ԱԺ «Իմ քայլ»-ի պատգամավոր Հակոբ Ասլանյանին հարվածած անձը ձերբակալվել է

Factor.am-ի փոխանցմամբ՝ ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ փետրվարի 26-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին Ազգային ժողովի պատգամավորից հաղորդում է ստացվել, որ Ազգային ժողովի շենքի՝ Բաղրամյան պողոտայի անցակետի մոտ անծանոթ անձը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել իրենց խմբակցության պատգամավորների հասցեին։

Երբ պատգամավորը փորձել էր կարգի հրավիրել քաղաքացուն, նա բռունցքով հարվածել էր պատգամավորի դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է պատգամավորին հարվածած անձի ինքնությունը։ Փետրվարի 27-ին, ժամը 08.45-ին, նախկինում առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար դատապարտված 47-ամյա տղամարդը Նոր Նորքի 8-րդ զանգվածում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն։

Հարուցվել է քրեական գործ։ Տղամարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն: