Թող գան դատարան և ապացուցեն, որ ծխախոտի մաքսանենգությամբ եմ զբաղվել․Հրաչ Հակոբյանը չորս հոգու դեմ դատական հայց է ներկայացրել

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանի եղբայրն է, դատի է տվել մի քանի հանրային գործիչների։ Նրանք են՝ Նարեկ Սամսոնյանը, Գագիկ Համբարյանը, Արթուր Դանիելյանը, Մարինա Խաչատրյանը։ 

«Ես արդեն դատական հայցն ուղարկել եմ դատարան և պահանջում եմ հրապարակային ներողություն խնդրել, հերքել իրենց տարածած սուտ տեղեկությունը»,- «Մեդիալաբին» ասում է Հրաչյա Հակոբյանը։

Իշխանական պատգամավորի՝ դատարան դիմելու առիթը վերջերս մի քանի լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունն էր, թե 4 մլն դոլար արժողությամբ մաքսանենգ ճանապարհով ծխախոտ է արտահանվել Հայաստանից, և դրա հետ սերտ կապ է ունեցել Փաշինյանի ընտանիքի մերձավորը, մասնավորապես՝ Հրաչյա Հակոբյանը։ 

Վերջինը տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներում հերքել էր այդ տեղեկությունը, բայց միևնույն է՝ ծխախոտի մաքսանենգության մասին լուրը տարածվում էր։ Նշված չորս անձինք իրենց հայտարարություններն ու պնդումներն արել են կամ մամուլի ասուլիսում, կամ ֆեյսբուքյան գրառումներում, կամ հարցազրույցներում։

Հրաչյա Հակոբյանը իր դեմ տեղեկատվական արշավի հետևում կանգնած տեսնում է Միքայել Մինասյանին։ 

«Մի քանի հարցազրույցներում ես դիրքորոշում էի հայտնել Միքայել Մինասյանի, նույն՝ Միշիկի տարբեր հայտարարությունների կապակցությամբ։ Ես վստահ եմ, որ նրա համար ցավոտ է եղել իմ դիրքորոշումը, ու արդյունքում ակնհայտորեն ուղղորդված արշավ է սկսվել այդ մարդկանց միջոցով իմ անձի դեմ»,- ասում է Հրաչյա Հակոբյանը։

Պատգամավորը նշում է՝ ինքը սպասում է, որ այդ անձինք գան դատարան և ապացուցեն իրենց հայտարարությունները։ «Դատարանի դռները իրենց առջև բաց են, թող գան դատարան և փաստերով ապացուցեն իրենց հայտարարությունների ճշմարտությունը։ Ես վստահ եմ, որ նման բան չի եղել, բայց թող իրենք գան, փաստեր ներկայացնեն, որ իրենք ճիշտ են»,- ասում է նա։

Վարչապետի ընտանիքի մերձավորը դատարան ներկայացրած հայցով պահանջում է չորս անձանցից ներողություն խնդրել և հերքում տարածել։ Սակայն ֆինանսական փոխհատուցման պահանջ չի ներկայացրել։ Հարցին, թե չի՞ պատրաստվում, Հակոբյանը պատասխանեց․ 

«Դեռ այդքանն է իմ պահանջը, ֆինանսական փոխհատուցման և այլ պահանջների մասին ընթացքում կորոշեմ»։ 

Այն, որ իր դեմ ուղղորդված մեդիաարշավ է իրականացվում, Հակոբյանին հիմք է տվել եզրակացնել նաև այն հանգամանքը, որ ծխախոտի մաքսանենգության լուրից հետո նույն լրատվամիջոցները հրապարակել են իր 2018 թվականի հայտարարագիրը՝ ակնհայտ սխալ շեշտադրումներով։ 

«Նրանք հրապարակել են հին հայտարարագիրս ու վերնագրում գրել՝ «Պատգամավոր դառնալուց հետո Հակոբյանը երկու մեքենա է ձեռք բերել», բայց բացում ես նյութը՝ գրված է ճիշտ տեղեկություն․ մի մեքենան վաճառել եմ, գնել եմ մյուս մեքենան։ Այդքան դիլետանտ են եղել այդ լրատվամիջոցները»։ 

Իրենց դեմ պատգամավորի ներկայացրած դատական հայցին արձագանքել են Նարեկ Սամսոնյանն ու Գագիկ Համբարյանը․ առաջինը «սիրով և մեծ հպարտությամբ է ընդունել մարտահրավերը», իսկ երկրորդը եզրակացրել է՝ «իշխանության կողմից իմ բերանը փակելու միջոց է»։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am