«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը՝ Բանակի օրվա կապակցությամբ

«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը՝ Բանակի օրվա կապակցությամբ
«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը՝ Բանակի օրվա կապակցությամբ

Հայտարարություն
Նախագահական ընտրություններին ընդառաջ տոնվում է Հայկական բանակի կազմավորման 21-ամյակը: Հերթական տարեդարձը դիմավորում ենք զինված ուժերում մարդկային նոր զոհերով ու մարդու իրավունքների հետ կապված լրջագույն մտահոգություններով: Այդ մտահոգությունները առավել խորանում են՝ ի տես զինված ուժերի հրամանատարության կողմից արմատական բարեփոխումների կամքի բացակայության:

Մինչ ներկայիս գերագույն գլխավոր հրամանատարը հավակնում է շարունակել պաշտոնավարել եւս հինգ տարի, շարունակվում են նրա ղեկավարած զորքերում հանցավոր անտարբերության, բռնության, խոշտանգումների, ճնշումների եւ մահվան դեպքերը: 2013-ի առաջին 28 օրում արդեն իսկ արձանագրվել է ոչ մարտական պատճառներով մահվան չորս դեպք:

«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը դատապարտում է իշխանությունների անգործությունն ու անկարողունակությունը՝ հաղթահարելու խնդիրները եւ հիմնովին վերափոխելու բանակը: Այս հիմնախնդրի հետաձգումը հղի է նորանոր կորուստներով եւ դժբախտություններով:

Կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին եւ նախագահական ընտրություններում առաջադրված բոլոր թեկնածուներին բարձրաձայնել բանակի խնդիրները եւ հանդես գալ բանակի իրական բարեփոխման ծրագրային առաջարկություններով ու պատրաստակամությամբ:

Լրատվամիջոցներին հորդորում ենք բանակի խնդիրների մասին հարցադրումներով դիմել նախագահի թեկնածուներին եւ հետամուտ լինել ընտրարշավի ընթացքում դրանց եղած անդրադարձներն արձանագրելուն:

Բանակը պաշտպանված ու հզոր է այնքանով, որքանով պաշտպանված են յուրաքանչյուր զինվորի իրավունքները:

«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնություն