Անցյալի իրավաքաղաքական գնահատականը պետք է Հեղափոխության ծննդյան վկայականը լինի․ Արսեն Խառատյան

Հասարակական գործիչ Արսեն Խառատյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Անցյալի իրավաքաղաքական գնահատականը պետք է Հեղափոխության ծննդյան վկայականը լինի

Մինչ ՀՀ Ազգային ժողովը սահմանադրական փոփոխության շուրջ ուշացած քվեարկությամբ փորձում է երկրի դատական համակարգի առողջացման սկիզբը դնել, ակտիվացել են արդեն կարծես մոռացված` անցյալին իրավաքաղաքական գնահատական տալու վերաբերյալ քննարկումները: Ի սկզբանե ասեմ, որ հեղափոխության հենց հաջորդ օրվանից, անձամբ ես համարել եւ հիմա էլ համարում եմ, որ այդ գնահատականը տալը գերկարեւոր է եւ ունեմ դրա համար շատ կոնկրետ հիմնավորումներ:

Աներկբա է, որ 2018-ի Թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը, մեր նորագույն պատմության կարեւորագույն էջերից է, որը` անկախ դրա հետագա ճակատագրից, անդառնալիորեն փոխել է մեր պատմության ընթացքը: Սրան չեն կարող չհամաձայնել անգամ այդ հեղափոխությունը ողնուղեղով ատողները, քանի որ այն, առաջին հերթին փոխել է հենց իրենց ճակատագրերն ու կյանքի ընթացքը` նույնիսկ եթե բացասաբար:

Այսպիսով արձանագրում ենք, որ Թավշյա հեղափոխությունը պատմական իրողություն եւ իրադարձություն է, ուստիեւ` պետք է ունենա իր պաշտոնական Փաստաթուղթը` այն թուղթը, որը փաստում է, որ մեր կյանքի այս դրվագը տեղի է ունեցել: Եթե կուզեք հեղափոխության ծննդյան վկայականը: Իմ խորին համոզմամբ, այս փաստաթուղթն առաջին հերթին անհրաժեշտ է հենց հեղափոխությունն իրականացնողներին` մեզ, քանի որ հենց մենք պետք է շահագրգիռ լինենք շարադրել/արձանագրելու տեղի ունեցածը, այնպես` ինչպես դա պատկերացնում ենք:

Որպեսզի տեղի ունեցածը հեղափոխություն համարվի, այն պետք է հստակ ինքնություն ունենա: Հեղափոխության այդ ինքնությունն անհնար կլինի, եթե չհստակեցվի, թե հատկապես ի՞նչ է այն փոխել: Այսինքն, ի՞նչ է եղել անցյալում, որը փաստում ենք, առանց հեղափոխության հնարավոր չէր փոխել, եւ ինչ է նախանշում այն նորը, որը հաստատվել, կամ դեռ պիտի հաստատվի հենց հեղափոխության կողմից: Եւ հենց այստեղ է անհրաժեշտություն առաջանում հստակ տեքստով գնահատելու անցյալի իրողությունները, դրան պատմական, իրավական եւ քաղաքական գնահատական տալու միջոցով:

Հիմա կասեք, որ 10-յակ, կամ 100-ավոր ելույթներով ու վերլուծական հոդվածներով անվերջ խոսվել է անցյալի հանցավոր ռեժիմի, օլիգարխիայի, կլեպտոկրատիայի (գողապետություն), կոռուպցիայի եւ այլնի մասին: Ավելին, այն գործընթացներն ու օրենքները, որոնք հարուցվել եւ ընդունվել են նոր` լեգիտիմ օրենսդիրի եւ գործադիրի կողմից, ինքնին անցյալի գնահատական են: Ես էլ կասեմ, որ ճիշտ է, այս ամենի մասին շատ է խոսվել, սակայն ֆորմալ տեսանկյունից 100-ավոր ելույթներն ու օրենքները չեն արձանագրում, մեխում ու հստակեցնում Թավշյա հեղափոխության լեգիտիմությունը:

Այսպիսով, չնայած ուշացած, սակայն անցյալի իրավաքաղաքական գնահատական տալը շարունակում է չափազանց կարեւոր լինել ապագան կառուցելու եւ այդ մերժված անցյալի կրկնությունը բացառելու տեսանկյունից: Որպեսզի վերջնականապես պարզ դառնա, թե ինչի վերադարձն ենք մերժում կամ բացառում, այդ մերժվողն ու բացառվողը պետք է նախ շատ հստակ ձեւակերպվի: Հակառակ պարագայում ունենալու ենք երկակի ստանդարտների մեջ թաթախված ընտրովի արդարադատություն ու կամայական որոշումների չդադարող շղթա:

Ինձ համար առավել քան հստակ է, որ հենց այս գնահատականը չտալու պատճառով է, որ կաշառակերությամբ ու թալանով երկրի ողջ ռեսուրսն անձնական շահերին ծառայեցրած գողապետության պարագլուխներից շատերը ոչ միայն բանտերում չեն, այլեւ իրենց թույլ են տալիս մեղադրել գործող քաղաքական մեծամասնությանը սահմանադրական կարգը տապալելու մեջ: Նրանցից որոշները չեն խորշում անգամ պահանջել գործադիրի հրաժարականն ու խոսում պետական իշխանության վերադառնալու իրենց «լեգիտիմ» իրավունքի մասին, թույլ տալով իրենց սպառնալ, թե երբ իրենք հետ գան` դատելու են հեղափոխականներին:

Հետհեղափոխական այս երկու տարվա ընթացքում մեր հանրությունը հայտնվել է իրավական ու քաղաքական տերմինների հոգնեցնող հորձանուտում: Վեթթինգ, անցումային արդարադատություն, լյուստրացիա, այս եւ այլ օտարածին շատ տերմիններ ցավոք հաճախ աղճատված, ոչ ճիշտ կոնտեքստում ու անհասկանալի են կիրառվում, ինչի հետեւանքով այս շատ կոնկրետ գործիքները հանրության աչքերում արժեզրկվում, իսկ հակահեղափոխության կողմից դառնում են «սորոսականի» անվան տակ շահարկումների հիմք: Այստեղ, սակայն, առավել մտահոգիչն այն է, որ ինձ համար արժեքավոր մարդիկ եւս խայծը կուլ տալով այս ամենը ներկայացնում են որպես արտաքին գաղութարարների կողմից ներմուծված կամ պարտադրված ընթացք: Ուստի անհրաժեշտ է առավել խորությամբ բանավեճ ծավալել խոսվողի շուրջ, որպեսզի ե՛ւ մեր ներքին դիսկուրսում, ե՛ւ լայն հանրությանը հասկանալի դառնա, թե ինչի մասին է խոսքը:

Ես խորապես համոզված եմ, որ մեր 30-ամյա անկախության ողջ ընթացքում հենց խորհրդային անցյալը ֆորմալ չգնահատելու պատճառով մենք ապրել ու շարունակում ենք ապրել գաղութատիրական մտածողության ու ֆորմաների մեջ: Ուստի եթե 2018-ի հեղափոխությունը ինքնիշխանության առավել բարձր մակարդակի հասնելու նպատակ ունի, ապա այո՛ անխուսափելի է լինելու անցյալին ֆորմալ իրավաքաղաքական գնահատական տալը:

Առայժմ այսքանը…

Անցյալի իրավաքաղաքական գնահատականը պետք է Հեղափոխության ծննդյան վկայականը լինիՄինչ ՀՀ Ազգային ժողովը սահմանադրական…

Posted by Arsen Kharatyan on Tuesday, June 23, 2020