյան խավարամտությանը իրական, շատ իրական կյանքեր ենք կորցնում». Քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը

– Պարո՛ն Մարտիրոսյան. օրերս անդրադարձել էիք անհայտ ծագման ռուսալեզու կայքերին և դրանցով տարածվող ապատեղեկատվությանը։ Ինչո՞ւ են շրջանառվում կեղծ լուրերը, որտե՞ղ է աղբյուրը, նպատակը, թիրախը։

– Կեղծ լուրերի, այսպես կոչված՝ ֆեյք նյուզի ստեղծման և տարածման հարցում մի շարք շահագրգիռ կողմեր կան: Առաջինը պետություններն են: Երկրորդը՝ անհատ անձինք: Երրորդը՝ քաղաքական կամ տնտեսական շահերի շուրջ ստեղծված կամ առաջացած ստվերային խմբավորումները: Եվ ամենահետաքրքիրն այստեղ այն է, որ իսկական դավադրությունը այս նշված բոլոր կողմերն են կազմակերպում՝ իրենց դավադրությունների տեսությունները հորինելով և դրանք շատ ակտիվ տարածելով:

Առաջին խումբը՝ մի քանի պետություններ են, որոնք այս համաճարակն օգտագործում են որպես ագիտացիոն, լրատվական զենք միմյանց դեմ: 

Դրանք հիմնականում երեքն են՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Չինաստանը: ԱՄՆ-ը, ավելի շուտ ոչ թե պետությունը, այլ՝ պետության ղեկավարը՝ նախագահ Թրամփը, հորինեց «տեղեկատվություն», թե իբր վիրուսը չինացիներն են ստեղծել: 

Դա հստակ տնտեսական-քաղաքական կեղծ լուր էր: Չինացիները, իրենց հերթին, ավելի շուտ՝ չինացի մի բարձրաստիճան պաշտոնյա, պատասխանեց, որ վիրուսն ամերիկացի զինվորներն են բերել Չինաստան և այլն: Հետո դա մարեց: 

Բայց մասնագետներից շատերն այսօր պնդում են, որ ապատեղեկատվության մեջ ամենաուժեղ ներգրավված տեղեկատվական պատերազմ վարող կողմերից մեկը Ռուսաստանն է, որը նախ՝ չունենալով ռեսուրսներ պայքարելու այս վարակի դեմ՝ մոտավորապես հայկական մոդելով է գնում և հենց սկզբից փորձել է նսեմացնել սրա վտանգավորությունը կեղծ տեղեկատվության ահռելի հոսքերով, և ապա՝ որ Ռուսաստանը վիրուսի առկայությունը օգտագործում է Արևմուտքի դեմ՝ այս վտանգավոր վարակի պատասխանատվությունը դնելով Արևմուտքի վրա: 

Ու այստեղ հրապարակ են գալիս այն կիսագրագետ, կեղծ բժիշկները, որոնք Ռուսաստանում ակադեմիկոսների կոչումներ ունեն, նրանց հռչակավոր մասնագետները, ինչպիսիք են՝ Ելենա Մալիշևան, գլխավոր համաճարակաբան Եվգենի Անիշչենկոն, հարգված բժիշկ Լեոնիդ Ռոծալը և այլք, որոնք սկսում են անհեթեթ և ամոթալի հիմարություններ դուրս տալ ու ստեղծել արժանահավատության լուրջ ֆոն: 

Հայտնի է, որ դեռևս ԽՍՀՄ տարիներին՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վարակի բռնկման հետ կապված, ԽՍՀՄ ՊԱԿ-ը սկսեց օպերացիա՝ «Օպերացիա ինֆեկցիոն» անվամբ, որով ստեղծվեց միֆ՝ իբրև թե ՄԻԱՎ-ը ստեղծել են ամերիկացիները՝ ռազմական լաբորատորիայում: Հիմա դրա մասին շատ քչերն են հիշում, բայց ժամանակին այդ ֆեյք լուրը, որի տարածման վրա խորհրդային պետանվտանգությունը տարիներ շարունակ ահռելի միջոցներ ծախսեց, լուրջ վնասներ հասցրեց: 

Այնպես որ, մասնագետները կասկածներ ունեն, որ այս արշավում մեծ հավանականությամբ խառն է և Ռուսաստանի մատը: Եվ նկատենք, որ թե՛ ռուսները և թե՛ ռուսական հատուկ ծառայություններն անչափ զարգացած տեխնոլոգիաներ են տարածում և իրենց հետախուզական ու հակահետախուզական պլանավորմամբ շատ հաճախ գերազանցում են աշխարհում բոլորին: 

Եվ մյուս խումբը, թերևս, առանձին շահերի շուրջ համախմբված խմբավորումներ են, որոնք, ինչպես, օրինակ՝ Աֆրիկայում է, օգտագործում են համաճարակի հանգամանքը՝ իրենց «ստեղծած դեղամիջոցները» սպառելու համար և այլն: 

Ինչ վերաբերում է անհատներին, ապա ԱՄՆ-ում և այլուր կան այս ֆեյքության վրա հիմնված տեղեկատվական պատերազմի դրոշակակիր անհատներ, որոնք գեներացնում են դավադրության տեսություններն ու դրանք նետում համաշխարհային տեղեկատվական շուկա, որտեղից այլ պետությունները, տգետ և խավարամիտ քաղաքացիների ամբոխները և վերոնշյալ խմբերը սկսում են դրանք տարածել: 

Այդպիսի դավադրապաշտներից ամենահայտնիներն են՝ Ջուդի Միկովիցը, Բաշար Բաթթարը, Շիվա Այյադուրայը և Դեյվիդ Իքեն: Բացի վերջինից, բոլորը դոկտոր են կամ բժիշկ, բայց՝ իրենց ոլորտներում կեղծարարի և ստահակի անուն հանած և հիմա տասնհինգ րոպեանոց փառք են փնտրում՝ պղտորելով աշխարհի տգետ և դյուրահավատ զանգվածների հոգիները: 

Այդ մարդիկ սպառված են իրենց բնագավառներում, անարգված և ծաղրված և հիմա այդպես են գտնում նոր փառք և կարճաժամկետ լսարան: Ինչ վերաբերում է Դեյվիդ Իքեին, ապա դա հոգեպես անառողջ մարդ է, որ առաջին հայացքից տրամաբանական բաներ է խոսում մի պահ ու ահռելի լսարան է ձեռք բերել: Ավելորդ է ասել, որ բոլոր այս դավադրապաշտներին այլևս հեռացնում են բոլոր սոցիալական հարթակներից՝ հասարակությունների համար վտանգավոր կեղծիքներ գեներացնելու և տարածելու համար:

– Ընդհանրապես դրանք կարգավորելու ինչպիսի՞ մեխանիզմներ պետք է ներդրվեն։

– Հայաստանը մինչև հիմա այս առումով ոչինչ չի արել: Իսկ անելն այնքան հեշտ էր: Սուտ է, թե արտասահմանից ստացվող առկա պաշտոնական տեղեկությունները հակասական են, իրարամերժ և այլն: Ո՛չ, դա այդպես չէ: Իրականում վիրուսն ու դրան փոխկապակցված բազում հանգամանքներ ուղղակի անծանոթ են, որովհետև նոր է ամեն բան, բայց հստակ և կայուն տեղեկատվություն է ստացվում Արևմուտքից, որտեղ ամեն օր լուրջ կենտրոններն ու ուսումնասիրողները նոր բացահայտումներ են անում, նոր նորություններ իմանում: 

Այն ամենը, ինչ պետք է Հայաստանն աներ ու մինչ օրս չի արել, ուղղակի խորությամբ այդ ամենն ուսումնասիրելն էր, պաշտոնական կայք ստեղծելը, որտեղ կագրեգացնեին և կներկայացնեին բոլոր հեղինակավոր աղբյուրներից ստացվող տեղեկություններն ու հոդվածները, տեսանյութերն ու համաշխարհային ալիքներով խոսող գիտնականների ելույթներն ու հարցազրույցները և դա կտարածեին նաև հեռուստատեսությամբ: 

Անիվ հնարելու ոչ մի կարիք չկար: Ինչպես ֆրանսիական, իռլանդական և իսլանդական հասարակություններն են հանգիստ, ճիշտ տեղեկատվական հոսքի մեջ, այնպես էլ կարող էր և Հայաստանը լինել: 

Բայց, ո՛չ, Հայաստանի վարչապետը տգիտության մեջ մեղադրում է սեփական ժողովրդին: Իսկ իրեն ընտրել է այդ նույն ժողովուրդը: Եվ ընտրել է, որպեսզի առաջնորդի իրեն, անհրաժեշտության պարագայում՝ լուսավորի իրեն և կրթի: 

Բայց մի մարդ, որ ինքը նորմալ կրթություն չունի, մարդ, որն ինքն այդպես էլ չհասկացավ այս հիվանդության դինամիկան և իր արձանագրված անգիտությունները ամիսներ շարունակ սփռում էր ժողովրդին, չէր կարող տեղեկատվական առումով կրթական դեր ստանձնել: 

