Բաքուն պնդում է, որ Հայաստանի դիահերձարաններում ադրբեջանցի զինվորականների մարմիններ չկան․ Ազատություն

«Հայաստանի դիահերձարաններում ադրբեջանցի զինծառայողների մարմիններ չկան»․ – այսօր նման համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ու պետանվտանգության ծառայությունը՝ հակադարձելով երեկ երեկոյան Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի հայտարարությանը, գրում է Ազատությունը։

«Հայաստանի առողջապահության նախարարության դիահերձարաններում պահվող չնույնականացված մարմինների մեջ Ադրբեջանի ԶՈւ անձնակազմի ներկայացուցիչների դիեր չկան», – շեշտում են Ադրբեջանի ուժային կառույցները։

Հայտարարության հեղինակների պնդմամբ, այս պահին որոնողական խմբերը շարունակում են 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների մարմինների հայտնաբերմանն ուղղված աշխատանքները։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ անհետ կորած է համարվում 44-օրյա պատերազմի 14 ադրբեջանցի մասնակից։