«Այո՛, սա ապտակ է դիզայներներին». Ըստ Ռուբեն Մալայանի՝ ՔՊ-ն պետք է «շատ արագ» չեղյալ հայտարարի լոգոյի մրցույթի արդյունքները

Լուսանկարը՝ AUA

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է նկարիչ, դիզայներ Ռուբեն Մալայանը։ Մալայանը, որը եւս մասնակցել է «ԱՅՈ» շտաբի կողմից հայտարարված լոգոյի մրցույթին։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին  հայտարարվել էին «Այո»-ի լոգոյի համար հայտարարված մրցույթում հաղթողների անունները: 

Հաղթող ճանաչված Garun Agency կազմակերպությունը ստացել էր 3 մլն դրամ: Սակայն, «հաղթանակից» հաշված ժամեր անց պարզ էր դարձել, որ լոգոն նոր չէ, ավելին, այն ստեղծվել է այլ դիզայներների կողմից եւ  օգտագործվել է 1991 թվականի անկախության հանրաքվեի ժամանակ։

Դիզայներ, նկարիչ Ռուբեն Մալայանը գրառում էր կատարել.

«Կասկածու՞մ էիք: Դե ոչինչ, դուք նստեք, մտածեք, աշխատեք, մենք էլ գողանալով 6000$ կաշխատենք: Ինչ ամոթ ա: Եթե ՔՊ-ն շատ արագ չեղյալ չհայտարարի այս 1-ի տեղը և վերանայի այս մրցույթի բոլոր արդյունքները, կլինի կրկնակի ամոթ: Սրանց անունն էլ լավ հիշենք` Garoon գործակալություն»:

https://www.facebook.com/photo.php?fbid=10157510574276542&set=a.428017126541&type=3&theater

– Պարո՛ն Մալայան, ինչո՞ւ որոշեցիք մասնակցել սահմանադրական հանրաքվեի ԱՅՈ-ի լոգոյի մրցույթին: 

– Նախևառաջ՝ ցանկացած դիզայների համար սա հետաքրքիր աշխատանք է, որովհետև իսկապես լավ լուծում գտնելն այնքան էլ հեշտ չի: Պարզվեց, որ շատ ավելի հեշտ է պարզապես գրագողությամբ զբաղվելը: 

Բայց իրեն հարգող մասնագետը երբեք դա չի անի: Ես, ամեն դեպքում, որոշեցի մասնակցել մրցույթին, որովհետև կարծում եմ՝ պետք է գնալ և քվեարկել հանրաքվեի ժամանակ: 

Բոլորս հոգու խորքում գիտենք, որ սա ճիշտ որոշում է: Քանի որ գաղափարը լավ է և պետք է դա անել, ես էլ որոշեցի նաև որպես դիզայներ մասնակցել այդ մրցույթին:

– Ի՞նչ գնահատական կտաք մրցույթի արդյունքում ընտրված տարբերակին: Նշվում է, որ այստեղ ոչ մի նոր գաղափար չկա, այն վերցված է 1991 թվականի Անկախության հանրաքվեի լոգոյից:

– Դա ունի պարզ անվանում՝ պլագիատ, գրագողություն, ինչն անթույլատրելի է: Ես իմ ուսանողներին անընդհատ դրա մասին ասում եմ, որ երբեք չօգտագործեք ուրիշների գաղափարները, երբեք գրագողությամբ չզբաղվեք, որովհետև դա անարգանք առաջին հերթին ձեր նկատմամբ: 

Դրա համար ես չեմ մեկնաբանի առաջին տեղը գրաված տարբերակը, քանի որ այն պարզապես գրագողություն է: 

Մնացածները, իմ կարծիքով՝ լավը չեն, որովհետև մասնագիտական տեսանկյունից իսկապես չկա բովանդակություն այդ լոգոտիպների հետևում: 

Եթե բովանդակությունից զուրկ, նույնիսկ գեղեցիկ տառատեսակով ԱՅՈ է գրված, բայց դրա հետևում չկա որոշակի կոնցեպցիա, որը կապ ունի ընդհանուր քարոզարշավի հետ, դա դառնում է ուղղակի ֆիկտիվ ինչ-որ մի բան:

Ցավոք սրտի, պետք է արձանագրել, որ երկրորդ և երրորդ տեղերը գրաված լոգոտիպները բացարձակ զուրկ են բովանդակությունից, ու դա ցավալի է: 

– Իսկ ի՞նչ հիմքով են մերժել ձեր տարբերակը, ձեզ ասե՞լ են:

– Ցավոք, այս ամբողջ պրոցեսը ճիշտ չի ընթացել, որովհետև, ընդհանրապես, այս մրցույթների դեպքում տեղի է ունենում հետևյալը… վերջում ներկայացվում է «շորթ լիստ», այսինքն՝ եթե 200 հայտ է ներկայացվել, գոնե լավագույն տասն են ներկայացնում, որոնցից ընտրվում են առաջինը, երկրորդը, երրորդը։ Ոչ մի «շորթ լիստ» չի հրապարակվել։ Այսինքն՝ շատ հաջող աշխատանքների ես հանդիպել եմ, բայց դրանք նույնիսկ չեն հրապարակվել որպես «շորթ լիստում» գտած տեղ։ 

Բացի այդ, թափանցիկ չէ ամբողջ ընտրության գործընթացը, այսինքն՝ ով է որոշում, ինչ հիմնավորմամբ է ընտրվում հաջող կամ անհաջող լոգոն։ Ինձ համար դա էլ է խնդրահարույց։ Ինձ թվում է՝ մասնագիտական մրցույթ այդ հիմքերի վրա չես կարող կազմակերպել։

– Նշել էիք, որ սա ապտակ է դիզայներներին։ 

– Այո՛, սա ապտակ է դիզայներներին, որովհետև երբ դու փորձում ես ստեղծել ինչ-որ մի բան, և քո արած աշխատանքը ճիշտ ձևով չի գնահատվում, և փոխարենն ընտրվում է մի տարբերակ, որը պրոֆեսիոնալ մակարդակով չի համապատասխանում նույնիսկ այն մակարդակին, որ դու հրապարակես դա, և ես միակը չեմ, շատերի հետ եմ խոսել, մեծ մասն իմ ընկերներն են, որոնց հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ, և կային շատ լավ աշխատանքներ։ Եվ բոլորը կարծես նույն բանն են զգում, որ ամեն դեպքում սա անարդար էր մեր հանդեպ։ 

– Ընդհանուր քանի՞ հայտ էր ներկայացվել։

– Չգիտեմ՝ ընդհանուր քանի հայտ է եղել, ես գիտեմ՝ ինչ է հրապարակվել ԱՅՈ-ի էջում, բայց կարծում եմ, որ ամեն դեպքում շատ կլինեին։

Մանե Հարությունյան

MediaLab.am