Կրկնակի աճել են ՄԻՊ հասցեագրվող բողոքները

Կրկնակի  աճել են ՄԻՊ հասցեագրվող բողոքները
Կրկնակի աճել են ՄԻՊ հասցեագրվող բողոքները

Կրկնակի աճել են Պաշտպանին հասցեագրվող բողոքները պետական մարմինների կողմից քաղաքացիների դիմումներին չպատասխանելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կարևոր ուղղություններից է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիների դիմումներին, նրանց բարձրացրած խնդիրներին պատշաճ արձագանքումն ապահովելը: Աշխատանքի այս ուղղությունը ներառում է նաև լրագրողական հարցումներին պատասխան տրամադրելու հարցում աջակցելը: Այս կարևոր ուղղությունը նպատակ ունի շարունակաբար ամրապնդել պետության և քաղաքացիների կապը, իսկ լրագրողների միջոցով՝ իրացնել քաղաքացիների տեղեկություններ ստանալու իրավունքը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վարվում է առանձին վիճակագրություն տեղեկատվության ազատության ոլորտում գրավոր և բանավոր բողոքների վերաբերյալ անհրաժեշտության դեպքում առաջարկներ ներկայացնելու նպատակով: Աշխատանքի այս ուղղությունն արդեն իսկ լինելու է Պաշտպանի առաջնահերթ ուշադրության ներքո:

Մասնավորապես, եթե 2016 թվականին քաղաքացիների դիմումներին չպատասխանելու վերաբերյալ ստացվել է 38 բողոք, 2017 թվականին՝ 46, ապա 2018 թվականին բողոքների թիվը կրկնակիից ավելի աճել է՝ հասնելով 109-ի։

Եթե 2016 թվականին դիմումների հիմնական մասն ուղղված է եղել Պաշտպանության նախարարության, Կառավարության աշխատակազմի և Քննչական կոմիտեի դեմ, ապա 2017 թվականին՝ Ոստիկանության, Դատախազության, Քննչական կոմիտեի, Պաշտպանության նախարարության և Առողջապահության նախարարության դեմ։

2018 թվականի հունվար ամսից մինչև մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում 45 բողոքների հիմնական մասն ուղղված է եղել Ոստիկանության, Պաշտպանության նախարարության, Հայաստանի ազգային արխիվի, Կառավարության աշխատակազմի դեմ, իսկ հունիսից-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում 64 բողոքների մեծ մասն ուղղված է եղել Առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Ոստիկանության, Արդարադատության նախարարության մարմինների, այդ թվում՝ Քրեակատարողական ծառայության դեմ»: