«Շանթ Դաշինքը» կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. ցուցակը կգլխավորի Շանթ Հարությունյանը

«Շանթ Դաշինք» կուսակցության հիմնադիր նախագահ՝ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դաշինքը մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին:

«Հարգելի՛ հայրենակիցներ, համախոհներ, սիրով ողջունում եմ Ձեզ «Շանթ Դաշինք» կուսակցության պաշտոնական էջում: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2021 թ. ապրիլի 27-ին տեղի է ունեցել «Շանթ Դաշինք» կուսակցության հիմնադիր համագումարը: «Շանթ Դաշինք» կուսակցության հիմնադիր համագումարի ընթացքում պատիվ ունեցա ստանալ մասնակիցների բարձր վստահությունը և միաձայն ընտրվել «Շանթ Դաշինք» կուսակցության նախագահ. հարկ եմ համարում նշել, որ նման վստահությունը և՛ ոգևորիչ է, և՛ միևնույն ժամանակ պարտավորեցնող:

Շնորհակալություն եմ հայտնում մեր համախոհներին, ընկերներին, կուսակիցներին՝ հայրենիքի հանդեպ որդեգրած պատասխանատու կեցվածքի համար, և որևէ կերպ, հանուն Հայաստանի անկախության և արժանապատիվ ապագայի կերտման ճանապարհին պայքարը շարունակելու վճռականության համար:

Պետք է ընդգծել նաև, որ պատահական չէր հիմնադիր համագումարի անցկացման օրվա ընտրությունը: Ուղիղ 100 տարի առաջ՝ 1921թ. ապրիլի 27-ին, Գարեգին Նժդեհը դեմ դուրս գալով թուրք-բոլշևիկյան բանակներին՝ համազանգեզուրյան 2-րդ համագումարում հռչակում է ազատ և անկախ Լեռնահայաստանը, որի արդյունքում Սյունիքն այսօր պատկանում է Հայաստանի Հանրապետությանը: Այս հաղթական օրվա խորհրդով մենք շարունակում ենք մեր պայքարը՝ հենվելով Գարեգին Նժդեհի ժառանգած հաղթանակին և գաղափարախոսությանը, քանի որ, ինչպես 100 տարի առաջ էր Հայաստանը գտնվում թուրք-ռուսական ագրեսիայի ներքո, այդպես էլ հիմա է՝ 100 տարի անց:

Մենք անկախության և ազատության գաղափարներով ապրող, կուսակցական և անկուսակցական մարդկանցով, համախմբվել ենք «Շանթ Դաշինք» կուսակցության շուրջ:

Կարևոր է ընդգծել, որ քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը լրջորեն առկախված է արտաքին վտանգներից, մենք չենք պատրաստվում զբաղվել ակտիվ ներքաղաքական-կուսակցական գործունեությամբ: Այժմ «Շանթ Դաշինք» կուսակցությունը գտնվում է գրանցման փուլում:

Կուսակցությունը՝ օրենքով սահմանված կարգով՝ համապատասխան ժամկետում գրանցման դեպքում, մենք հնարավորություն կունենանք մասնակցել 2021թ. հունիսին նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Եթե «Շանթ Դաշինքը» մասնակցի ընտրություններին, մեր ցուցակը կգլխավորի Շանթ Հարությունյանը:

Եվս մեկ անգամ շնորհակալություն մեր բոլոր գաղափարական ընկերներին»:

Շահեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում նաև գրել է. ««Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել ՀՀ-ում կայանալիք առաջիկա ՏԻՄ ընտրություններին։ Ընտրապայքարի մեջ ենք մտնելու Սյունիքի մարզի որոշ համայնքներում, որն էլ մեկնարկելու ենք Տաթև համայնքից»: