Անդրիաս Ղուկասյանի բաց նամակը ՀՀ նախկին և ներկա նախագահներին

Անդրիաս Ղուկասյանի բաց նամակը ՀՀ նախկին և ներկա նախագահներին.

Հարգելի՝

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյան

Իմ ողջ կյանքն ապրել եմ Հայաստանում եւ երբեք ոչ մի խնդրանքով չեմ դիմել Ձեզ կամ Ձեր ենթականերին, այսօր խնդրում եմ՝ միանալ Հայաստանի Հանրապետության կուսակցությունների և քաղաքացիական հանրության ստորև ներկայացված հայտարարությանը․

Հայաստանի Հանրապետության կուսակցությունների եւ քաղաքացիական հանրության ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Խորհրդային Ադրբեջանում 1988թ. սկիզբ առած հայերի էթնիկ զտման ծրագիրը, որին զոհ են դարձել կես միլիոնից ավելի մարդ, հասել է իր գագաթնակետին։ Այսօր կասկածի տակ է դրված միջազգային հանրության կարողությունը՝ պաշտպանել սեփական հայրենիքում ազատ ապրելու յուրաքանչյուր մարդու անքակտելի իրավունքը։ Այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ողջ ժողովուրդը ձեռք է բերել փախստականի կարգավիճակ։ Արցախյան հակամարտության նման հանգուցալուծումը ընդունելի չի կարող լինել ոչ իրավունքի, ոչ քաղաքական եւ ոչ էլ բարոյական տեսանկյունից։ Ճգնաժամը հաղթահարելու եւ մարդկանց համար սեփական հայրենիք վերադառնալու համար անհրաժեշտ պայմաններն են․

1․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ազատ արձակեն բոլոր գերեվարված եւ ձերբակալված անձանց։

2․ Ադրբեջանի զինված ուժերը, ոստիկանությունը եւ վարչակազմը պետք է դուրս բերվեն նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ողջ տարածքից։

3․Լաչինի միջանցքը պետք է անցնի ՄԱԿ-ի կառավարման ներքո։

4․ ՄԱԿ-ի մանդատով խաղաղարար ուժերը պետք է մուտք գործեն նախկին ԼՂԻՄ-ի տարածք եւ տեղակայվեն նրա սահմաններին։

5․ Լեռնային Ղարաբաղում մարդկանց անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունները եւ բնականոն կյանքը վերակազմակերպելու համար պետք է գործի ՄԱԿ-ի կողմից ձևավորված վարչակազմ։

Ակնհայտ է, որ այս նախապայմանների կատարումը հնարավոր է դարձնում եւ փախստականների վերադարձը, եւ խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտության վերջնական կարգավորումը։Դիմում ենք Եվրոպական Խորհուրդի

նախագահ Շարլ Միշելին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին պահանջով․

Հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում նախատեսվող Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման ժամանակ պաշտպանել Լեռնային Ղարաբաղում առանց բռնության և հարկադրանքի, պահպանելով մարդու իրավունքները եւ ազատությունները, խաղաղության հասնելու այս օրակարգը։

Համոզված ենք, որ ԵՄ-ը, Ֆրանսիան և Գերմանիան օժտված են մեծ հնարավորություններով Հայաստանին և Ադրբեջանին պարտադրել արժանապատիվ խաղաղություն։