Հեռակա քրեական վարույթ՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ

Քննչական մարմիններն ձեռնարկում են ակնհայտորեն քաղաքական նպատակներ հետապնդող քայլեր. Վիգեն Սարգսյան

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 24-ին հանրային նոր քրեական հետապնդում է հարուցել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վ.Ս.-ի (Վիգեն Սարգսյան) նկատմամբ այն բանի համար, որ նա նախարարության հաշվեկշռում գտնվող՝ Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում 2018 թվականի հունվարին դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գտնվող գործողություններ: Արդյունքում՝ էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

«Մասնավորապես՝ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում ընդգրկված շենքից բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով 71 բնակարան հատկացնելու նպատակով 2018 թվականի հունվարի 18-ին հրավիրված նիստին ընդառաջ, անտեսելով Կառավարության որոշմամբ հաստատված կարգի պահանջները, Նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամներին Վ.Ս.-ն հանձնարարել է առաջիկա նիստում բնակարաններ հատկացնել բնակարանային հաշվառման մեջ չգտնվող կամ ցուցակներում ավելի ուշ ընդգրկված՝ իր կողմից նախընտրած 26 զինծառայողների, ինչպես նաև նախարարության համակարգի՝ զինծառայող չհանդիսացող երեք անձանց:

Հանձնարարությունը հիմք ընդունելով՝ հանձնաժողովը կայացրել է ապօրինի որոշում. արդյունքում՝ նշված շենքից անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ են հատկացվել Երևան քաղաքում բնակարանային ապահովման կարիք ունեցող զինծառայողների հաշվառման ցուցակներում ավելի ուշ ընդգրկված ու բնակարանային հաշվառման մեջ չգտնվող զինծառայողների և Պաշտպանության նախարարության համակարգի՝ զինծառայող չհանդիսացող անձանց:

2023 թվականի հոկտեմբերի 25-ին որոշում է կայացվել մեղադրյալ Վ.Ս.-ի նկատմամբ իրականացնել հեռակա վարույթ: Նույն օրը հեռակա վարույթով մեղադրանքը ներկայացվել է Վ.Ս.-ի պաշտպանին:

Հիշեցնենք, որ նախաքննության ընթացքում մեղադրյալ Վ.Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ: