Մի ռեպորտաժ ու մի ուղիղ հեռարձակվող ասուլիս

Մի ռեպորտաժ ու մի ուղիղ հեռարձակվող ասուլիս
Մի ռեպորտաժ ու մի ուղիղ հեռարձակվող ասուլիս

«Սիվիլնեթի» իմ գործընկեր Թաթուլ Հակոբյանի ռեպորտաժից բերդավանցիների բողոքի խոսքը լսելուց հետո համոզվեցի, որ ամենահիմնավորված, հատու, տրամաբանված դատողությունն անում են գյուղացի մարդիկ, որոնք ապրում են սահմանից հինգ հարյուր մետրի վրա և որոնք այս պահին սարսափելի դժբախտության մեջ են։ Հավանաբար, որովհետև սին բառի ժամանակ ու ցանկություն չկա։ Նաև որևէ մեկի առաջ սեթևեթելու ու որևէ մեկին գովաբանելու վիճակ չկա։ Կյանքի չոր ու անհաղորդ իրականությունն են ապրում՝ բավականին զուսպ։ Ռեպորտաժը Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչների մասին էր, որոնք փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն ու պահանջում էին գերեվարված համագյուղացի Կարեն Ղազարյանի փոխանակման վճիռը։

Մեկ այլ՝ վարչապետի ուղիղ հեռարձակվող ասուլիսից այսօր իմացա, որ վարչապետը դժգոհ է Բերդավան գյուղի բնակիչների ակցիայից, չտեսնելով որևէ իմաստ Հայաստան-Վրաստան ճանապարհը փակելու մեջ և չհասկանալով, թե ո՛ւմ է ուղղված բողոքը։ «Եթե դա Ադրբեջանի դեմ էր, ինչո՛ւ այդ դեպքում փակվում է մի ճանապարհ, որի փակվելը Ադրբեջանի ստրատեգիական նպատակներից մեկն էր, եթե այդ ակցիան մեր դեմ էր, նրա համար, որ մենք բավարար ուշադրություն չենք դարձնում խնդրին, էդ դեպքում հարց ա ծագում. ինչո՞ւ է վարչապետի կինը երկու անգամ այցելում ընտանիքին, և արդյոք մենք ունե՞նք այդպիսի նախադեպ, երբ այդ վիճակում հայտնված ընտանիքը այդպիսի ուշադրության է արժանանում»։

Սիրելի՛ Նիկոլ, պարո՛ն վարչապետ, չի կարող սահմանից մի քանի մետր հեռավորության վրա ապրած և ապրող կինը, որի որդուն գերեվարել են և դատում են Ադրբեջանում, ու ինքը տեղեկություն ունի, որ կտտանքների են ենթարկում՝ փառավորվել վարչապետի տիկնոջ այցով, որքան էլ այդ կինը բարետես լինի ու լավը։ Որովհետև սովորական պայմաններում գուցե հպարտանար համագյուղացիների առաջ մի այդպիսի մեծ բախտի արժանանալու համար, բայց որպես զավակներ ունեցող մարդ պիտի զգաք, որ սա հենց այն վիճակն է, որ եթե անգամ ամեն օր իրենց գովքն արվի Հանրայինի լրատվականով՝ այս մարդիկ չտեսնված անտարբեր կլինեն ու նույնիսկ չեն միացնի հեռուստացույցը, որ լսեն։

Իրենք ամենաաննախանձելի վիճակում ամենանախանձելի սթափությամբ են ձևակերպում իրենց պահանջը՝ վարչապետի ու պաշտպանության նախարարի հետ հանդիպում՝ այսքա՛նը։ Գուցե նախադեպը չի եղել, որ գերեվարված ընտանքին այցելի Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, Բելլա Քոչարյանը, Ռիտա Սարգսյանը, բայց, անկեղծ, նույնիսկ մեզ համար, որոնց որդուն չեն գերեվարել ու չեն դատում Ադրբեջանում՝ արդեն անհետաքրքիր է այդ նախադեպի գոյությունն ու չգոյությունը, նույնքան էլ անհետաքրքիր է դառնում այլևս անընդհատ համեմատության մեջ մեր երջանկությունը գտնելու վիճակը՝ ո՛ւր մնաց գերեվարված մոր համար։

