Իդեալիստը, Արամ Աբրահամյան

Լրագրողները կատակում են՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսներն ավելի կարճ են տեւում, քան դրանցից առաջ եւ հետո ասուլիսը լուսաբանող լրագրողների եւ օպերատորների հետ ձեռքով բարեւելը:

Իսկապես՝ հայաստանյան հոգեբանության տեսանկյունից «Ժառանգության» առաջնորդի վարքը անսովոր, գուցե նաեւ ցուցադրական է թվում: Նրա ելույթներում հնչում են դարձվածքներ, որոնց մի մասը մեր ականջին հնչում են որպես չափից դուրս ճոխ, երկարաշունչ, արհեստական բառերով հագեցած եւ ռոմանտիկ: Բայց ամբողջ հարցն այն է, որ Րաֆֆին անկեղծ է՝ նա իսկապես հենց այդպես է ընկալում աշխարհը, այդպես է տեսնում իր առաքելությունը եւ մեր ազգի դերը: Ճիշտ, սխալ՝ կարելի է վիճել: Բայց համընդհանուր ցինիզմի եւ «սուպերպրագմատիզմի» ֆոնի վրա գուցե հենց այս գործչի իդեալիզմն է որոշակի ջերմ երանգ մտցնում մեր քաղաքական ներկապնակում: Խորհրդարանական ընտրություններից առաջ նա փորձեց իր շուրջը «համախմբել» «Ժառանգությունից» դուրս գտնվող որոշ ուժերի: Չափազանց անիմաստ «համախմբում» էր: Բայց ձգտումն ազնիվ էր՝ դուրս գալ սեփական կուսակցության նեղ շրջանակներից եւ ստեղծել որոշակի իդեալներին հավատացող մարդկանց «լայն կոալիցիա»: 20 տարի Հայաստանում ապրելով՝ նա պետք է որ հասկանար, որ «իդեալներին հավատացողները» իր սեփական կուսակցությունում են քիչ, էլ ո՞ւր մնաց՝ փնտրել նրանց «դրսում»: Առավել եւս՝ նա պետք է հասկանար, որ մեզ մոտ իրար «քցելը» սովորական եւ նույնիսկ խրախուսելի երեւույթ է: Կարդալ ավելին