Մյուս հանգամանքն այն է, որ տնտեսական գործոնը մեծ դեր խաղաց: Երևանում ծայրահեղ տգիտությամբ ու հանցավորատիպ մոտեցմամբ որոշեցին, որ տնտեսական շարժն առավել կարևոր է, քան մարդկանց կյանքերն ու առողջությունը: Ու նաև որոշեցին, և այդ մասին վարչապետը բացահայտորեն ասաց, որ չի ցանկանում հիմա սկսել ծախսել պետական բյուջեն՝ համընդհանուր աջակցության ծախսեր անելու համար: 

Եվ եղավ այն, ինչ եղավ: Եվ իհարկե, վերադառնալով նախորդ հարցին՝ կառավարությունը պարտավոր էր նաև ակտիվ, շատ ակտիվ հակաֆեյքային տեղեկատվական արշավ վարել. հերքել բոլոր այն տխմարաբանությունները, որ տարածվում էին երկրում, և որոնք արմատացած են այլևս: Եվ չարեց այս առումով ոչինչ այս կառավարությունը: Ու հիմա ժողովրդին է մեղադրում: 

Պարո՛ն Մարտիրոսյան, որքանո՞վ այդ կայքերն ունեն ազդեցության դաշտ։ Ընդհանրապես հանրությունը կարողանո՞ւմ է տարբերակել կեղծ ու իրական տեղեկատվությունը։

– Ամերիկյան հանրության գերակշիռ մասը, չնայած կրթական ոչ շատ բարձր մակարդակին՝ հեշտորեն տարբերակում է աղբը՝ վստահելի տեղեկատվությունից: ԱՄՆ-ում ուղղակի այդ աղբը պոպուլյար է առանձնահատուկ խավերի մոտ և հատկապես՝ Միջինարևմտյան Ամերիկայում, բայց դա այլ թեմա է: Եվրոպայում, որտեղ բարձր կրթական ցենզ կա սովորաբար, ընդհանրապես աղբը ցածր կրթական ցենզ ունեցողների և, հատկապես, ներգաղթյալների շրջանում է տարածված, ու այնտեղ էլ լուրջ լսարան չունի: 

Փոխարենը՝ Հայաստանն ամբողջությամբ վարակված է դրանով: Հայաստանյան հասարակությունն ուղղակի չունի որևէ, բառացիորեն որևէ իմունիտետ տեղեկատվական աղբի հանդեպ: Իսկ այդ աղբը նման է ֆասթ ֆուդի. անչափ համեղ է, համոզիչ և գրավիչ տեսք ունի, էժան է և սպանում է շատ արագ: 

Ու այդպես մենք այդ ֆասթ ֆուդը կլանում ենք անասելի արագությամբ և հիմա, ինչպես տեսնում ենք, նաև վարակվում ենք կորոնավիրուսով՝ նույն անասելի արագությամբ: Եվ ո՛չ Բիլլ Գեյթսը, Ջորջ Սորոսը, Ռոթշիլդները կամ երևակայական Համաշխարհային կառավարությունը, չինական լաբորատորիան կամ ինչ-ինչ ուժեր ոչ մի կապ չունեն դրա հետ: 

Փոխարենը՝ մեր անտեր ու անփարոս մնացած հասարակությունը զոհ է դարձել: Զոհ՝ ամեն տեսակի տխմար տեսությունների և անհոգ, անպատասխանատու իշխանության, ու դրա արդյունքում նաև այդպիսին դարձած հասարակության:

– Կորոնավիրուսի այս օրերին որքանո՞վ են կայքերը տրվում մանիպուլյացիաների։ Կա տեսակետ, որ մարդկանց պետք է իրազեկել կեղծ տեղեկատվության դեպքում: Մասնավորապես, վերջին շրջանում հնչում են պնդումներ, թե 5G չիպավորում են անում, կորոնավիրուսը բլեֆ է և այլն: Այս առումով արդյոք մեծ չէ՞ մեդիայի դերը, և եթե լրատվամիջոցի դերը մանիպուլյացիա անելն ու քաոս ստեղծելը չէ, ինչո՞ւ են տրվում նման տեղեկատվական հոսքին:

– Իհարկե մեծ է: Մամուլը Հայաստանում ողբերգական վիճակում է: Ահռելի թիվ են կազմում տեղեկատվական կեղծիք և աղբ տարածող ռեսուրսները, որոնք միայն ու միայն տեղեկատվական ֆասթ-ֆուդով են հետաքրքրված: 

Եվ ողբերգությունը Հայաստանում այն է, որ լրատվամիջոցների մեծ մասը ոչ թե մտածում է որակյալ տեղեկատվություն տրամադրելու, այլ կարդացվելու, էժանագույն վարկանիշ ապահովելու, քլիքեր և լայքեր ստանալու և ՅուԹյուբում հարյուր հազարավոր դիտումների արդյունքում մի քանի դոլար վաստակելու մասին:

Եվ այդպես հրավիրվում են խոսելու կամ լսարանի առջև են կանգնում տգիտագույն ավանակություններ խոսող ինչ-որ «գիտակներ», թարգմանվում են ցածրագույն որակի նյութեր, քննարկվում են դիմակների նպատակահարմարությունն ու թթվածնային քաղցի և սեփական բակտերիաներից հիվանդանալու մասին սարսափելի տգետ տեսություններ և այլն: 

Փոխարենը այդ բոլոր հարցերն ուղղակի բացակա են զարգացած Արևմուտքի և զարգացած Հեռավոր Արևելքի՝ Ասիայի հանրային հարթակներից և շրջանառվում են միայն իրենց բացահայտիչ-իմաստուններ երևակայողների էջերում միայն: Օրինակ՝ ԱՄՆ-ում արդեն Թի-Մոբայլ խոշորագույն ընկերությունն գովազդում է իրեն և հաճախորդներ գրավում՝ հայտարարելով, որ արդեն տեղադրել է երկրում բազում 5G աշտարակներ: Ու ամերիկացիները դրանք չեն այրում, ոչ ոք չի մտածում, որ դրանից մեռնելու է, ոչ ոք նման տխմարաբանությունների չի տրվում: Եվ արդեն անդրադարձա դրան: 

Այո՛, ճշմարիտ տեղեկատվության տրամադրման պատասխանատուն միայն ու միայն իշխանությունն է, մինչդեռ այն բացակա է, իսկ այդ բեռը մենք՝ մի քանի առանձին անձինք ենք ստանձնել: 

Ես թերևս առաջինն էի հայկական իրականությունում, որ սկսեցի պայքարել դավադրապաշտությունների դեմ և արժանացա անթիվ-անհամար հայհոյանքների, «հիասթափությունների» և այլն: Բայց դա ինձ չի կանգնեցրել: 

Որովհետև ես տեսնում եմ, որ սա գործ է, որ պետք է արվի, որ մարդիկ, մնալով անտեղյակության մեջ, զոհ են գնում վտանգավոր տեսությունների, որոնց հավատալով՝ երկրում ստեղծվում է այն իրավիճակը, որ ստեղծվել է: Սա իրականում ողբերգություն է: 

Հինգ-տասը տարի անց բոլոր այս հիմար, վտանգավոր ու արդեն սպանող տեսությունները ծիծաղ են հարուցելու հասարակության մոտ, բայց պայքարն այսօր է, այսօր է, որ մենք տգիտությանն ու միջնադարյան խավարամտությանը իրական, շատ իրական կյանքեր ենք կորցնում: 

Սրա պատասխանատուն իշխանությունն է: Միայն իշխանությունը: Հասարակության պատասխանատվությունը շատ քիչ է այս հարցում, որքան էլ վարչապետը սեփական ժողովրդին մեղադրի: 

Ժողովուրդն այս ալեկոծ ծովում մենակ է մնացել, աննավապետ նավի վրա, և ով կարող է, ինչպես կարող է, որ ուղղությամբ կարող է՝ շարժում է թիակներն ու ալիքների վրա՝ հողմերին հակառակ առագաստներ պարզում: Եվ նավը սկսում է խորտակվել: Ուղևորները չեն կարող և չպետք է նավ վարեն: 

Հուսով եմ, որ կգա մի օր, երբ այսօրվա անչափահասների ռեժիմացող խմբակը պատասխան կտա այլև անխուսափելի՝ ընդամենը մեկ-երկու օրվա հարց դարձած առողջապահության համակարգի փլուզման և վարակի աննախադեպ տարածման ու դրա հետևանքով՝ Հայաստանի համար ահռելի թվով մահերի համար: Այդ օրը պետք է գա, և եթե չգա՝ ուրեմն մենք արժանի էինք սրան, ուրեմն մենք այդպես էլ ոչնչից երբեք դասեր չենք կարողանալու քաղել:

Մանե Հարությունյան

MediaLab.am