Նրանք չեն կարող մտածել, թե ո՛ր ճանապարհն են փակում, կարևորը՝ կարևոր ճանապարհ լինի, այնպես, ինչպես մենք էինք ապրիլին փակում քաղաքի ու հանրապետության ճանապարհները, որ մեր ձայնը լսելի լինի։ Ես էլ իմ տեսակով ճանապարհ փակող չեմ, բայց ուզում էի ձայնս տեղ հասցնել, ուզում էի ցույց տալ համախմբված մարդկանց ուժը։ Նույնը նրանք են ուզում և անում։

Բերդավանցիների հետ հանդիպման եկած նորանշանակ մարզպետը անկոտրում պաշտպանում է պետության շահերը։ Ու պետության պաշտպանի ու բերդավանցու մի նոր գրական շեդեվր է ստեղծվում․

– Ինչի՞ց եք անվստահ

– Անվստահ ենք, ես էսօր անվստահ եմ։

– Ինչի՞ մեր ու մեր իշխանության մեջ անվստահություն լինի։

Կարեն Ղազարյանի ծնողների և համագյուղացիների ու մարզպետի երկխոսության սկիզբն է։

– Եթե իմ էրեխուն չփոխեցին՝ կառավարության դեմ խոսելու ենք, սա եզակի հնարավորություն է, որ իմ էրեխուն ինձ վերադարձնեն, այլ պահանջ մենք չունենք, և թող էն մարդը գա ներկայանա, որ մեր հարցին պատասխան կտա։ Մարզկենտրոնից եկած մարդը Կարենի մորը համոզել էր, թե տղային չեն դատում, և ուսուցչուհի մայրը ասում է, որ այդ եկածի տարիքի չափ ինքը աշխատանքային ստաժ ունի, էդքան մութ մարդ չեն, գրագետ են ու համացանցից օգտվում են, ինչո՞ւ են փորձում խաբել։

– Ի՞նչ ա նշանակում՝ իրան (վարչապետին) առաջարկում են, ինքը լռում ա։

– Ձեր վիշտը էնքան մեծ ա, որ ձեր դատողությանը կարող ա ազդի։

– Չի ազդում, իմ դատողությունը շատ փայլուն ա էս պահին։

– Եթե էս վիշտը ունեցող մարդը կավիճը վերցնում ա ու մտնում դասարան ու ամեն ինչ մոռանում ա և իր դասը պարապում ա՝ իրա դատողությունը հարյուր տոկոսից մի բան էլ ավել ա։

– Ադրբեջանը ամսի քսանին իմ միակ որդու դատավճիռը կարդում ա, էդ եմ ես տեսնում։

– Պաշտոնական դիմում չկա:

– Մենք պաշտոնակա՞ն չենք՝ մեր Հայաստանը, մենք առաջարկենք, խի՞ են նրանք առաջարկում։ Մեր քայլն ի՞նչ ա։

– Անձը պիտի իրան պաշտպանված զգա, մեր տունը զինվորական տուն ա, մեր տունը գյուղի վերջին տունն ա, մեր թաղում մարդ կա՝ իրա տանը չի քնում, մեր գյուղը ռազմավարական նշանակություն ունի։ Ի՛նչ ա նշանակում՝ չենք փոխանակում:

– Ո՞վ ա ասում ՝չենք փոխանակում։

– Նրանց լռությունը դա ա նշանակում։ Թող ասեն՝ փոխանակում ենք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու պաշտպանության հարցն ա, Ադրբեջանի հարցը չի, հինգ հարյուր մետր ա մեզ բաժանում, եթե ուզածդ մարդուն գալիս տանում են, նշանակում ա՝ քաղաքացին անպաշտպան ա»։

– Իննսունականներին առաջին գրադից մեր պատուհաններն են կոտրվել ՝ դուք ինձ բացատրում ենք թշնամին ի՛նչ ա, դպրոցում առանց պատուհանների ենք աշխատել՝ ցելոֆաններով, առանց աշխատավարձի ենք աշխատել, բայց դպրոցը չենք լքել, որ մի օր էս պետությունը մեզ կհարգի, կընդունի, որ ինչ-որ ձևով մեզ կխրախուսի։

– Լրացուցիչ բարդություն ա, որ իրանք (ադրբեջանցի դիվերսանտները, որոնց հետ պետք է փոխանակվեն մեր գերիները) Ղարաբաղում դատված են:

