«Թրամփի ուղին» միայն կշահի Ռուսաստանի մասնակցությունից. Գալուզին

«Թրամփի ուղին» «երկիմաստ հեռանկարներ» ունի, իսկ նախագիծը միայն կշահի Ռուսաստանի մասնակցությունից։ Այդ մասին RTVI-ին տված հատուկ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նրա խոսքով՝ «Թրամփի ուղի» նախագիծը «դատարկ տեղում» չի առաջացել։

«2022-2023 թվականներին Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման հետ կապված բոլոր հարցերը, որոնք հակամարտության կարգավորման վերաբերյալ ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ համաձայնագրերի մաս էին կազմում, քննարկվել են Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում՝ երեք երկրների կառավարությունների ղեկավարների տեղակալների մակարդակով»,- հիշեցրել է Գալուզինը։

ՌԴ փոխարտգործնախարարի կարծիքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական գործողություններից հետո Թեհրանը, հավանաբար, չի ողջունի իր հյուսիսային սահմանների անմիջական հարևանությամբ ԱՄՆ-ի ներկայությունը։

«Ավելին, որոշ փորձագետներ կարծում են, որ Չինաստանը նույնպես գոհ չի լինի, եթե ԱՄՆ-ն վերահսկի Կենտրոնական Ասիայից Եվրոպա ձգվող «Թրամփի ուղի» տրանսպորտային և լոգիստիկ երթուղու մի հատվածը»,- նշել է բարձրաստիճան դիվանագետը։

Գալուզինի գնահատմամբ՝ նախագծի հեռանկարները միանշանակ չեն, և հենց այդ պատճառով Ռուսաստանի մասնակցությունը կարող է նպաստել դրա հաջող իրականացմանը։