Այսօր Գորիս֊Կապան միջպետական ճանապարհին մոտ 15 ադրբեջանցի կանգնեցրել են Գորիսի բնակիչ Արտյոմ Համբարձումյանի վարած Ֆորդ մակնիշի ավտոմեքենան, հարվածել մեքենային․այս մասին Factor.am-ին պատմել է վարորդը։
«Իրենց լեզվով են խոսել, չեմ հասկացել, թե ինչ են ասում և ինչու կանգնեցրին»,- ասաց բնակիչը։ Ըստ Արտյոմ Համբարձումյանի՝ ռուս խաղաղապահները հեռու են եղել իրենցից, սակայն տեղյակ է, որ հետո խոսել են ադրբեջանցիների հետ։
Արտյոմի խոսքով՝ իր մեքենայի հետևից այլ մեքենաներ են եղել ճանապարհին և միայն դրա շնորհիվ է կարողացել շարունակել երթևեկությունը։ Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանն էլ մեզ հայտնեց, որ դեռ չի հանդիպել քաղաքացու հետ, սակայն ասաց, որ, ըստ իր տեղեկությունների, ռուս խաղաղապահներն են օգնության հասել և միայն դրանից հետո է վարորդը կարողացել շարունակել իր ճանապարհը։
Նշենք, որ կատարվածի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանից, սակայն, մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։