Վրաստանում հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարվել

Բաթումի քաղաքում մարդկային զոհեր պատճառած ողբերգական դեպքի առնչությամբ Վրաստանի կառավարությունը հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարել, հայտնում է Ալիք Մեդիան:

«Խորապես ցավում եմ Բաթումիում տեղի ունեցած ողբերգության համար, ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: Նրանց հետ սգում է ողջ Վրաստանը: Իմ որոշմամբ, ի հիշատակ զոհվածների, երկուշաբթի՝ հոկտեմբերի 11-ը, սգո օր կհայտարարվի»,- հղած ցավակցական հեռագրում ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Կառավարության ղեկավարը նշել է, որ պետությունը օգնություն կցուցաբերի տուժած ընտանիքներին, իսկ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։ ՆԳՆ-ն արդեն  ձերբակալել է երեք մարդու, հետաքննությունը շարունակվում է։ 

Բաթումիի Մայիսի 26 փողոցում բազմահարկ շենքի մասնակի փլուզման հետևանքով առնվազն 6 մարդ է մահացել, հիվանդանոցում մեկ տղամարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Դեռևս հայտնի չէ, թե քանի մարդ է մնացել փլատակների տակ,  որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Վրացի գործընկերոջը ցավակցական նամակ է հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը։