«Ամեն մի կազմակերպության հայտարարության հիման վրա լեգիտիմությունը կասկածի տակ չեն առնում, այն էլ` նախագահի». Դավիթ Հարությունյան

«Ամեն մի կազմակերպության հայտարարության հիման վրա լեգիտիմությունը կասկածի տակ չեն առնում, այն էլ` նախագահի». Դավիթ Հարությունյան
«Ամեն մի կազմակերպության հայտարարության հիման վրա լեգիտիմությունը կասկածի տակ չեն առնում, այն էլ` նախագահի». Դավիթ Հարությունյան

Նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի լեգիտիմությունը վիճարկելու մի քանի իրավական մեխանիզմներ կան այսօր, որոնցից մեկն այն է, որ Մարդու իրավունքների պաշտպանը կարող է դիմել Սահմանադրական դատարան: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նրա ղեկավարած կազմակերպությունն այն մի շարք կազմակերպությունների թվում է, որոնք մամուլում հայտարարություն են տարածել այն մասին, որ Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ:

Արթուր Սաքունցի խոսքով՝ այս պահին քաղաքացիական հասարակության խնդիրն այն է, որ իրենց դիրքորոշումը ներկայացնում են ու գնահատականներ են տալիս:

«Հասկանալի է, որ Հայաստանի այսօրվա քաղաքական իրավիճակում որոշում կայացնողների համար անընդունելի է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից այս հարցին անդրադառնալը: Բայց այդ հարցերը վաղուց էին բարձրացվել, պարզապես հերթական անգամ անտեսվել էին»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք, որ մի շարք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի՝ նախագահի պաշտոնը ստանձնած Արմեն Սարգսյանը լեգիտիմության խնդիր ունի: Ըստ հայտարարության՝ Արմեն Սարգսյանը որևէ կերպ չի փարատել իր քաղաքացիության հետ կապված կասկածները, մասնավորապես առ այն, որ նա չի բավարարում վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի լինելու սահմանադրական պահանջը:
«Արձանագրում ենք, որ ՀՀ նախագահի՝ ժողովրդի կողմից ուղղակիորեն կամ ԱԺ կողմից ընտրվելու վերաբերյալ սահմանադրական կազուսը և դրան առնչվող սահմանադրական նորմերի կամայական մեկնաբանումները արդեն իսկ հարցականի տակ են դնում Հայաստանի Հանրապետության նոր նախագահի ընտրության սահմանադրականությունը։ Սրան հավելվում է այն փաստը, որ Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնության կողմից ընտրված Արմեն Սարգսյանը ստանձնում է նախագահի պաշտոնը՝ խախտելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ հստակ սահմանված քաղաքացիության հետ կապված պահանջը՝ ողջամիտ կասկածներ հարուցելով իր լեգիտիմության նկատմամբ և հարցականի տակ դնելով Սահմանադրության երաշխավոր լինելու իր հիմնական գործառույթի ապահովումը»,- նշվում է հայտարարությունում:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից «Մեդիալաբը» հետաքրքրվեց՝ կա՞ իրավական որևէ մեխանիզմ, որով ՀՀ քաղաքացիները կարող են անվստահություն հայտնել նորընտիր նախագահին ու նրա լեգիտիմության հարցը վիճարկել: Ըստ Հարությունյանի՝ վիճարկել հնարավոր է միայն Սահմանադրական դատարանում:

«Ընդհանրապես կարող են վիճարկել Սահմանադրական դատարանում, բայց այդ կազմակերպությունները չեն կարող դիմել, միայն պատգամավորները: Գիտե՞ք ինչ կա, ամեն մի կազմակերպության հայտարարության հիման վրա լեգիտիմությունը կասկածի տակ չեն առնում, այն էլ` նախագահի»,- «Մեդիալաբին» ասում է Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարան դիմելու համար ստորագրահավաքի տարբերակը ՀՀ նախագահին անվստահություն հայտնելու դեպքում չի գործում:

Ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակության ու ընդդիմադիրների բարձրացրած հարցին, թե ինչո՞ւ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի համապատասխան մարմիններից ի վերջո չի բերում իր քաղաքացիությունը դադարեցնելու մասին տեղեկանքը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ օրենքը նախատեսում է Հայաստանի անձնագրերի և վիզաների վարչությունից վերցնել այդ տեղեկանքը, ինչն էլ նորընտիր նախագահն արել է:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է, այս հարցում կոնկրետ հասցեատերը Արմեն Սարգսյանն է, ով համաձայնում է ակնհայտ խախտումներով զբաղեցնել ՀՀ նախագահի աթոռը:

«Մենք արձանագրում ենք, որ իր որևէ խոսք, ցանկություն կամ արտահայտություն արդեն իսկ կասկածի տակ է, որովհետև եթե դու խախտումներով ես համաձայնում նախագահի պաշտոնը զբաղեցնել, ապա ի՞նչ կարող ես առաջարկել: Սա է հիմնական խնդիրը, որ իշխանությունները հանկարծ չմտածեն, թե ինչպես ցանկանան,այնպես էլ կարող են հրամցնել»,- ասում է Սաքունցը:

Ինչ վերաբերում է խնդրին իրավական ընթացք տալուն, իրավապաշտպանն ասում է, որ Սահմանադրական դատարան դիմելու մի քանի ճանապարհներ կան: Դրանցից մեկն այն է, որ օմբուդսմենը կարող է այդ հարցը բարձրացնել: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, նրա խոսքով, կարող են մտածել այս ուղղությամբ, չնայած քիչ հույսեր կան:

«Բայց օմբուդսմենը հերթական անգամ ստիպված կլինի որոշում կայացնելու, քանի որ դա անհատական հարթության ինստիտուտ է: Հաջորդ տարբերակն այն է, որ պատգամավորները կարող են դիմել ՍԴ, բայց քանի որ պատգամավորական մեծամասնությունը կողմ է քվեարկել, պարզ է, որ դա չի արվի: Մյուս տարբերակը հանրաքվեն է, բայց այդ մեխանիզմը դեռ քննարկվում է, մի քիչ ավելի ուշ կանդրադառնանք»,- ասում է Արթուր Սաքունցը:

Նրա խոսքով՝ ստեղծվել է մի իրավիճակ, որ Սերժ Սարգսյանը՝ որպես գործող նախագահ, անընդհատ գտնվում է ոչ լեգիտիմության դիրքերում: Սահմանադրական փոփոխություններով իբր թե կուսակցական կամ քաղաքական համակարգը պետք է ձևավորվեր ու ուժեղանար, բայց այդ նույն կուսակցական համակարգը հերթական անգամ ոչնչացվեց, երբ Գագիկ Ծառուկյանին նորից վերադարձրին քաղաքական դաշտ: Ըստ էության, դրանով ընդդիմադիր զանգվածի ձայները փոշիացվեցին ու ոչնչացվեցին:

«Եվ այն, որ այսօրվա նախագահի լիազորությունների մեծ մասը օրենքի ուժով կենտրոնացվում է վարչապետի վրա, խոսում է այն մասին, որ այս իրավական աճպարարությունները ընդհանրապես սեփական իշխանության ամրապնդման և շարունակության նպատակ ունեին»,- ասում է Սաքունցը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am