«Ընդդիմությունը խուճապի մեջ է, որևէ շանս չունի, վերջացած է, իրենք ուզում են իշխանության տապալում, բռնազավթում»․ Լևոն Շիրինյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

– Պարոն Շիրինյա՛ն, ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարական ու ժամանակավոր կառավարության ձևավորում, բայց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2021 թվականին արտահերթ ընտրություններ կանցկացվեն։ Ի՞նչ իրավիճակ է ստեղծվել։

– Ընդդիմությունը խուճապի մեջ է, որևէ շանս չունի, վերջացած է։ Իրենք ուզում են իշխանության տապալում, բռնազավթում։ Սահմանադրության 2-րդ հոդվածն այդ մասին է։ Ընդ որում, իրենք սահմանադրապաշտներն են, հիշո՞ւմ եք։

Սահմանադրական դատարանի կամ Ռոբերտ Քոչարյանի դատավարության հարցով առավոտ արթնանում էին՝ իրենց Ղուրանը Սահմանադրությունն էր, քնում էին՝ էլի Սահմանադրությունն էր։ Հիմա մոռացել են։

Մինչդեռ Սահմանադրության 2-րդ հոդվածն ասում է, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ՀՀ-ում ընտրությունների և հանրաքվեների միջոցով։

Երկու բան է ասում՝ ընտրություն և հանրաքվե։ Հետո ասում է՝ Հայաստանում իշխանության բռնազավթման փորձը հանցագործություն է։ Վերջացավ, էլ մեկնաբանելու բան չկա։ Իրենք այդ վերջին կետի տակ են։

– Ինչո՞ւ պարտությունից հետո վարչապետը հրաժարական չի տալիս, ինչո՞ւ է ուզում գնալ արտահերթ ընտրության։

– Ինքը բացատրում է, ասում է՝ ես իշխանությունը ստացել եմ ժողովրդից և ոչ թե խորքի պետության կառույցներից։ Այդ կառույցները դիմակայում են։ Հիմա ինքը ասում է՝ իշխանությունը ստացել եմ ժողովրդից, ժողովուրդն էլ կարող է ընտրության միջոցով ինձ ուղարկել հանգստի։ Ես, օրինակ՝ առաջարկում էի հանրաքվե անցկացնել։

Հայաստանում իշխանության փոփոխության երկու ձև կա՝ ընտրություն և հանրաքվե, դրանից բացի մնացածը հանցագործություն է։

– Ինչո՞ւ ընդդիմադիրներին չի հաջողվում մեծաքանակ մարդիկ հանել փողոց։

– Նախ՝ մարդիկ չեն ուզում նրանց վերադարձը։ Երկրորդ՝ հիշում են այդ խորքի պետության ժամանակաշրջանը, տեսնում են նաև մաշված դեմքերով քաղաքական նոր գործիչներ։

Նաև մարդիկ հասկանում են, որ այս պատերազմում մեր պարտությունը հետևանք էր բանակի կողոպուտի ու թալանի։ Հետո՝ մեր դեմ ո՞վ է կռվել՝ Թուրքիան ու Ադրբեջանը, Ռուսաստանն էլ մի քիչ ուշացել է կարծես թե։ Չնայած մեր բանակը հերոսաբար կռվել է։

Բայց իշխանության քաղաքականությունից շատ բան է կախված։

– Ո՛չ, Հայաստանի ուժերն այնպիսին չեն, որ նրա քաղաքականությունից բան կախված լինի։ Սա ռուս-թուրքական հայտնի գործարք է, որ 1920 թվականին նորից եղել է։

Հիմա իշխանությունն ի՞նչ է ասում։ Ասում է՝ թող ընտրություն լինի, եթե ժողովուրդը կասի, որ ես սխալ եմ, կգնամ։ 

– Ընդդիմադիր կուսակցությունները կգնա՞ն արտահերթ ընտրությունների։

– Ուզում են գնան, ուզում են՝ չէ։ Եթե որոշեն, որ չեն մասնակցելու արտահերթ ընտրությունների, ուրեմն հասարակության փոքր սեգմենտ են ներկայացնում։ Սգո երթի ժամանակ երևաց շարասյունը, մեր ժողովուրդը շատ իմաստուն է, հավաքական իմաստությունը շատ բարձր է։

Իսկ իրենք ժողովրդին չեն ուզում բանատեղ դնել, ինչպես միշտ եղել է։ Բայց այս անգամ ժողովուրդն է որոշում։ Ո՛չ ակադեմիկոսն է որոշողը, ո՛չ մաթեմատիկոսը, ո՛չ տարբեր կոլեկտիվները, հայ ժողովուրդն է որոշում։

Ընդդիմադիրները գիտեն, որ էս գլխից գոյություն չունեն, մուտիլովկա են անում։ Նրանց օրակարգը ժամանակավրեպ է, որովհետև երկիրը կայունության է գնում։ Որպես կանոն՝ եթե պատերազմից հետո կայունության է գնում, ինչ-որ բան ստացվում է։

Իրական օրակարգը պետք է լիներ բոլոր նրանց գործունեության քննությունը, ովքեր բանակի երակն էին մտել և դարձան մեր պարտության հիմնական պատճառը։ Եվ պետք է քննվի երկրի հետամնացությունը տեխնոլոգիապես, ովքե՞ր չեն զարգացրել տնտեսությունը։

Հարթակից այդ նոռկա շուբով մարդիկ պետք է պատասխանեն՝ որոշե՞լ են կողոպտածը վերադարձնել, թե՞ չէ։ Թե չէ հարթակից իրենց են ճղում։

Նրանց գործողության մեջ կա հակահայկական մի բան, իրենք ավելի քան մեկ ամիս է՝ տարածում են հակամշակույթ՝ իրենց կեցվածքով, բառամթերքով և ձայների բարձրությամբ։

Օրինակ՝ ոստիկանությունը դեցիբելներով պետք է որոշի՝ ով ավելի բարձր գոռաց, նրան պետք է տուգանի միլիոն դոլարով։ Մարդկանց զահլեն գնացել է այդ հիստերիկ գոռգոռոցները լսելով։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am