Մորս թևավոր դարձած հարցը

Լուսինե Հովհաննիսյան

Ապրում էինք շատ սովետական բազմաբնակարան բակում, և բակն ուներ ինժեներաշինարարական թեքում։ Թեքումն իր հերթին՝ բակում շատ էին այդ ու այլ ոլորտի պաշտոնյաներն ու նրանց ծառայողական մեքենաները։

Մեր երեք շենքերում երեք-չորս հումանիտար թեքումով ընտանիք կար՝ գումարած երկու ճարտարապետ, որոնք մերձեցնում էին տեխնիկականն ու հումանիտարը։ 

Սովետական հումանիտար ընտանիքի համար համարյա տարերային աղետի ցնցում էր ջրատար խողովակի վթարը, որևէ տեղից ջրի արտահոսքը, մանավանդ, երբ շենքում գործում էր «կաֆելը չքանդելու» հիերարխիա։

Եթե վթարի էպիկենտրոնը պաշտոնյայի բաղնիքն էր կամ խոհանոցը, ապա փականագործը, որին որևէ մեկը այդպես չէր կոչում իհարկե, քանի որ կար ռուսերեն слесарь անմիջական բառը, միանգամից առաջարկում էր քանդել այլ բնակչի «կաֆելը»՝ համեմատաբար պակաս ազդեցիկ մեկինը՝ ըստ սովետական բարեկեցության համակարգում նրա զբաղեցրած դիրքի։

Իրականում աղետը հենց սա էր։ Եվ փականագործի հայտնվելը բակում առաջացնում էր հատկապես հումանիտար թեքումով ընտանիքների անառողջ լարվածությունը, որ ցանկացած պահի կարող էր վերածվել մեծ ցնցումի։

Սակայն հումանիտար ընտանիքները երբեմն ունենում են անակնկալներ, ինչպես, օրինակ՝ մերը։ Հայրս լեզվաբան էր, հիմա էլ է լեզվաբան, բայց այն սովետական ժամանակներում, երբ փականագործը պատրաստվում էր քանդել մեր բաղնիքի «կաֆելը», հայրս կամ նիտրոգլիցերին էր ուզում, կամ առհասարակ հրաժարվում էր շփվել «էդ մարդկանց» հետ։

Անակնկալն այն էր, որ մայրս լուրջ ինժեներ էր, հիմա էլ է լուրջ ինժեներ։ Ինքը այստեղ իհարկե որոշակի միջամտություններ ու ուղղումներ կաներ, թե քանի նեղ մասնագիտացում ունի և այլն, բայց ինձ համար դա մի բառով կոչվում է ինժեներ։ Մայրս արդեն յոթանասունհինգ տարեկան է, և վերջերս ատամնաբուժարանում տևական ու բարդ բուժման ընթացքից հոգնած նստած էր ատամնաբույժի բազկաթոռին, ու ես դրսից լսում եմ, որ բժիշկները ինչ-որ բանից գլուխ չեն հանում, թե տվյալ նյութը ինչու այդ մետաղակերամիկային չի կպնում:

Բոլոր տերմիններն ինձ համար անհասկանալի են, մայրս բարեկիրթ ձայնով փորձում է ինչ-որ բան ասել, երիտասարդ ու բարյացակամ բժիշկը հանգստացնում է նրան՝ «մի՛ անհանգստացեք, մի՛ վախեցեք, հիմա կլինի» ու չի լսում մորս ասածը:

Այդպես մեկ-երկու անգամ, ու մայրս ի վերջո ավելի վստահ ու բարձր ձայնով բացատրում է, որ այսինչ նյութը այնինչ նյութի հետ համատեղելի չէ այսինչ պատճառով, և, հավանաբար, այնինչի պարունակությունը մի փոքր ավելի շատ է ու այդ պատճառով չի կպնում։ Լռություն… դադար… երիտասարդ բժիշկները նայում են իրար ու անկեղծ ծիծաղում շոկից։ 

