Գրանադայում տեղի ունեցածը հաղթանակ կարող են որակել Ադրբեջանն ու Թուրքիան. Անդրիաս Ղուկասյան 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը

– «Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի: Անկլավների թեմա չի քննարկվել, միջանցքի թեման փակ է: Չվախենաք». նման գնահատական է տվել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Պարո՛ն Ղուկասյան, ո՞րն է այդ հաղթանակը:

– Հասկանալի է, որ յուրաքանչյուր ղեկավարություն ինքն իրեն ամենաբարձր գնահատականն է տալիս: Գրանադայի հայտարարությունը պետք է համադրել Եվրախորհրդարանի քննարկման ու բանաձևի հետ: Մենք տեսնում ենք, որ Գրանադայի հայտարարության մեջ չկա «էթնիկ զտում» եզրույթը, թեպետ Եվրախորհրդարանն Արցախում կատարվածը որակեց էթնիկ զտմանը հավասարազոր գործողություն ու մեղադրեց Ադրբեջանին միջազգային իրավունքի ու բոլոր պայմանավորվածությունների կոպիտ խախտումների համար: Մենք չտեսանք որևէ խոսք այն պայմանների մասին, որոնք անհրաժեշտ են Արցախ հայերի վերադարձի համար, իսկ այդ պայմանները մեր կողմից հրապարակվել էին օրեր առաջ: Շատ ընդհանուր հայտարարություն էր: 

Դա հաղթանակ որակել կարող են Ադրբեջանն ու Թուրքիան, որովհետև իրենց բացակայության պայմաններում ընդունվեց այն հայտարարությունը, որը կընդունվեր նաև իրենց ներկայության դեպքում: Իսկ դա ունի իր բացատրությունը, որովհետև դա Նիկոլ Փաշինյանի տեսլականն է, որ Հայաստանը պետք է դառնա կամուրջ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև, ինչի համար հարկավոր էր ազատվել Արցախի խնդրից: Նա դա արեց, դրա համար հարկավոր կլինի ազատվել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցից, որի համար հող է նախապատրաստել իր վերջին ուղերձում, այսինքն՝ ինքն աշխատում է այդ ուղղությամբ, ու ո՛չ Ալիևի, ո՛չ Էրդողանի ներկայությունը հարկավոր չէ այնտեղ, որտեղ Նիկոլ Փաշինյանը կա:

– Այդ պարագայում որքանո՞վ եք հնարավոր համարում ձեր նշած կետերի կյանքի կոչման հնարավորությունը:

– Եվրամիության ղեկավարությունը, Ֆրանսիայի, Գերմանիայի ղեկավարությունները, այնտեղ չկար ԱՄՆ-ն, բայց նրանք էլ, բնականաբար, Հայաստանից սպասում են, որ մինչև հոկտեմբերի 20-ը Նիկոլ Փաշինյանը որոշում կընդունի ՀԱՊԿ-ից դուրս գալու և Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը խզելու մասին: Դրանից էլ կախված կլինի հավաքական Արևմուտքի վերաբերմունքը Արցախում այսօր ստեղծված իրավիճակի մասով: 

Ցավով եմ ասում, որ աշխարհաքաղաքական շահերն ազդում են դիրքորոշումների վրա, բայց իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը Գրանադայում բացասական պատասխան տվեց եվրոպական պետություններին ու ԵՄ-ին այդ մասով: 

Այսօր կարելի է ասել, որ Գրանադայի հայտարարությունը վկայում է այն մասին, որ Հայաստանը մտադիր չէ խզել ռազմական դաշինքը Ռուսաստանի հետ, ու ինքը Ռուսաստանի ու Թուրքիայի միջև կամուրջ դառնալու իր ճանապարհին է: Եթե Ռոբերտ Քոչարյանը խոսում էր ֆորպոստի մասին, Նիկոլ Փաշինյանը չի խոսում, բայց իր ողջ տրամաբանությունը դրա մասին է, որ Հայաստանը պետք է լինի տարանցիկ պետություն, որպեսզի Թուրքիան ու Ռուսաստանն ազատ շփում ունենան՝ միջազգային վերահսկողությունից դուրս:

– Պարո՛ն Ղուկասյան, արցախյան հակամարտության հարցը հօգուտ Ադրբեջանի լուծվա՞ծ է, թե՞ ոչ:

– Իհարկե ո՛չ, սա ստատուս քվոյի փոփոխություն է: Նիկոլ Փաշինյանի պատկերացումները, որ իր այդ դերակատարությունը կծառայի նրան, որ Ռուսաստանն իր հետ չի վարվի այնպես, ինչպես վարվեց արցախյան իր բարեկամների՝ նախկին նախագահների ու մյուսների հետ, կայանում է նրանում, որ մեկ այլ անհրաժեշտություն կա այսօր Ռուսաստանի մոտ՝ վարկաբեկել Միջազգային քրեական դատարանը: 

Երբ Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան տեսան, թե ինչ ալիք ու աղմուկ բարձրացավ եվրոպական հասարակություններում, ինչ դիրքորոշում որդեգրեցին պատգամավորները Եվրախորհրդարանում, այդ պայմաններում, որպես պատասխան քայլ, որոշեցին Արցախի իրենց բարեկամներին հանձնել Ադրբեջանին: Նրանք ակնկալում են, որ այն ցուցմունքները, որոնք կլինեն հետաքննության արդյունքում, հիմք կտան նաև մեղադրանք առաջադրելու Հայաստանին ու Նիկոլ Փաշինյանին՝ մարդկության դեմ հանցագործություններ կատարելու հարցում, որը և հնարավորություն կտա Ադրբեջանի համար՝ դիմելու Միջազգային քրեական դատարան՝ պահանջելով քրեական հետապնդում հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ: 

Ռուսաստանի համար այսօր սա կարևոր է, որովհետև այդ դեպքում իրենք Միջազգային քրեական դատարանին կդնեն ընտրության առաջ՝ կա՛մ արձակել նման հրահանգ, ինչպես դա արվեց Պուտինի պարագայում, կա՛մ ինչ-որ ձևով մերժել դիմումը, որը հնարավորություն կտա ռուսական ԶԼՄ-ներին ողջ աշխարհով վարկաբեկել Միջազգային քրեական դատարանը ու ներկայացնել որպես սելեկտիվ արդարադատություն իրականացնող մարմին: 

Նիկոլ Փաշինյանն այստեղ խնդիր ունի, որովհետև Ռուսաստանն այն դրության մեջ է, որ օգտագործելու է իրեն հասանելի բոլոր հնարավորությունները իր ավտորիտար ռեժիմի շահերն առաջ մղելու համար: 

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը նաև այդ տեսանկյունից գտնվում է մի տիրույթում, որ կա՛մ լինելու է Հայաստանի առաջին քաղաքացին, որին փորձ է արվելու մեղադրանք ներկայացնել Միջազգային քրեական դատարանում, կա՛մ պիտի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում որոշում կայացնի՝ հրաժարվել Ռուսաստանի ու Թուրքիայի միջև կամուրջ ստեղծելու իր ծրագրից, փոխել կառավարության կազմը, բոլոր կառույցներից դուրս բերել Ռուսաստանի «բարեկամներին» ու շրջադարձ կատարել դեպի ԱՄՆ-ն ու Եվրամիությունը, որոնք ցույց են տալիս, որ պատրաստ են աջակցելու Հայաստանին: 

Հոկտեմբերի 20-ին լրանում է ժամկետը, որ Հայաստանը կարող է հայտարարել, որ կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից՝ հայտարարություն տարածելով, որ 2024 թվականի ապրիլի 20-ին ևս հինգ տարով չի երկարաձգում անդամակցությունը ՀԱՊԿ-ին:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am