Նիկոլ Փաշինյան. Աշուղը

Մհեր Արշակյան

Վարչապետը հանրաքվեին ոտանավոր է ձոնել։ Այս ոտանավորի մասին լռելու համար պետք է ներշնչվել, մուսա է պետք, որպեսզի լռես, բանաստեղծություն կարդալ իմանալ է պետք, որպեսզի չկարդաս, այլապես կարող ես ասել մտքովդ անցածը: 

Եթե ոտանավորը չլիներ, այն կարելի էր հորինել։ Վարչապետը հենց դա էլ արել է։ Բայց նա ի՞նչ է ուզում ասել` որ հանրաքվեի «այո»-ն ոտանավորով կուտվի՞: Թե՞ որ հատկապես այդպիսի ոտանավորներ պիտի գրվեն ընկալվելու համար:

Եթե անկեղծ, «այո»-ի քարոզչության համար այն նույնիսկ շատ հաջող ոտանավոր է, բայց մենք փոքրիկ խնդիր ունենք։

Ոտանավորը «ոչ» է ասում բանաստեղծությանը։ Իսկ մենք վարչապետի գրչով «Էլիոթ» կարդալու հավակնությո՞ւն ունեինք։ Ես՝ ոչ։ Պարզապես, երբ տեսնում եմ, թե քանի հոգի է հավանել այս ոտանավորը, ինձ վարչապետն ամենևին չի մտահոգում։ 

Ոտանավոր գրելը վատ բան չէ։ Մարդը չի կարող զսպել ոտանավոր գրելու մղումը։ Հատկապես եթե այն «ոտք» ու «ձեռք» ունի գլխիդ մեջ։ Բայց եթե ինքը ոտանավոր է գրում, ինչո՞ւ անգրագետ Պողոսը չի կարող որոշել, թե ինչպես պետք է բաշխել հանրապետության փողերը։ 

Ոտանավոր գրում են հազարավոր մարդիկ։ Ինչո՞ւ խոսել հենց վարչապետի ոտանավորից։ Ինչո՞վ է այն վատը մյուս ոտանավորներից։ Ոչնչով։ Այստեղ նույնիսկ ոտանավորի արժանապատվությունը պաշտպանելու հարց չկա։ 

Բայց դարձյալ խնդիր կա։ Թավշյա հեղափոխության, սիրո և համերաշխության հետ չի խոսում «ահեղ սարսափը», որով վարչապետը մտադիր է պատասխանատվության կանչել «հրոսակներին»։

Ոտանավոր գրելն ինքնին պատասխանատվությունից հեռու բան է։ Հորինեցիր, քաշվեցիր մի կողմ։ Ոտանավորը խոսքի ազատության ոլորտից է։ Խոսքի ազատության մեջ կարող է նույնիսկ սպառնալիք լինել։

Բայց միայն ոչ ոտանավորի անունից, ի սեր Աստծո։ Գնացեք ու հոդվածների ու լայվերի անունից սպառնացեք։ Ոտանավորների ակունքում աղոթքներ, ծեսեր և աստվածների զգացողություն է եղել։ Էդ հետո ամեն պատահած մարդ դրանք այնքան է էժանացրել, որ դարձել են ոտանավորներ։ 

Պե՞տք է շարունակի գրել վարչապետը։ Ոչ միայն պետք է, այլև պարտավոր է։ Եթե ոտանավորը գալիս է, նրան բնավ չի ուղեկցում հետ ուղարկելու գայթակղությունը։ Ոտանավորը գալիս է ու մնում։ Բայց ավելի լավ չէ՞ր լինի ուղղակի լավ գրել։ 

Շատերը կասեն՝ եղածը մի ոտանավոր չէ՞։ Ըհը՛։ Եղածը ևս մի ոտանավոր է։ Թող այս մեկը լինի՝ ձոն։ Ձոն «Այո»-ին։

Բայց դրանցից ոչ մեկը ոչինչ չի ասում բանաստեղծության մասին ընդհանրապես։ Մինչդեռ բանաստեղծությունը բանաստեղծություն չէ, եթե այն չի «սադրում» ավելի կատարյալը։ Բանաստեղծությունը բանաստեղծություն չէ, եթե կա մի ականջ, որն ընկնում է բառերից։

Բանաստեղծությունը բանաստեղծություն չէ, եթե բանաստեղծն ինչ-որ ուրիշ մի տեղ է։ Բանաստեղծությունը կարող է լինել փնթի պայմանով, որ իր ներսում, իր զգացողություններով այն ինձ չի թողնում, չի բանտարկում, չի խցանում, չի աքցանում իմ շարքային ճաշակի մեջ։ 

Բանաստեղծություն գրում են նաև Նարեկացուց ու Շեքսպիրից հետո։ Մեծարենցը հաստատ գրել է։ Նույնիսկ Սայաթ-Նովայի մոտ վատ չի ստացվել։

Բայց Սայաթ-Նովան ինքն իրեն աշուղ էր ասում, ու դա չէր խանգարում, որ Չարենցն ու Փարաջանովը աշուղությունից ավելին տեսնեին։ Նրանք տեսել են, որ աշուղությունը սոսկ ոճ է ասելու սքանչելին։

Պաստեռնակն ինքն իրենով «փակել» է բանաստեղծության մի «դրություն»։ Պաստեռնակ այլևս չես լինի։ Բայց եթե լինող ես, բանաստեղծությունդ պետք է նկատի ունենա Պաստեռնակին, Մեծարենցին, Սայաթ-Նովային, Փարաջանովին, Շեքսպիրին։ Միայն «ավարտելուց» հետո ես ունենում անուն-ազգանուն, ոչ թե սկսելիս։

Մեր վարչապետը «բանաստեղծություն» է քանդակել։ Քանդակելու առիթն ինքնին ողբերգական չէ։ Լավ է, որ հանրաքվե է լինելու։ Բայց առանց այդ ոտանավորի «այո» չե՞ն ասելու։ Հլը «այո»-ն պատկերացրեք առանց այդ «ստիխի»։ Զուռնա-դհոլը պարտադի՞ր է համերգից առաջ։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am