Աշխարհում ոչ ոք չի հիշվել ուշիմ աշակերտ լինելու շնորհիվ

Լուսինե Հովհաննիսյան

Մի շատ կենցաղային հեռախոսային հաղորդագրության ընթացքում ձևակերպվեց վերջապես այն միտքը, որ արդեն ահագին ժամանակ՝ պատերազմից հետո, շատ ուզում էի ասել։

Կենցաղային թեմայով կարճ հաղորդագրություն էի գրել աղջկաս, որին ի պատասխան նա ուղարկեց Ալեն Մարգարյանի մասին գրքի նկարը. «Մտնեմ գրախանութ, գիրքն առնեմ, գալիս եմ»։

Հետո ավելացրեց. «Ինձ թվում ա՝ ինքը շատ կուզեր, որ իրա մասին կարդայինք»։

Նախորդ օրը մեր զոհված տղաներից մեկի մասին հաղորդում էր, ամբողջ հաղորդման ընթացքում սինքրոն խոսում էի, որ չի կարելի այսքան անդեմ սարքել դեմք ունեցող մարդկանց։

«Ինքը հաստատ կուզեր, որ իր մասին կարդայինք»-ը լավ ձևակերպում թվաց ինձ։ 

Մենք նրանց համար այլևս ոչինչ անել չենք կարող։ Առավելագույնը՝ նրանց հարազատների համար կարող ենք ինչ-որ բան անել։

Իսկ իրենց համար՝ այլևս ոչինչ։ Այդ տղաները բոլորովին պարտադիր չէ, որ լավ ուսումնառության դրվագ ունեցած լինեն իրենց կյանքում։ Նրանք բոլորն անպայման ունեին հատկանիշ։

Նույնիսկ վատ հատկանիշ։ Նույնիսկ վատ հատկանիշի վրա կարելի է պատմություն կառուցել այն մասին, որ այսքան խնդիրներ է առաջացրել մարդն իր կյանքում ու զոհվել մեզ համար, երբ մենք տանն էինք, ինչքան էլ անքուն մնայինք՝ քնում էինք մի քանի ժամ, հաց էինք ուտում, սուրճ էինք խմում, դուրս էինք գալիս փողոց, իսկ խաղաղ կյանքում ա՛յ այսքան խնդիրներ ստեղծած տղան այդ ժամանակ կռվում էր շատ անհավասար կռվում, ուղղահայաց վիրավորում էր ստանում (այս բառը սովորեցի վերջին հարցազրույցի ժամանակ, երբ վիրաբույժը նկարագրում էր հիմնական վիրավորումների տեսակը) ու հասկանում մահը բոլոր մեծերից շուտ։

Վատ հատկանիշների վրա կարելի է կառուցել շատ լավ պատմություն, որ տղային իմանան, հիշեն, անգամ եթե հիշեն ոչ թե վաղ տարիքում արդեն ի հայտ եկած ընդունակություններով, այլ, օրինակ՝ այսպես՝ «էս էն տղան էր, որ տնից փախչում էր ու քնում քարանձավում, էս էն տղան էր, որ կոշիկ էր գողացել, որովհետև քույրը հարսանիքի կոշիկ չուներ»։

Նրանք կսիրվեն նույնքան, որքան, ասենք՝ Ալեն Մարգարյանը, որն ընկերների շնորհիվ ֆեյսբուքյան մի տեսանյութով մտավ մեր մեջ, ու արդեն ապրում ենք՝ իր մասին իմանալով, պարբերաբար նայելով դեմքին։

Նրանք անպայման կուզեին, որ իրենց մասին մենք իմանայինք։

2016-ին բոլորի նկարները հրապարակվեցին, բոլորին գիտեինք։ Եթե անգամ անունները չէինք հիշում, մի մասին դեմքով գիտեինք, մյուսներին՝ մի հիշվող պատմությամբ, ես, օրինակ՝ նրանցից մեկին ասում էի՝ Վան Գոգի դեմքով մարդը, ու այդպես հիշում եմ, որտեղ էլ տեսնեմ նկարը՝ գիտեմ, որ սա այն սպան էր, որ զոհվեց ապրիլին։ 

Իհարկե, չորս հազար նկար չես հիշի, բայց չորս հազարից ամեն մեկի մասին կարելի է սկսել պատմել մի բան, հիշվող, հենց մեկ հիշվող պատմություն, ու այն կմնա։ Բայց այդ պատմությունը չպետք է սկսվի «ուշիմ աշակերտ» և այդ կարգի կապակցություններով։

Աշխարհում ոչ ոք չի հիշվել ուշիմ աշակերտ լինելու շնորհիվ։ Հաստատ հարակից մի ավելի կարևոր բան ունեցել է։

«Հայրենասեր» բառն էլ, անկեղծ ասած, ոչինչ չի ասում։ Ամենաապիկար մարդիկ, որոնց ճանաչել եմ, շատ հաճախ են օգտագործել «հայրենասերը»։

Իրականում տղաներն ընդամենը երկու տարով բանակ էին գնացել։ Իրենք վստահել էին միգուցե բարձրաստիճան այն պաշտոնյայի հայտարարությանը, թե Թուրքիան երբեք չի մասնակցի պատերազմին։

Իրենք պատերազմի մասին նույնիսկ չեն մտածել գնալիս։ Բայց կռվել են։ Բոլորն են ասում, թե ոնց են կռվել մեր տղաները։ Նրանց մասին պատմում են ողջ մնացած ընկերները, ողջ մնացած հրամանատարները, վիրահատող բժիշկները։

Նրանք կռվել են, քաջ են եղել, արժանապատիվ են եղել, նույնիսկ երբ հուսահատ կրակել են «Բայրաքթարների» ուղղությամբ։ Բայց «հայրենասեր» բառով սկսվող ցանկացած պատմություն զոհված տղայի մասին դատապարտված է չհիշվելու։

Հայրենասիրության մասին հրաշալի կարելի է պատմել առանց «հայրենասիրություն» բառի։

Մարդկային հարաբերություններում է ծնվում հայրենասիրությունը։ Նույնիսկ՝ ողջ մարդու և զոհված մարդու միջև եղած հարաբերություններում։ Հայրենասիրություն է զոհված, արժանապատիվ տղայի մասին ուզել այնպես պատմել, որ նրա մասին բոլորն իմանան։

Այդ ընթացքում նրանց ծնողներն էլ կսովորեն, կընդունեն, որ տղաների մասին միայն «գերազանց առաջադիմություն», «հրաշալի զավակ», «համարձակ տղա», «լավ ընկեր» արտահայտություններով չենք կարող հիշել իրենց՝ չափից դուրս շատ են տղաները, ու չափից դուրս շատ սովորական բառեր են այդ բառերը։

Եվ գոնե այս ամենապարզ ասպարեզում նրանք, ովքեր լավ չեն կարողանում պատմել զոհված տասնութ տարեկանի մասին, գուցե չանե՞ն դա։ Նախորդ սերնդի մասին պատմող մի ձևավորված, կուռ կաղապար արդեն կա՝ մահվան մասին վոդևիլի առոգանությամբ։

Իսկ Ալեն Մարգարյանի մասին գիքրը կոչվում է «Բոլորիս Ալենը»։

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am