Համերի հիշողություն. Մարոն

«Համերի հիշողություն» շարքը մարդկանց սննդային հիշողությունները վերականգնելու փորձ է: Այս շարքում համը դառնում է մարդու պատումը բացահայտելու և նրա հիշողության շերտերը թարմացնելու միջոց:

Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի գաճաճ շենքերից մեկի դռներից վրա փակցված է՝ «Խաչատուրյան», ճիշտ այնպես, ինչպես Աղավնոյի իրենց սեփական տան դռան վրա: Մարո և Խաչատուր Խաչատուրյանները Լիբանանից Հայաստան են տեղափոխվել 2017 թվականին՝ իրենց երկու որդիների մահից մեկ տարի անց, մնացել մեկ օր ու միանգամից մեկնել Արցախ: 

Ողջ շենքով տարածված խունկի հոտից անգամ կարելի է կռահել Մարոյի տունը, բայց նրան մատնում են նաև Միջին Արևելքի համեմունքների խենթենալիք բույրերը, որ իր բնության, կենցաղի ու վարքի մի մասն են: 

Արևելյան խոհանոցի հետքը նրա այժմյան խոհանոցային ձեռագրի վրա այնքան պարզ ու ցայտուն է երևում, որ եթե անգամ չլիներ լիբանանյան հայերենը, ակնհայտ է, թե Մարոն որտեղից է: Բեյթմերիում (անգլերեն Beit Meri, գյուղ Լիբանանում) ծնված Մարոն գյուղում շատ կարճ ժամանակ է մնացել, քանի որ ծնողներն աշխատում էին, ու նա պետք է գիշերօթիկ դպրոց հաճախեր մեկ այլ վայրում: Բեյթմերիում հայերը շատ չէին, Մարոն էլ վեց տարեկան էր, երբ դուրս եկավ, դրա համար շատ բաներ չի մտաբերում: 

– Իմ մանկության սննդային հիշողությունը հենց մայրապետների հետ է կապված: Գիշերօթիկ դպրոցում շատ համեղ էին պատրաստում, բայց քմահաճություններ անելու իրավունք չկար, ինչ տալիս էին, պետք է ուտեիր: 

Մարոն իրենից 15 տարով մեծ Խաչատուրին հանդիպել է հենց գիշերօթիկում, ուր գնացել էր ապագա ամուսինը ընկերոջ քրոջը տեղ հասցնելու համար: Այդ օրը Մարոն մոր հետ պետք է տուն գնար, ու Խաչատուրին խնդրել էին իրենց տեղ հասցնել: 

Մայրը, տուն հասնելուն պես, քաղաքավարությունից ելնելով՝ ներս էր հրավիրել: Խաչատուրն էլ համաձայնել էր, հետո սիրահարվել աղջկան և որոշել ամուսնանալ: 

Տասնվեց տարեկան՝ տակավին պստիկ, ինչպես Մարոն է ասում, ամուսնացավ, ու երեք զավակներ ունեցան: Մարոյի մորական տատը՝ մեծ մայրը, որ ապրում էր Արագած շրջանում (Լիբանանում հայտնի է որպես հայերով բնակեցված տեղանք), ամռանը Մարաշի ասեղնագործություն էր անում ու շնորհքը փոխանցում թոռնուհուն: 

Մարոյի տան սեղանին սփռոցի փոխարեն գցված ասեղնագործ աշխատանքը վկայություն էր ոչ միայն հիշողության, այլև՝ ավանդույթի պահպանման: Մեծ մայրը համեղ էր պատրաստում, բայց նրա խոհանոցը սահմանափակվում էր լոկ ունեցածով, այլ ոչ թե ճոխություններով: Տեղահանված մարդիկ շքեղություններ չեն կարողանում իրենց թույլ տալ, հետևաբար բավարարվում են այն ամենով, ինչ ունեն: Այդ հետո է, որ կայանում են, ոտքի կանգնում ու սկսում փորձարկումներ անել՝ համադրելով իրենց հայրենիքից բերած սննդային հիշողությունը տեղի խոհանոցի հետ: 

