Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Կենտրոնական կոմիտեի մոդերատոր, եպիսկոպոս Հայնրիխ Բեդֆորդ-Շտրոմը և ԵՀԽ գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյը խոր մտահոգություն են հայտնել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակի կապակցությամբ։

Այս մասին ասվում է օգոստոսի 7-ին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում։

«Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը՝ որպես եկեղեցիների համաշխարհային ընկերակցություն, վերահաստատում է Հայ Առաքելական եկեղեցու կենսական դերը հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում, ինչպես նաև քրիստոնեական ավելի լայն ընտանիքում»,– հայտարարել են Բեդֆորդ-Շտրոմն ու Փիլեյը։

Նրանք նաև մտահոգություն են հայտնել Եկեղեցու ներքին գործերին անհարկի միջամտության կապակցությամբ։

ԵՀԽ ղեկավարները հույս են հայտնել, որ ստեղծված հակամարտությունը կկարգավորվի այնպիսի ձևով, որը կնպաստի ամբողջ հայ ժողովրդի բարօրությանը։

«Այս ընթացքում մենք աղոթքով և աջակցությամբ Հայ Առաքելական եկեղեցու և նրա ժողովրդի կողքին ենք»,– ասված է հայտարարությունում։

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը աշխարհի խոշորագույն էկումենիկ կառույցներից է, իսկ Հայ Առաքելական եկեղեցին ԵՀԽ անդամ է 1962 թվականից։

Տեղեկացնենք, որ այսօր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործով առաջին դատական նիստը։ Այն չի կայացել՝ դատավորի ինքնաբացարկի պատճառով։

Դատական նիստից հետո Գարեգին Բ-ն Մայր Աթոռում մասնակցել է ժամերգությանը և դիմել հավատացյալներին։ Նա իր և հոգևորականների դեմ առաջադրված մեղադրանքները որակել է «անհիմն և հանիրավի»՝ հայտարարելով, որ իշխանությունների կողմից քայլեր են ձեռնարկվում Եկեղեցու հեղինակությունը վնասելու, նրա ինքնավարությունը սահմանափակելու և Եկեղեցին «իրենց կամքին հպատակեցնելու» ուղղությամբ։