Սա մի փոքր նախաբան էր բացատրելու համար իրավիճակը։ Մորս կողմի բարեկամները՝մորաքույրերն ու նրանց աղջիկները, տղաները, մորաքույրերի ամուսինները, մորեղբայրները մեզ հընթացս դաստիարակելիս «ոտի վրա», «ձեռի հետ» պատմում էին, թե ինչպես «սոպրոմատի» Լիստենգարդեն ազգանունով հրեա դասախոսը ամբողջ կուրսին ասել էր՝ «խոնարհվեք այս հայ աղջկա առաջ»։

Ահա, այդպիսի բաներ, իսկ ես երեխա ժամանակ գիտեի «սոպրոմատը» պայուսակի տեսակ է՝ «դիպլոմատի» նման։ Ահագին հետո իմացա, որ «сопротивление материалов» արտահայտության կրճատ տարբերակն է։

Մեր բակում, որտեղ հիմնականում շինարարներ, ինժեներներ ու պաշտոնյաներ էին, օրվա երկրորդ կեսին, որպես կանոն, չթից կապույտ աշխատանքային խալաթով հայտնվում էր Վալոդը՝ «կլյուչը» մասամբ կապույտ խալաթի կախ ընկած գրպանում, մասամբ՝ օդում։ Նա այն մարդկանցից էր, որ երբեք լավ տրամադրություն չեն ունենում։ Անգամ մեր բակի պաշտոնյաների հետ Վալոդը անհավես էր խոսում, թեև նրանց «կաֆելը» չքանդելու տաբուն մտքով չէր անցնի խախտել։

Վալոդը մեր տուն մտնել հատկապես չէր սիրում, որովհետև իր համար մի տարօրինակ իրականություն էր մեր տունը, ասեմ ինչու․ Վալոդը երբեք չէր տեսել, որ կինը «շախտայի» հարցերով զբաղվի։ Հայրս՝ որպես տան տղամարդ, բայց որպես կենցաղային ամեն ինչի հանդեպ անտարբեր մարդ՝ մի տասը րոպե լսում էր Վալոդի ասածները, իհարկե շատ նեղվում, որ «կաֆելը» պիտի քանդվի, մի հատ ծխում, հետո մի ձևական հարց տալիս, ու երբ Վալոդը սկսում էր՝ «պրակլադկեն մաշել ա, շախտից ջուրը գնըմ ա, լցվըմ ա, պըտի քանդվի» ու հետո նույնը նորից, բայց այլ հաջորդականությամբ, հայրս նրա դարձվածաբանական աղետից ազատվելու համար ասում էր՝ քանդում ես՝ քանդի։

Ու գնում էր «Պատմաբանասիրական հանդեսի» կիսատ թողած հոդվածի մեջ թաքնվելու աշխարհի անարդար բաներից։ Սակայն մեր տունն ուներ իր անակնկալը՝ մայրիկս, որը հորս պատմաբանասիրականի խրամատը մտնելու պահին խոհանոցից դուրս էր գալիս ու սկսում Վալոդին բացատրել «շախտայի» կառուցվածքը։ Վալոդը մորս անթաքույց չէր սիրում, քանի որ ֆռռացնել չէր կարողանում, մայրս հանձնվողը չէր։

Մորս ու Վալոդի հակամարտությունը հմայիչ էր հատկապես նրանով, որ սլեսար Վալոդը «վիճում» էր հայերենի ամենաստորգետնյա տարբերակով, իսկ մայրս՝ անաղարտ ռուսերենով։

Ճարտարագիտական այդ «բանավեճը», որի ընթացքում մայրս բացատրում էր Վալոդին իր անցած բոլոր դասերը, իսկ Վալոդը հակադարձում էր՝ «չէ՛, պըտի քանդվի, էսի վայրանտ չի»՝ կտևեր էլի տարիներ, բայց մի այդպիսի հերթական «դասընթացի» ժամանակ, երբ մենք տան տարբեր անկյուններ մտած սպասում էինք կուլմինացիային, մայրս բացարձակ անկեղծ զարմանքով Վալոդին ասաց բառացի հետևյալը․ «Володя, вы что, термодинамику не проходили?»:

Վերջերս ամենից հաճախ մեր տան այս թևավոր դարձած խոսքն եմ հիշում՝ աջուձախ կատարվող, խոսվող, քննարկվող, լսվող գործերի ու խոսքերի հետ կապված։ Ե՛վ աջ, և՛ ձախ կողմերում։

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am