ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է Դատախազություն՝ խնդրելով ստուգել «Ադեկվադ» կուսակցության անունից ներկայացող քաղաքացիների գործողությունների իրավաչափությունը և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան ընթացք տալ դրանց:
Նշենք, որ վերջին ամիսներին, երբ Կառավարությունը՝ ի դեմս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում գործող գիշերօթիկ հաստատությունների լուծարման գործընթացը, տարբեր ուժեր, այդ թվում՝ քաղաքական, փորձում են շահարկել թեման՝ թիրախավորելով ոչ միայն Նախարարությունը, այլև՝ հաստատություններում գտնվող երեխաներին, նրանց ընտանիքներին և հաստատությունների աշխատակիցներին:
Այսպիսով, վերոնշյալ կուսակցության անունից հանդես եկող քաղաքացիներից մեկը այցելել էր գիշերօթիկ հաստատությունների սաների ընտանիքներ, սնունդ և կանխիկ գումար տվել ծնողներին: Մինչդեռ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ ենթակետը հստակ սահմանում է, որ «Սոցիալական ծառայությունների տրամադրումը չի կարող ուղեկցվել քաղաքական կամ կրոնական քարոզչությամբ, հետապնդել տրամադրված սոցիալական ծառայությունների դիմաց այլ ծառայություններ կամ որևէ փոխհատուցում ստանալու ակնկալիք, կամ վնաս պատճառել սոցիալական աջակցություն ստացողի առողջությանը, կյանքին և գույքին»:
Հաջորդ դեպքը, երբ վերոնշյալ կուսակցության հետ առնչվող քաղաքացին փորձել է ներխուժել գիշերօթիկ հաստատություն, գրանցվել է օրերս: Քաղաքացին, ով ևս ներկայացել է նույն կուսակցության անունից, այցելել է Գյումրի քաղաքում գործող երկու գիշերօթիկ հաստատություններ, ինչպես նաև՝ Բյուրեղավանում գտնվող հաստատություն, փորձել ներս մտնել և նկարահանում իրականացնել:
Հաստատություններից մեկում նրան հաջողվել է խաբեությամբ՝ ներկայանալով որպես հեռուստաընկերություններից մեկի նկարահանող խմբի անդամ, ներս մտնել և նկարահանում իրականացնել հաստատությունում: Տնօրենը փորձել է խոչընդոտել հաստատությունում գտնվող երեխաների նկարահանմանը, քանի որ դա հակասում է երեխաների՝ անձնական տվյալների գաղտնիության սկզբունքին, ինչի ի պատասխան քաղաքացին սպառնացել է հաստատության տնօրենին, որ կհասնի նրան, որ նա այլևս չպաշտոնավարի:
Քաղաքացին իր գործողություններով խոչընդոտել է հաստատության բնականոն աշխատանքին:
Սույն քաղաքացիների գործողությունները տեսանկարահանվել են: Տեսանյութերը ևս կցվել են Դատախազությանն ուղղված գրությանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ երեխայի իրավունքների պաշտպանության դեմ իրականացվող կամայական գործողություն իրավական գնահատականի է արժանանալու: