«Այդ մարդկանց ուղղորդում են, որ ակցիաներ անցկացնեն․ ոմանց ձեռքին նրանք բութ գործիք են»․ Քաղաքագետը՝ Ռուսաստան մեկնել ցանկացողների մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը

Պարո՛ն Մեհրաբյան, վերջին շրջանում բողոքի ակցիաներ են անում Հայաստանից Ռուսաստան գնալու ցանկություն ունեցող անձինք։ Նրանք ԱԳՆ-ին են մեղադրում, որ չի լուծում խնդիրը, որպեսզի ռուսական կողմը թույլ տա, որ անարգել մեկնեն ՌԴ։ Ի՞նչ կարող են անել այս պայմաններում ՀՀ իշխանությունները։

Այստեղ երկու տարբերակ կա։ Տարբերակ մեկ՝ այդ մարդիկ թյուրիմացության մեջ են հասցեատիրոջ առումով, այսինքն՝ նրանք սխալ հասցեատեր են ընտրել այդ առումով, եկել են ուղղակի անիմաստ խլելու արտգործնախարարության ժամանակը։

Տարբերակ երկու՝ այդ մարդկանց պարզապես ուղղորդում են, որ այդ ակցիաներն անցկացնեն։ Ես մեծ հիմքեր եմ տեսնում, պարտադիր չէ, որ այդ մարդիկ հասկանան, որ իրենք ընդամենը բութ գործիքի դերում են տարբեր անպարկեշտ մարդկանց ձեռքին։ Իսկ եթե ավելի ճիշտ՝ Հայաստանի Հանրապետությանը թշնամաբար վերաբերվող այդ մարդկանց ձեռքին։

Եվ այս ամենը հանգավորվում է այն վայրահաչոցով, որը մենք լսում ենք Ռուսաստանի արտգործնախարարությունից, անձամբ պարոն Լավրովից մրթմրթոցներ ենք լսում։

Եվ մենք նաև այս նույն թատրոնը տեսնում ենք Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ, երբ նույն որակի մարդիկ ՌԴ-ում Հայաստանի դեսպանի կյանքն էին ուտում, թե՝ մենք հայրենիք ենք ուզում գնալ։

– Նաև Լարսի անցակետում էլ կան հայ ընտանիքներ, որոնք պահանջում են բացել սահմանը, որպեսզի կարողանան գալ Հայաստան։

– Այո՛, այդ մարդիկ նաև իրենց հիմարի տեղ դնելով՝ գնում են Լարսում են նստում ու ասում, թե՝ հայրենիք ենք ուզում, իշխանություններից նվերներ ենք ուզում և այլն։ Այս ամենը նույն օպերայից է, ես չեմ հավատում, որ մարդիկ զանգվածաբար այդ աստիճանի ապուշ կարող են լինել, երբ չեն հարցնում, թե ինչը ինչից հետո է և ումից ինչ պետք է պահանջել։ Ես այստեղ շատ հստակ ուղղորդում եմ տեսնում։

– Ո՞րն է նպատակը։

– Ուղղորդումը շատ հստակ նպատակ ունի։ Իսկ այդ նպատակները հաստատապես ՀՀ օգտին չեն։ 

– ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, օրինակ՝ ԱԺ արտահերթ նիստում կոչ է արել Հայաստանի իշխանություններին հումանիտար միջանցքի հարցը քննարկել Ռուսաստանի հետ և բացառության կարգով որոշ քաղաքացիների տեղափոխումը կազմակերպել։

– Ի՞նչ հումանիտար միջանցք, մարդկանց պարզ բացատրում են, որ այսօր համավարակ է, երկրներում գործում են օրենքներ։ Եվ նրանց գնալ կամ չգնալու հարցը պայմանավորված չէ միայն Հայաստանի ուզել-չուզելով։

Գնացեք Ռուսաստանի դեսպանատան մոտ, Ռուսաստանի դեսպանին այդքան բանը բացատրեք, ի՞նչ եք ուզում։

Երկրորդ՝ ես տեղեկություններ ունեմ, սպասում եմ հաստատման, բայց նրանցից շատերը հենց այն կոնտինգենտն է, որը Մոսկվայում Հայաստանի դեսպանատանն էին ղարմաղալ սարքում, թե՝ ուզում ենք Հայաստան գնալ։ Հիմա էլ նույն տեղայնությամբ ուզում են հետևյալը։

– Ընդդիմությունը փորձում է այս մարդկանց դժգոհությունը օգտագործել իշխանության դե՞մ, թե՞ կոնկրետ ուղղորդում է նրանց։

– Ես չեմ կարող ասել՝ կոնկրետ որ դեպքն է, բայց, համենայնդեպս, ես այստեղ բավական կեղտոտ խաղ եմ տեսնում։

Այս իրավիճակում պետք է սպասել, մինչև այս հիվանդացությունը կհասնի նվազագույնի, երկրները կբացեն սահմանները և հնարավոր կլինի երթևեկել։ Եվ այստեղ ոչ ոք թող իրեն վերին արտի ցորենի տեղ չդնի։ Եթե այդքան շատ է պետք, հերթագրվեք, ինքնաթիռով եկեք Հայաստան։

– Պահանջում են, որ պետության միջոցներով իրենց համար տոմս գնվի։

Կներեք, բայց ո՛չ Հայաստանի վարչապետը, ո՛չ արտգործնախարարը Ձմեռ պապի չեն, որ նրանք նվեր ուզեն, Ձմեռ պապն էլ այդ նվերը փաթեթավորած դնի նրանց առաջ։ Եթե նրանք այդքան բանը չեն հասկանում, դա արդեն նրանց խնդիրն է։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am