– Ասի չեմ սիրեր, ադի չեմ ուտեր՝ այդպես բան չկար: Այդ ժամանակվա իմ հիշողությունները կապված են նաև մորս տատիկի հետ: 90-ն անց այս կինը բլղուրով փլավ էր սարքում, որի համը մոռանալ չի լինի, կրկնել՝ ևս: Մինչև հիմա, երբ ես եմ պատրաստում այն, մեկ է, այդ համը չեմ կարողանում գտնել: Առաջվա տիկինները շատ յուղոտ ճաշեր էին եփում, ու նա էլ բացառություն չէր: 

Մեծ մայրերի՝ տանը ներկայությունը, օգնում էր ոչ միայն վերագտնել շատ բաղադրատոմսեր, դարձնել դրանք սննդային սովորույթի մի մասը, այլ նաև՝ ադապտացնել կամ համադրել տեղական խոհանոցի հետ: 

– Միշտ մտածում էի, որ մեծ մայրս հավերժ է, չի մեռնելու: Երբ նրանք մեռնում են, նոր ենք գիտակցում, թե ինչքան կարևոր էր նրանց ներկայությունը մեր հիշողության պահպանման մեջ: 

Լիբանանում գրեթե նույն ճաշերն էին պատրաստում, ինչ արաբները. դա մշակույթից հեռու չմնալու, տեղին ավելի արագ հարմարվելու միջոց է: Հայկական կամ Հայաստանում ընդունված ուտեստներ փորձում են տղայի տանը, որի կինը տեղացի է, ու նա է, որ պատրաստում է բորշչ ու սպաս, բայց ասել, թե այստեղի կերակուրները նրանք քիմքին հաճո են, սխալ կլինի: 

Արդեն մեկ տարի է՝ ինչ Նորակերտում են Մարոն ու ամուսինը, որը տեղանքի, միջավայրի ու կենցաղային տարբերությունների հետ չի կարողանում հարմարվել: Լիբանանում ընդունված է, որ երբ նոր տուն ես տեղափոխվում, հարևանները հավաքվեն, հարցուփորձ անեն, հետաքրքրվեն, թե ինչով կարող են օգնել, որևէ համեղ բան պատրաստեն ու տանեն նորեկի տուն՝ այդպիսով ողջունելով նրան նոր տեղանքում ու տալով նրան ապահովության զգացում: 

– Հայաստանում բարև կտաս, բարևդ չեն առնի, ես էլ զայրանում եմ, հարևանություն անել չկա, մտերմության այն չափը չկա, որքան Լիբանանում էր կամ Արցախում: Տուն եկանք, մեկը չեկավ բարև ըսելու: Արցախում ուրիշ էր, շատ սիրեցինք Ղարաբաղը, մանավանդ մեր գյուղը,- ասում է Խաչատուրը, որ ողջ կյանքում մսավաճառ է եղել ու պարապ նստել չի սիրում: Մսավաճառ լինելու ընթացքում էլ ձեռք է բերել ընկերներ, որոնց հետ սիրում էր ժամանակ անցկացնել, հրավիրել իր տուն, որտեղ Մարոն, որ չէր աշխատում, սիրով էր հյուրընկալում բոլորին և անտրտունջ պատրաստում: 

(Ի դեպ, հայկական բարև չառնելու անհաջող փորձը, ենթադրում եմ, որ բացառությունների շարքին է պատկանում, որովհետև տեղաբնակները հայտնի են հյուրընկալությամբ և հետաքրքրվելու, օգնելու ցանկությամբ:) 

Աղավնոն վերաբնակեցված գյուղ է, որ 44-օրյա պատերազմից հետո՝ 2022 թվականի օգոստոսից, գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Քանի որ գյուղում եկվորները շատ էին, սննդային մշակույթն էլ բավական բազմազան էր: 

Մարոն ասում է, որ իրեն շատ էին գալիս ու հարցնում, թե որ կերակուրն ինչպես է պատրաստում, բայց նա խոհանոցի հարցում պահպանողական է: Ամեն բան Արցախում փորձել են, բայց չեն մտցրել իրենց կերակրացանկ, իսկ Հայաստանում մեկ տարի է՝ ինչ ապրում են, ու գուցե այդքանը բավարար չէ խոհանոցային սովորույթներ յուրացնելու համար: Ի վերջո, սնունդը դժվարությամբ է ճանապարհ անցնում, այն միանգամից չի կարող կենցաղ մտնել, ընդունելի ու ընկալելի դառնալ, սննդին ժամանակ է պետք: 

