«Հասկացանք, որ Կարեն Կարապետյանը ձեռնոց չի նետելու օլիգարխներին, որոնք յուրացրել, նույնիսկ բռնազավթել են քաղաքական և ժողովրդի իշխանությունը»․ Վերլուծաբաններ

«Հասկացանք, որ Կարեն Կարապետյանը ձեռնոց չի նետելու օլիգարխներին, որոնք յուրացրել, նույնիսկ  բռնազավթել են քաղաքական և ժողովրդի իշխանությունը»․ Վերլուծաբաններ
«Հասկացանք, որ Կարեն Կարապետյանը ձեռնոց չի նետելու օլիգարխներին, որոնք յուրացրել, նույնիսկ բռնազավթել են քաղաքական և ժողովրդի իշխանությունը»․ Վերլուծաբաններ

Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ հունվարի 13-ի ասուլիսից այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ Հայաստանի տնտեսությունում իրավիճակն ինչպես եղել է, այնպես էլ կմնա: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

«Մենք հասկացանք, որ Կարեն Կարապետյանն ուղղակի ձեռնոց չի նետելու օլիգարխներին, որոնք յուրացրել են, ես նույնիսկ կասեի՝ բռնազավթել են քաղաքական և ժողովրդի իշխանությունը»,- «Մեդիալաբին» ասում է Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ լրագրողների հետ հանդիպմանը վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ նախկինում հարստացած պաշտոնյաներին պատժելը ճիշտ չէ, և որ ինքն իրեն ապահով է զգում օլիգարխների հետ: Մենաշնորհների դեմ պայքարի վերաբերյալ հարցերից էլ Կարեն Կարապետյանը նյարդայնացավ: Առանցքային շատ հարցերի շուրջ էլ խուսափեց հստակությունից։

«Իմ խնդիրը ոչ թե մարդ բռնելն է, այլ այդ ֆինանսական հոսքերը պետք է արդյունավետ կառավարվեն: Շատ դեպքերում դուք հարցնում եք՝ ո՞ւմ եք նստացնելու, ո՞ւմ եմ կախելու, սա՞ է ձեր նպատակը»,- մեղավոր պաշտոնյաներին պատժելու վերաբերյալ հարցերին նման պատասխան տվեց վարչապետը:

Ստյոպա Սաֆարյանը նշում է, որ վարչապետը պետք է լիներ ժողովրդի իշխանության կողքին, ոչ թե սակավաթիվ մարդկանց, որոնց պատկանում է երկրի հարստության մեծ մասը:

«Չասեմ՝ հակասահմանադրական վիճակ է, բայց եթե ինքը լավ է զգում այդ միջավայրում, զարմանալի է: Կարծես թե երկրի վարչապետը պետք է լավ զգար ժողովրդի իշխանության դաշտում: Սա պատահական հարց չէ, սա նշանակում է, որ խաղի կանոնները չեն փոխվելու, որ իրենց վատ չեն զգում այն մարդկանց հետ, որոնց օգտին են խաղի կանոնները: Իսկ այդպիսի մարդկանց հետ վատ չզգալ նշանակում է այդ խաղի կանոններին կպնելուց հրաժարվել: Հետևաբար, սա նշանակում է, որ ոչինչ չի փոխվելու, այսինքն՝ բացարձակ անիմաստ է Կարեն Կարապետյանից խոշոր փոփոխություններ ակնկալել»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Նա նկատում է, որ վարչապետի խոսքերից նաև պարզ դարձավ, որ երկրի տնտեսությունում հավասար մրցակցության վերականագնում չի լինելու: Սա լուրջ մեսիջ է, իսկ թե ինչ դասախոսություներ կկարդան կառավարության անդամները հավասար մրցակցության մասին, դա արդեն դառնում է երկրորդական հարց:

Ըստ վերլուծաբանի՝ չնայած բոլոր կառավարությունների ղեկավարներն են բարեփոխումների մասին խոստումներ տալիս, բայց Կարեն Կարապետյանի պարագայում նրան հավատացողները բանակն ավելի մեծ էր: Բայց հիասթափությունն էլ մեծ է լինելու, որովհետև ակնհայտորեն վատ վիճակ է տնտեսությունում՝ նախորդ տարին փակվեց գրեթե զրոյական վիճակով, այս տարի առանձնապես լուրջ հույսեր չկան: «Այնպես որ, Կարեն Կարապետյանն ուղղակի հստակ ասել է՝ ինչպես եղել է, այնպես էլ մնալու է»,- հավելեց նա:
Միաժամանակ Ստյոպա Սաֆարյանը նկատում է, որ Կարեն Կարապետյանի
 
հարցում քաղաքական առումով էլ հստակցություն չկա՝ նա տեղյակ չէ՝ 2018-ից շարունակելու է լինել վարչապետ, թե ոչ:

«Ակնհայտ է, որ անգամ ինքը գիտի, որ շատ անորոշ է իր քաղաքական ապագան»,- ասում է Սաֆարյանը:

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը  նույնպես վարչապետի ասուլիսից տպավորություն է ստացել, որ նրա մասով՝ որպես քաղաքական գործիչ, դեռևս հստակություն չկա:

«Ես տպավորություն ստացա, որ 100 օրը լրացել էր, և վարչապետը պետք է ասուլիս տար, ինչ-որ ձևով ամփոփեր: Չեր կարող ասուլիս չտալ և տվեց, բայց որ ասենք, թե ինչ-որ հստակ մեսիջներ կային, որոնք եղածի վրա ինչ-որ նոր բան ավելացրեցին, այդպես չէ»,- «Մեդիալաբին» ասում է Մեհրաբյանը:

Այն, որ Կարեն Կարապետյանը հայտարարում է, թե օլիգարխների հետ իրեն ապահով է զգում, վերլուծաբանի խոսքով, անհարիր է քաղաքական պաշտոն զբաղեցնող մարդուն: Նման պաշտոնյան ընդհանրապես, ըստ Մեհրաբյանի, չպետք է դրական խոսի օլիգարխիայի մասին, քանի որ օլիգարխիան հենց կոռուպցիայի արդյունք է:

«Կոռուպցիան դա պրոդուկտ է քաղաքականության և բիզնեսի սերտաճման: Եվ ասել, որ այդ պրոդուկտների հետ նա իրեն շատ հուսալի է զգում, զարմանալի է: Կարծում եմ, այնուամենայնիվ, դա լեզվի սայթաքում էր: Տպավորություն ունեմ, որ վարչապետը մինչև վերջ տերմինենրի մեջ չի խորացել, որովհետև վրիպումն ակնհայտ է»,- «Մեդիալաբին» ասում է Մեհրաբյանը:

էմմա Մանուկյան

MediaLab.am