«Հավատալ աչքերով ու լսել սրտով». ֆանտազյոր Բելա Տարը «Ոսկե ծիրանին»` հյուր

«Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի կարևորագույն հյուրերից մեկը հանրահայտ հունգարացի ռեժիսոր Բելա Տարն է: Այդ մասին տեղեկացնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամլո կենտրոնը:

Քննադատները նրան հաճախ համեմատում են Տարկովսկու, Անտոնիոնիի, Անգելօպուլոսի հետ, իսկ կինոգետները համարում են իրական, ճշմարտացի «ֆանտազյոր»: Նրա սև-սպիտակ ֆիլմերը ծայրահեղական են, բացարձակ նոր կինոմատոգրաֆ ստեղծելու փորձ, կարծես` կինոյի այս ողջ հարյուրամյա պատմությունը չի էլ եղել: Հռչակավոր ռեժիսորի երևանյան հետահայաց ցուցադրությունների շարքում կներկայացվեն «Նզովք», «Լոնդոնցի մարդը» և նրա վերջին` «Թուրինյան ձի» ֆիլմերը: Վերջինս Բեռլինում ներկայացնելով և արժանանալով «Արծաթե արջ» մրցանակին՝ Բելա Տարը հայտարարեց համաշխարհային կինոյից հեռանալու մասին:

«Թուրինյան ձի» ֆիլմի նկարահանման համար շարժառիթ է հանդիսացել Ֆրիդրիխ Նիցշեի լռության տասնմեկ տարիների մասին միֆական պատմությունը: Ռեժիսորը այս ֆիլմը համարում է իր կինոռեժիսորական կարիերայի արժանի ավարտը, քանի որ հենց Նիցշեն է առաջինը խոսել նիհիլիզմի` որպես մեր` անցյալի իդեալների ու արժեքների կործանման ժամանակաշրջանը բնորոշող գծի մասին: Իսկ Աստծո մահվան ու նիհիլիզմի տեսությունները ոչ միայն գերմանացի փիլիսոփայի, այլև` հունգարացի ռեժիսորի ֆիլմերի հիմնաքարն են կազմում: Ինքը Բելա Տարը չի սիրում, երբ իր ֆիլմերն անվանում են «մետաֆիզիկական» և շրջանցում է փիլիսոփայական ընդհանրացումները: Նա հորդորում է իր հանդիսատեսին չզբաղվել ինտելեկտուալ աշխատանքվ, այլ «հավատալ աչքերով ու լսել սրտով»:

© Medialab.am