Գավառի մանկատանը մատակարարված անորակ սնունդը փոխարինվել է. Մանկատան տնօրեն

Գավառի մանկատանը մատակարարված անորակ սնունդը փոխարինվել է. Մանկատան տնօրեն
Գավառի մանկատանը մատակարարված անորակ սնունդը փոխարինվել է. Մանկատան տնօրեն

«Այսօր «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ը՝ իր կողմից կազմված արձանագրության համաձայն, ստացել է «Ֆոտոն» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի տեխնիկական պահանջներին համապատասխանող սնունդը: Մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում մեր հաստատությանը մատակարարվող սննդի և մյուս ապրանքների որակական հատկանիշները և արձանագրում անգամ աննշան թերությունները: Այս անգամ ևս հենց մատակարարման պահին նկատել և արձանագրել ենք թերությունները և հրաժարվել ընդունել մատակարարված խմբաքանակը»,- այս մասին  ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը:

ՊՈԱԿ-ի տնօերնը տեղեկացրել է, որ նույն օրը «Ցիկլոիդ» ՍՊԸ-ի կողմից մատակարարված 50 լ հյութի տուփերի վրա բացակայել է համապատասխան մակնշումը՝ հյութի մեջ առկա առնվազն 40 %  թարմ մրգերի և պտուղների ծավալային մասին տեղեկատվություն առկայության վերաբերյալ: Այս խմբաքանակը ևս մանկատունը չի ընդունել: Այն փոխարինվել է տեխբնութագրին համապատասխանող ապրանքով: 

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Գավառի մանկատան սննդի ընդունման հանձնաժողովը մատակարարված սննդի արտաքին տեսքի զննությամբ հայտնաբերել էր, որ 10 կգ պղպեղը և 50 կգ խնձորը ընդհանրապես չէր մատակարարվել, իսկ մատակարարված միսը չի համապատասխանում ՊՈԱԿ-ի և «Ֆոտոն» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի տեխնիկական պահանջներին:

Մանկատան տնօրինությունը հրաժարվել էր ընդունել մատակարարված ապրանքի հերթական խմբաքանակը և տեղում համապատասխան արձանագրություն կազմել՝ ահազանգելով նաև Սննդի անվտանգության պետական ծառայություն՝ պահանջելով համապատասխան մասնագիտական եզրակացություն: Նույն օրը փորձանմուշը ուղարկվել է լաբորատոր փորձաքննության: Այս մասին համապատասխան կարգով տեղյակ է պահվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան վարչությունը:

Բացի այդ, ՊՈԱԿ-ի տնօրինությունը պահանջել է լրացնել չմատակարարված սննդի խմբաքանակը, ինչպես նաև փոխարինել կասկածի տեղիք տված մսամթերքը:

Մատակարար ընկերությունը եռօրյա ժամկետում վերացրել է արձանագրված թերությունները:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։