Հայկ Մարությանը պարգեւավճար չի ստացել. խոսնակ

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրառման միջոցով անդրադարձել է քաղաքապետարանի աշխատակիցների պարգևավճարների հարցին:

«Մամուլի որոշ ներկայացուցիչներ կրկին փորձում են շահարկել պարգեւավճարների հարցը՝ համապատասխան շեշտադրումներով: Առիթը՝ քաղաքապետարանը հրապարակել է եռամսյակային պարգեւավճարները: Հրապարակել է, ինչպես նախորդ եռամսյակներին:

Ինչո՞ւ եմ օգտագործում «շահարկել» բայը: Որովհետեւ էս իրադարձության մեջ ուղղակի նորություն չկա, որովհետեւ.

1. պարգեւավճարները միանգամայն օրինական են, դրանց տրամադրումը նախատեսված է Երեւանի տարեկան բյուջեով,
2. պարգեւավճարների սոցիալական տեսանկյունից հիմնավորվածության մասին պաշտոնատար անձինք պարբերաբար խոսել են,
3. պարգեւավճարների դրույքաչափի փոփոխություն չի եղել, խոսք է գնում շուրջ ❗️1700 մարդու❗️ՕՐԻՆԱԿԱՆ եկամուտների մասին: Ի դեպ, այդ եկամուտը պետք է բաժանել երեք ամսվա վրա, որովհետեւ սա եռամսյակային պարգեւավճար է։

4. Եվ վերջապես, հերթական պարգեւատրումների ցուցակը Yerevan.am պաշտոնական կայքում հրապարակվել է հոկտեմբերի 18-ին, եւ շատ ուշագրավ է ու հատկանշական, որ մի քանի կոնկրետ լրատվամիջոց «համազարկով» անդրադառնում են էս թեմային ցուցակը հրապարակվելուց մեկ շաբաթ հետո:

Լրատվամիջոցներից մեկն էլ՝ Analitik.am-ը, նաեւ բացահայտ կեղծ տեղեկություն է տարածել թեմայով՝ նշելով, թե քաղաքապետը «ինքն իրեն էլ է պարգեւատրել», մինչդեռ պարգեւավճարների ցուցակում երեւում է, որ Հայկ Մարությանը պարգեւավճար չի ստացել, ինչպես եւ չէր ստացել նախորդ եռամսյակներին: Քաղաքապետը հայտարարել է՝ պարգեւավճար չի ստանալու։

Նույն ապատեղեկատվությունը, արդեն վերնագրի մեջ, վերարտադրել է News.am-ը: Մենք աշխատանքային օրով պաշտոնական նամակ կուղարկենք այս երկու լրատվամիջոցներին՝ խնդրելով համարժեք հերքում հրապարակել, իսկ մինչ այդ՝ հույս ունենք, որ բարեխղճության սկզբունքից ելնելով, նրանք կխմբագրեն գրառումը:

Հ. Գ. Ի դեպ, գրեթե բոլոր հրապարակումներում առանձին նշվում է, որ 850 հազար դրամ պարգեւատրում է ստացել նաեւ քաղաքապետի մամուլի քարտուղարը, այսինքն, ես: Մի լրագրող աղջիկ էլ զանգեց ասաց՝ «երանի՜ ձեզ»: Օկ, ինչպես ասում է Ավետարանը՝ երանի հոգով աղքատներին: Նախ, 850 000-ից պետք է հանել հարկերը եւ կստանանք շուրջ 600 հազար: Երկրորդ՝ ենթադրում եմ, որ իմ լրագրող գործընկերներին գուցե շփոթեցնում է երբեմնի լրագրողի՝ միջինից բարձր վարձատրությունը:

Ուրեմն, պատրաստ եմ գրավոր հարցման պարագայում իմ գործընկերներից առաջինին տրամադրել 2018-ի նոյեմբերից՝ քաղաքապետարան ընդունվելուց առաջ իմ ստացած եկամուտների մասին ՊԵԿ-ից վերցրած պաշտոնական տեղեկություն, որտեղ կերեւա, որ նախկինում իմ եկամուտները ավելի բարձր էին, քան հիմա: Ամեն դեպքում, չեմ բողոքում, հանրային ծառայությունը կատարում եմ սիրով ու ջանում եմ պատասխանատու լինել»: