Արամ Մանուկյանի տունը՝ փլատակ․ Առաջին հանրապետության հիմնադրի բնակարանը սպասում է վերակառուցման իր հերթին․Factor.am․ տեսանյութ

Արամի 9 հասցեում գտնվող շենքում 1917-1919 թթ. ապրել է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր գործիչ Արամ Մանուկյանը, գրում է Factor.am-ը:

Նման նշանակության պատմամշակութային հուշարձանը շատ այլ երկրներում կպահպանվեր առանձնահատուկ կերպով, ավելին` շենքը անգամ կարող էր վերածվել թանգարանի, մինչդեռ մեզ մոտ այս շինությունը տարիներ շարունակ գտնվում է անմխիթար վիճակում: Անկախության 30-րդ տարեդարձը նշող Հայաստանում հանրապետության հիմնադիր գործչի տունը փլատակի է վերածված. այսօր կանգուն է միայն կառույցի դիմային հատվածը, իսկ ներսում արդեն ծառեր են աճել:

Շենքը հանրապետական նշանակության հուշարձան է և ընդգրկված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Դրա վերակառուցումը ներառված է «Հին Երևան» ծրագրում. գրեթե մեկ տասնյակ կառույցների սեփականատերն ու ներդրողը 2015 թվականից ի վեր շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշն է

։ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը շեշտում է` եթե որևէ հուշարձան-շենքի սեփականատեր այն պատշաճ կերպով պահպանելու հնարավորություն չունի, պետությունը նրանից կարող է գնել կառույցը: Նա բերում է այլ երկրների օրինակը. պետությունը սովորաբար պարտադրում է սեփականատիրոջը հուշարձանի պատշաճ պահպանություն ապահովել, եթե պահանջը չի կատարվում, պատժիչ մեխանիզմներ են կիրառվում:

«Հին Երևան» նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանը Factor.am-ին որոշ մանրամասներ հայտնեց Վարդան Սերմաքեշի ծրագրերի մասին: Նրա խոսքով` կորոնավիրուսի համավարակի բռնկումից առաջ Սերմաքեշի և ամերիկահայ բարերարների միջև պայմանավորվածություն է եղել Արամի 9 հասցեում գտնվող շենքը վերածել Արամ Մանուկյանի տուն-թանգարանի: Բարերարները պատրաստ են եղել ստանձնել շենքի վերակառուցման և թանգարանի ստեղծման ֆինանսական պարտավորությունները: Արամ Մանուկյանի տունը միակ կառույցը չէ, որ «սպասում է» «Հին Երևան» ծրագրով վերակառուցվելու իր հերթին։

Շենքի անուշադրության մատնված լինելու ամենավառ ապացույցներից մեկն էլ ներսում կուտակված աղբն է։ ԿԳՄՍՆ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, զերծ մնալով մանրամասներ հայտնելուց, իր հերթին տեղեկացրեց նախարարության` կառավարությանն արած առաջարկի մասին, որը վերաբերում է տուն-թանգարանի ստեղծմանը: Ի դեպ, Արամի 9 հասցեում գտնվող հուշարձան շենքը Երևանի քաղաքային դումայի պատգամավոր Ֆադեյ Քալանթարյանի բնակելի տունն է։ Այն կառուցվել է 1906-ին, ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով։ Ժամանակին այստեղ տեղի են ունեցել կարևորագույն հանդիպումներ և բանակցութուններ: