Ուհանում հիվանդանոցներից դուրս են գրվել կորոնավիրուսը հաղթահարած վերջին քաղաքացիները

Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի տվյալների համաձայն, ապրիլի 27-ի առավոտվա դրությամբ Հուբեյ նահանգում և դրա վարչական կենտրոն Ուհան քաղաքում, որը համարվում է վարակի բռնկման էպիկենտրոն, չի գրանցվել կորոնավիրուսի վարակվածության, ինչպես նաև մահացության նոր դեպք:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Ապրիլի 26-ին Հուբեյի և Ուհանի հիվանդանոցներից դուրս են գրվել վերջին 12 պացիենտները, որոնք բուժհաստատություններ էին տեղափոխվել կորոնավիրուսով վարակվածության պատճառով: Ապրիլի 27-ին տվյալ վայրերում որևէ կասկածվող դեպք չի գրանցվել:

Կորոնավիրուսի վարակի առաջին դեպքն արձանագրվել է 2019 թվականի վերջին Ուհանում: 2020 թվականի հունվարի 23-ին քաղաքը դարձել է վարակի էպիկենտրոն: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։  Քաղաքն ամբողջությամբ մեկուսացված էր արտաքին աշխարհից: 2019 թվականի դեկտեմբերից Հուբեյ նահանգում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 512 մարդ, որից 3 հազար 869-ը՝ Ուհանում: Նահանգում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 68 հազար 128, որից ավելի քան 50 հազարը՝ Ուհանում: Այնտեղ կյանքը հետզհետե վերադառնում է բնականոն հուն: