Ֆրանսիայում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո աճել է ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի վարկանիշը։
Ifop հետազոտական ինստիտուտի նոր հարցման համաձայն՝ 2027 թվականի նախագահական ընտրությունների առաջին փուլում Լը Պենը կարող է ստանալ ձայների 34-38%-ը։ Նախորդ հարցման համեմատ նրա վարկանիշն աճել է 1-2 տոկոսային կետով։
Ավելի վաղ Լը Պենը իշխանություններին կոչ էր արել խիստ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ՝ տեղի ունեցածի պատասխանատվությունը կապելով նախագահ Էմանուել Մակրոնի կառավարության ներգաղթային քաղաքականության հետ։
Սակայն, ինչպես նշում է գերմանական Die Welt պարբերականը, Ifop-ի հարցման մեջ անկարգություններին վերաբերող հարցեր չեն եղել, ուստի հնարավոր չէ միանշանակ պնդել, որ Լը Պենի վարկանիշի աճը հենց դրանց հետևանքն է։
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2027 թվականի գարնանը։ Մակրոնը, երկու ժամկետ պաշտոնավարած լինելու պատճառով, Սահմանադրության համաձայն, չի կարող երրորդ անգամ անընդմեջ առաջադրվել։



















