Հայ Առաքելական եկեղեցու չորս միանձնուհիները. «Արտաքուստ գրավիչ, խորհրդավոր և հետաքրքիր, սակայն իրականում խստակրոն է և դժվարին կյանք»

Հայ Առաքելական եկեղեցու չորս միանձնուհիները. «Արտաքուստ գրավիչ, խորհրդավոր և հետաքրքիր, սակայն իրականում խստակրոն է և դժվարին կյանք»
Հայ Առաքելական եկեղեցու չորս միանձնուհիները. «Արտաքուստ գրավիչ, խորհրդավոր և հետաքրքիր, սակայն իրականում խստակրոն է և դժվարին կյանք»

Հայաստանյաց Առաքելական եկեղեցին ներկայումս պաշտոնապես չորս միանձնուհի ունի: Նրանցից երկուսն ապրում են Վաղարշապատի Սբ Գայանե վանքում, երկուսը` Շիրակի թեմի Հառիճի վանքում: Միանձնուհիների թիվը նախատեսվում է ավելացնել, և առաջիկայում նրանց կմիանա ևս մեկը, ով այսօր փորձաշրջան է անցնում:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը «Մեդիալաբին» ասում է, որ միանձնուհիները նախընտրում են հրապարակային հանդես չգալ` այդպիսով պահպանելով իրենց առանձնությունը և աղոթական կյանքը:

Նա նշում է, որ միանձնուհիներն ունեն իրենց կանոնակարգը, և հստակ սահմանված օրակարգով կազմակերպվում է նրանց կենցաղավարությունը: Մեծ տեղ է հատկացվում աղոթական կյանքին. օրվա մեջ տարբեր ժամերի չորս միանձնուհիները մասնակցում են մենաստանի եկեղեցիներում կատարվող աստվածպաշտությանը, բացի այդ, իրենց առանձին աղոթասենյակն ունեն, որտեղ ևս տարբեր ժամերի քաղում են սաղմոսներ և աղոթում: Օրվա մյուս ժամերին ամբողջ կյանքում եկեղեցական համալիրը չլքելու խոստում տված քառյակն իր կարողություններն օգտագործում է մենաստանի կյանքի կազմակերպման տարբեր ոլորտներում:

Քույր Եղիսաբեթը միանձնուհիներից ամենատարեցն է, նրա տարիքը եկեղեցին չի հրապարակում: Նրան կարելի է տեսնել Սուրբ Էջմիածնում, նա եկեղեցիների և եկեղեցականների համար կարում և պատրաստում է տարբեր պարագաներ` շապիկներ, սկիհի ծածկոցներ, եկեղեցիների վարագույրներ, պատարագչի զգեստներ:

Ամենաերիտասարդ միանձնուհին՝ քույր Տաթևիկը, Սբ Գայանե վանքում մանուկների համար կազմակերպում է անգլերենի դասընթացներ: Միանձնուհիները ենթարկվում են Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Վանորեից տեսչությանը, նշում են, որ պատրաստ են օգնության ձեռք մեկնել իրենց դիմած ցանկացած հարցով, սակայն առայժմ պատրաստ չեն հրապարակել իրենց գործունեությունը:

Միանձնուհի կարող է դառնալ յուրաքանչյուր հավատացյալ կին, ով իր մեջ զգում է Աստծուն նվիրվելու կոչում և ցանկություն ունի իր կյանքը շարունակել` ծառայելով Հայաստանյայց Եկեղեցու վանքերում, ապրել միանձնուհու կյանքով:

«Կարծում եմ՝ դժվար է այդ որոշումը կայացնել: Շատերն են դիմում, սակայն ժամանակի մեջ գիտակցում են կամ ավելի ճիշտ ճանաչում են իրենք իրենց ու հասկանում, որ այլ է իրենց կոչումը, և, չինտեգրվելով միանձնուհու կյանքին, հետ են կանգնում այդ որոշումից»,- նշում է տեր Վահրամը:

Միանձնուհի դառնալ ցանկացողները դիմում են Վանորեից տեսչությանը, հոգևորականներից կազմված մշտական հանձնախումբն ուսումնասիրում է յուրաքանչյուր դիմում, զրուցում թեկնածուների հետ: Երբեմն տրվում է փորձաշրջան, որն հնարավորություն է ընձեռում միանձնուհիների հետ ապրելու, նրանց կենցաղին առնչվելու:

32-ամյա Աննա Սարգսյանը Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հետևորդ է, հաճախ է մտածում միանձնուհի դառնալու, իր կյանքն Աստծուն և եկեղեցուն նվիրաբերելու մասին, սակայն իմանալով փորձաշրջանի, իրեն սպասող բարդությունների, արտաքին աշխարհից կտրվելու պայմանների մասին, դեռևս երկմտում է.

«Հավատքը խորը գիտակցում է, համաձայն չեմ այն մարդկանց հետ, երբ ասում են՝ հավատքը զգացում է, ո՛չ, հավատքը գիտակցություն է, իսկ միանձնուհի դառնալու համար կնոջից շատ զրկանքներ են պահանջվում: Ես ունեմ չստացված սիրո պատմություն, բազում մեղքեր եմ գործել ու դեռ շարունակում եմ գործել, դեռևս իմ գիտակցությունը նրան է հասել, որ միանձնուհի դառնամ սիրո պատճառով, ուստի հոգևոր դասն ու Աստված ինձ այդպես չեն ընդունի իրենց շարքերը»,-ասում է նա:

Աննան նշում է, որ նախ՝ պիտի կարողանա տղամարդու հանդեպ սիրուց հրաժարվել, ապա միայն ամբողջությամբ նվիրվել եկեղեցուն, վստահ է՝ առանց սեռական կյանքի, առանց տղամարդու նկատմամբ սիրո զգացմունքի՝ մարդն ավելի կմոտենա Աստծուն, իսկ «եթե խաբես ինքդ քեզ ու միանձնուհի դառնաս՝ սրտումդ տղամարդ ունենալով, ամենամեծ մեղքը կգործես»:

Միանձնուհիների սակավաթիվ լինելը տեր Վահրամը պայմանավորում է տեղեկատվության պակասով .

«Ժամանակի հետ միանձնուհիների թիվը, վստահ եմ, կմեծանա, այժմ դարավոր այս ավանդույթը Հայ Եկեղեցում վերականգնվում է, վերակազմակերպվում է միանձնուհիների կյանքը: Շատերը, որ այսօր աշխարհիկ կյանքում ապրում են նույն այս կյանքով ու հավատով, իրազեկ չեն այս ամենին, ուստի այս ուղղությամբ դեռ շատ անելիքներ կան»,-նշում է նա:

Տեր Վահրամն ասում է, որ միանձնուհի դառնալու համար մի քանի պարտադիր պայմաններ կան՝ դիմողները պետք է լինեն չափահաս, գիտակից իրենց կատարած քայլի և կայացրած որոշման համար, տարբեր տարիքում և հանգամանքներում կինը կարող է զգալ միանձնուհու կոչումը և անհրաժեշտությունը՝ նվիրվելու այդ ծառայությանը:

Սակայն, ըստ Վահրամ Մելիքյանի՝ դյուրին չէ միանձնուհիների կյանքը.

«Արտաքուստ շատերին այն գրավիչ, խորհրդավոր և հետաքրքիր է թվում, սակայն իրականում խստակրոն է և դժվարին: Վանական կյանքն ինքնին յուրօրինակ հոգևոր պատերազմ է, կյանք` լեցուն բազում փորձություններով ու խոչընդոտներով, որտեղ պահանջվում են անմնացորդ նվիրում ու հավատարմություն, խոնարհություն ու հնազանդություն»,-ասում է նա:

Քանի որ միանձնուհիների համար չկա հստակ սահմանված կանոնակարգ, այսօր նրանք դեռևս չսահմանված աշխատանքներ են կատարում՝ սրբավայրի խնամք, բարեկարգում, ինչպես նաև գյուղատնտեսություն:

«Միանձնուհիները, լինելով որոշակի շնորհներով օժտված և ունենալով նաև տարբեր մասնագիտական պատրաստվածություն, իրենց գիտելիքներն ու տաղանդները ևս ծառայեցնում են Եկեղեցուն` իրենց վանքերում իրագործելով տարբեր ծրագրեր: Փորձեր են կատարվում միանձնուհիների ուժերն օգտագործել նաև Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական աշխատանքներում»,- «Մեդիալաբին» ասում է տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Փառանձեմ Հովհաննիսյան

© Medialab.am