«Տեղյակ ենք եւ մտահոգված». Միջազգային հանրությունն արձագանքում է Շանթ Հարությունյանի գործին

«Տեղյակ ենք եւ մտահոգված». Միջազգային հանրությունն արձագանքում է Շանթ Հարությունյանի գործին
«Տեղյակ ենք եւ մտահոգված». Միջազգային հանրությունն արձագանքում է Շանթ Հարությունյանի գործին

«Շանթ և ազատություն» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի և նրա 13 համախոհների նկատմամբ իրագործվող ապօրինության փաստը միջազգային մակարդակով լսելի դարձնելու համար 2013 թ. դեկտեմբերի 28-ին բաց նամակ էր հղվել աշխարհի հինգ քաղաքական գործիչների։

Նամակը ստորագրել էին ավելի քան հազար հինգ հարյուր ՀՀ քաղաքացի։

Հիմնադրամը հիշեցնում է, որ ձերբակալվածները մինչև  հունվարի 13-ը զրկված էին հարազատների հետ հանդիպելու,անգամ հեռախոսակապի հնարավորությունից։ Հունվարի 13-ին վերջապես այդ արգելանքը հանվեց։

Փետրվարի 14-ին պատասխան ստացվեց Շվեյցարիայի նախագահ Դիդիյե Բուրկհալտերից, որում մասնավորապես ասվում է, որ նա տեղյակ է և մտահոգված Շանթ Հարությունյանի և համախոհների հետ կապված դեպքերին, քանի որ մարդու իրավունքների պաշտպանությունը համաշխարհային մակարդակով Շվեյցարիայի կառավարության արտաքին քաղաքականության կարևորագույն և առաջնային խնդիրներից է եղել և շարունակում է մնալ այդպիսին։

«Շվեյցարիայի Արտաքին գործերի ֆեդերալ դեպարտամենտն ուշի ուշով հետևում է Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին։ Շվեյցարիան բազմակողմանի շփումներում Հայաստանին հիշեցնում է իր միջազգային պարտավորությունները և քաջալերում բարելավել մարդու իրավունքների պաշտպանությունն այս տարածաշրջանում։

2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած հայտնի իրադարձություններից հետո Շվեյցարիան իր կոշտ դիրքորոշումն է արտահայտել՝ հորդորելով Հայաստանի իշխանություններին անկախ ու թափանցիկ հետաքննություն սկսել` բացահայտելու և խստորեն պատժելու անհարկի ուժ գործադրողներին. նաև հորդորեց Հայաստանին` ապահովել խոսքի ազատությունը՝ դրա համար մոբիլիզացնելով քաղաքական ուժերը, լրատվամիջոցները»,- նշվում է հիմանդրամի հայտարարությունում:

«Շանթ և ազատություն» հիմնադրամը նաև տեղեկացնում է,որ Human Rights Watch կազմակերպությունը 2013թ. իր տարեկան հաշվետվության մեջ եւս անդրադարձել է Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործին:

Ըստ հիմնադրամի, իրավապաշտպան կազմակերպությունը նրանց ճանաչել է  քաղբանտարկյալ:

Հիշեցնենք, որ անցյալ տարի նոյեմբերին, «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը չհամակերպվելով երկրում տիրող իրավիճակին, «Ես հեղափոխություն եմ սկսում» պաստառով բողոքի նստացույց էր սկսել  Ազատության հրապարակում:

Նոյեմբերի 5-ին նա համախոհների հետ դիմակներով երթ կազմակերպեց, որը ըստ նախատեսվածի, պետք է հասներ նախագահական նստավայր: Նախքան երթի մեկնարկը, Շանթ Հարությունյանն Ազատության հրապարակում հայտարարեց.

«Կարելի ա ասել՝ Հայաստանը սուչի զոնա ա, այսինքն՝ անբարոյական հարաբերությունների վիճակ ա: Հիմա ես չեմ կարում էդ վիճակը հանդուրժեմ, պիտի մարդիկ արտահայտվելու հնարավորություն ունենան, պիտի բեսպրեդել չլինի: Մինչև իշխանությունները չեթան, երկիրը չի դզվելու: Հայաստանում եթե լավ տղերք չկան, էս բոզական իշխանությունը տապալելու, ուրեմն սաղ Հայաստանում բոզեր են ապրում: Ես չեմ ուզում, որ աշխարհում իմ ազգի մասին ասեն՝ ընդեղ ժովուրդ չկա, սաղ փչացած են»:

Նա նաև հայտարարել էր, որ առանց արյունահեղության հեղափոխություն են ուզում անել, քանի որ իրենք՝ հեղափոխականներով արյունահեղության չեն ձգտում:

Սակայն, երթի ժամանակ ոստիկանների և Շանթի կողմնակիցների միջև տեղի ունեցած բախումների հետեւանքով, Հարությունյանն ու շուրջ երկու տասնյակ համախոհներ ձերբակալվեցին:

Ներկայումս Շանթ Հարությունյանը կալանավորված է, նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քր. Օր.-ի 316 հոդվածով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Ոստիկանության պնդումների համաձայն՝ նոյեմբերի 5-ի իրադարձությունների պատճառով  4 ոստիկան էր տուժել:

© Medialab.am