Լուվրի կողոպուտը կարող էր կազմակերպվել ներսից․ անվտանգության աշխատակիցը կապ է ունեցել գողերի հետ

Ֆրանսիայում շարունակվում է Լուվրի թանգարանի պատմության ամենախոշոր կողոպուտի հետաքննությունը․ քննիչները վստահ են, որ հանցագործությունը նախապես կազմակերպվել է թանգարանի ներսից։ Հետաքննության տվյալներով՝ թանգարանի անվտանգության աշխատակիցներից մեկը կապի մեջ է եղել գողերի հետ և նրանց փոխանցել է գաղտնի տեղեկություն անվտանգության համակարգի մասին։

Գողերն աշխատել են հոլիվուդյան սցենարի նման․ նրանք ներկայացել են որպես սպասարկող անձնակազմ, թանգարան են մտել բեռնատարով և վերամբարձով՝ ընդամենը մի քանի րոպեում գողանալով Ֆրանսիայի թագավորական գանձարանից ութ ցուցանմուշ, որոնք գնահատվում են մոտ 76 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Թանգարանի տնօրենը հաստատել է, որ գողերը մուտք են գործել այն հատվածից, որտեղ տեսախցիկ չի գործել։ Մինչ այժմ որևէ ձերբակալություն չկա, սակայն հարյուրավոր ԴՆԹ-ի հետքեր ու տեսագրություններ են ուսումնասիրվում։

Գողացված զարդերի մի մասը, ըստ հետաքննության, կարող է արդեն քանդված կամ հալված լինել։ Լուվրը նախազգուշական քայլով իր ամենաթանկարժեք գոհարները տեղափոխել է Ֆրանսիայի Բանկի ստորգետնյա պահոց։