Իրենց արցախյան կյանքը ջերմությամբ են հիշում, որովհետև այնտեղ ոչ միայն տուն ու տեղ էին դրել, այլ նաև ձեռք բերել թանկ մարդկանց, որոնք հաճախ էին հյուր գալիս, ծանոթացնում տեղի վարքուբարքին, սովորույթներին: Ժենգյալով հաց, Ղարաբաղի հայտնի փախլավա և այլ տիպիկ արցախյան ուտեստներ իրենք չեն պատրաստել և չեն պատրաստում Հայաստան տեղափոխվելուց հետո, քանի որ Մարոն իր ավանդական կերակուրների սիրահարն է և փորձարարություն այնքան էլ չի սիրում անել: Երբ Նորակերտում հյուրեր են ունենում՝ ավելի քիչ, քան Լիբանանում և Արցախում, բիբերով հաց է պատրաստում և անպայման սուրճ, որը լիբանանահայերը չեն մատուցում քաղցրավենիքով, ինչպես տեղացիները, այլ՝ շաքարով: Մարոն նաև պատմեց, որ երբ սուրճ է եփում, մարդկանց թվով չի հաշվում. միանգամից շատ է եփում, քանի որ իրենք սովորություն ունեն օրվա ընթացքում շատ սուրճ խմել: 

– Անգամ սննդային բառերն են տարբեր Լիբանանում ու Հայաստանում: Մենք՝ արևմտահայերս, ասում ենք՝ հրամմե, այսինքն՝ կե՛ր: Երբ առաջին անգամ այստեղ ասացին՝ օգտվեք, ամուսինս այնպես զայրացավ, որովհետև մեր բառապաշարում օգտվել նշանակում է մեկը սոված է, անոթի, նեղության մեջ է, հնար չունի և իրեն ասում ես՝ օգտվիր: Մի խոսքով, ընդունելի բառ չէ: 

Սննդի հետ կապված տարբերություններից մեկն էլ կապված է խաշի հետ: Հայաստանում ևս այս կերակուրը առավոտյան են համտեսում, որովհետև այն դյուրամարս չէ, բայց որքան մեծ էր զարմանքս, երբ Խաչատուրն ասաց, որ Լիբանանում ճաշարաններ կան, ուր առավոտյան ժամը 4-5-ին մարդիկ կարող են գնալ ու խաշ ուտել: Հետաքրքրական է, որ Ֆրանսիան, որի գաղութն է եղել Լիբանանը Առաջին համաշխարհային պատերազմից հետո, բացարձակ ազդեցություն է թողել բոլոր ոլորտների վրա, այդ թվում՝ լրջագույն ազդեցություն կրթական համակարգի վրա, բայց, ըստ Մարոյի, չի ներգործել խոհանոցի վրա: 

Շուտով Խաչատուրը ինձ ցույց է տալիս իր համրիչների հավաքածուն՝ մոտ 60 հատ, որից մեկը նվիրում է և ասում, որ այն հենց այնպես բան չէ, պետք է լավ պահեմ: Հետո բերում է մի մորթե վերարկու, հագնում ու ասում, որ նվեր է ստացել շեյխից, որի տուն ճաշի էր գնացել: Խաչատուրը մտածում է Լիբանան վերադառնալու մասին, քանի որ և՛ աղջիկն է այնտեղ, և՛ ընկերները, որոնց հետ սիրում է ժամանակ անցկացնել: Բայց հավանաբար նրա՝ վերադառնալու ցանկության պակասը կապված է հենց տարբերությունների հետ: 

…ու ճամփորդելով Լիբանանից Հայաստան, հետո՝ Արցախ, սննդային հիշողությունը, որ ծավալով չափազանց մեծ է ու չի տեղավորվի մեկ ճամպրուկում, մարդկանց հետ տեղափոխվում է անդադար: Նրանք կորցրել են շատ թանկ ու կարևոր մարդկանց, իրենց ստեղծած տունը Աղավնոյում, թողել են իրենց ջանքն այնտեղ ու իրենց հետ բերել ու տանելու են միայն հիշողությունը. այն չես կարող խլել այդքան արագ: Մարդուն կարող ես տեղահանել, սննդային հիշողությունը՝ ոչ, այն միշտ տեղափոխվում է, այն շարունակական է ու հավերժ այնքան, ինչքան պատրաստ ես պահպանել: 

Կուշանե Չոբանյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան

MediaLab.am