– Ի՞նչ անենք, եթե մեր գյուղացին Ղարաբաղում զոհվեց, եթե Ղարաբաղը մեր էրեխուն տանում ա իրա սահմանին՝ մերն ա Ղարաբաղը , ո՛վ ա ասում՝ ուրիշ պետություն ա։

Հանրապետության ոչ մի ասուլիսում ու բարձր հանդիպումներում ես չեմ հանդիպել այսքան ճշգրիտ, առանց տերմինաբանական բառարանի կարիքն զգալու տեքստ, որի կուռ տրամաբանությունն ապահովում են պարզ համառոտ նախադասություններ։

«Բայց, տեսեք, կինս երկու անգամ այցելել է այդ ընտանիքին», «Ինչո՞ւ է վարչապետի կինը երկու անգամ այցելում ընտանիքին» վարչապետի նախադասությունները մի տեսակ սղոցում են շարքային ունկնդրի ականջը, ուր մնաց մոր, որի որդուն Ադրբեջանում դատում են։ Ձեր կինն ու մեր գործընկերը կառավարության անդամ չեն, գոնե դե յուրե, և նրա այցը միմիայն կարող է մարդասիրական ընկալվել, իսկ Ադրբեջանում դատվող տղայի մորը հետաքրքրում է կառավարության որոշումը։ Իսկ գերեվարվել է տղան ոչ պատշաճ իրականացվող անվտանգության պատճառով։ Չի կարող այս փաստը անտեսվել։ Մեր գյուղացիներին տանում են իրենց գյուղերից ու տներից։ Այս հարցը կարող է լուծել պետությունը։ Համենայնդեպս, պետք է որ լուծի։

Ինչ վերաբերում է հարցի ամենանուրբ կողմին. գերիների փոխանակման հարցում որպես խանգարող գործոն ներկայացվում է այն, որ մեր կողմում գտնվողները մարդասպան և հանցագործ են, որոնք դատվել են դատարանով ցմահ և քսաներկու տարվա ազատազրկման։ Իհարկե, նույնիսկ սա կարելի է անտեսել, ավելի դժվար է մարդկային գործոնը։ Քարվաճառի շրջանի Նոր էրքեջ գյուղի տասնվեցամյա բնակիչ Սմբատ Ցականյանին սպանել են դատապարտված դիվերսանտները։

Եվ տղայի հոր՝ Մեխակ Ցականյանի խնդրանքը կա՝ չհանձնել Ադրբեջանին իր որդուն գազանաբար սպանած հանցագործին, որ հաջորդ օրը հանցագործը հերոսի կոչման չարժանանա։ Սա ողբերգություն է։ Այս մասին խոսելն անգամ անհնար է։ Շամխորի հայտնի Չարդախլու գյուղից տեղահանված Ցականյանները տեղավորվում են Նոր Էրքեջում, որի կողքով շատերն են անցել Քարվաճառով անցնելիս։ Ու այս արդեն ողբերգական տեղահանման ավարտը լինում է մի վայրենի սպանություն։ Ու հայրը խնդրում է չհանձնել որդուն սպանողներին Ադրբեջանին։

Բայց ինքը խնդրելիս չի պատկերացրել, որ այդ հանձնումից կարող է կախված լինել իր տղայի պես մեկի ճակատագիրը։ Ես, չգիտեմ ինչու, վստահ եմ, որ եթե Ցականյան Սմբատի ծնողներին թողնեն որոշումը, ու եթե նրանք հանդիպեն բերդավանցի կենսաբանության ուսուցչուհի այս կնոջը, որի տղան՝ Կարեն Ղազարյանը, այսօր դատվում է Ադրբեջանում՝ անպայման համաձայն կլինեն այդ արտահանձնմանը, շատ պարզ պատճառով՝ այս մի կյանքը կարելի է փրկել։

Վարչապետը շահարկեց մեր մյուս գերու անունը, ասելով, թե քանի որ մանկատան երեխա էր ու որբ, ուրեմն, ըստ բերդավանցիների, նա կարող է մնալ, իսկ եթե ծնող ունի, ուրեմն կփակե՞ն ճանապարհները։ Սիրելի՛ Նիկոլ, պարո՛ն վարչապետ, մի՞թե մենք այդքան պարզունակ մարդու տպավորություն ենք թողել Ձեզ վրա։ Իհարկե՝ ո՛չ, իհարկե նա էլ։

Պարզապես երբ մայրը ողջ է՝մինչև վերջ իրեն պատեպատ է տալու։

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am