Բաքու ռուսական ներկայացուցչական պատվիրակություն կայցելի․ Պուտին.Factor

Ռուսաստանի և Ադրբեջանի տնտեսական հարաբերությունները վերականգնվում են համավարակից հետո, իսկ մոտակա ժամանակներում Բաքու կայցելի ներկայացուցչական ռուսական պատվիրակություն՝ առևտրատնտեսական համագործակցության քննարկման համար։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ադրբեջանցի գործընկերոջ՝ Իլհամ Ալիևի հետ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Երախտապարտ եմ, որ համաձայնեցիք գալ, փառք Աստծո՝ մեր հարաբերությունները վերականգնվում են կորոնավիրուսից հետո, նկատի ունեմ առաջին հերթին տնտեսությունը։ Անցյալ տարի որոշակի անկում կար, հիմա կայուն աճ, վերականգնում»,- ասել է Պուտինը։

Նա նաև նշել է, որ ակտիվորեն աշխատում է ՌԴ-ի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը։

«Մոտ ժամանակներս նախատեսում ենք ձեզ մոտ ուղարկել մեր ներկայացուցչական պատվիրակությունը, որը կզբաղվի այդ հարցերով՝ արդեն Բաքվում»,- ասել է ՌԴ նախագահը։

Նրա խոսքով՝ նախատեսվում է համագործակցություն տարբեր ուղղություններով` արդյունաբերություն, տրանսպորտ, ենթակառուցվածքներ և այլն։

Այս մասին հայտնում է Factor.am-ը: