ԱՄՆ-Ռուսաստան երկխոսությունն, ընդհանուր առմամբ, նպաստավոր է Հայաստանի համար, բայց մենք միշտ գին վճարողի դերում ենք. Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, ի՞նչ զարգացումներ են հնարավոր ռուս-ուկրաինական պատերազմում, եթե նկատի ունենանք ԱՄՆ նախագահի առաջարկած 28 կետից բաղկացած խաղաղության պլանը:

– Կա՛մ պատերազմի դադարեցում, կա՛մ հակառակը՝ հարվածների ավելի թեժացում, ու հնարավոր է նաև երկուսը մեկում, այսինքն՝ եթե չստացվի քաղաքական համաձայնություններով հասնել դադարեցմանը, ապա դրան հասնելու հնարավորինս արագ ճանապարհը կդիտվի ռազմական գործողությունը, ու դրան զուգահեռ կթուլանա Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցությունը: 

– Դատելով հնչող հայտարարություններից՝ ո՞ր սցենարն է առավել հավանական:

– Նկատելի է, որ տարբեր քննարկումներ են ընթանում, ու, ինչպես և սպասելի էր, եվրոպական էլիտաները, նվազագույնը՝ եռյակը՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան, այլ եվրոպական երկրներ ևս համաձայն չեն կրակի դադարեցմանը, համաձայն չեն այն պլանին, որը ներկայացնում է Թրամփը, ու կփորձեն դիմադրել Զելենսկու միջոցով: Այսինք՝ մենք կտեսնենք այն սխեման, ինչ տեսանք այն ժամանակ, երբ Թրամփը նոր էր մտել Սպիտակ տուն ու պատերազմը դադարեցնելու ուղղությամբ առաջին փորձերն էր անում: Հիշում ենք Զելենսկու մասնակցությամբ այդ հայտնի միջադեպը, որից հետո նա անմիջապես ստացավ եվրոպական էլիտաների աջակցությունը՝ Թրամփին դիմադրելու հարցում, որովհետև, ինչպես նշեցի, Եվրոպան համաձայն չէ պատերազմի դադարեցմանը, այս անգամ ևս փորձելու են հնարավորինս ձգել այդ կարգավորման գործընթացը Զելենսկու միջոցով, առնվազն, քանի դեռ գոհ չեն լինի այդ ամենից իրենց ստանալիք բաժնից: Մենք հիմա թերևս այդ պրոցեսի ականատեսն ենք:

– Իսկ ամերիկյան այդ առաջարկը ըստ էության կապիտուլյացիա՞ է, թե՞ չէ, որովհետև արդեն հասցրել է Թրամփի առաջարկն այդ բնորոշումը ստանալ, պարո՛ն Բադալյան:

– Նման գնահատականները մի քիչ պայմանավորվում են քաղաքական ճաշակով, պատկերավոր իմաստով կարելի է գնահատել կապիտուլյացիա, բայց մյուս կողմից էլ՝ եթե դիտարկենք, որ Ուկրաինան հիմա դրված է աշխարհաքաղաքական զոհասեղանին, ապա այդ պլանները Ուկրաինայից ինչ-որ բան փրկելու միջոց են նաև: Բնականաբար, եթե հնչում են գնահատականներ, որ դա կապիտուլյացիա է Ուկրաինայի համար, դրանք նվազեցնում են առաջարկի ընդունման շանսերը: 

Խոշոր հաշվով այս առաջարկը, իմ գնահատմամբ, Ալյասկայում Թրամփ-Պուտին հանդիպման հանրագումարն է, որը ներկայացնում է Թրամփը: Ակնհայտ է, որ փորձ է արվում Զելենսկու միջոցով ընդունել այդ պլանը ու այսպես ասած դուրս գրել նրան, պարզ է, որ այդ պլանի ընդունումից հետո Զելենսկին կարճ ժամանակ անց այլևս չի լինելու Ուկրաինայի նախագահ: 

Այստեղ նաև կարևոր հարց է Զելենսկու ու նրա շրջապատի անվտանգության հարցը, ես չեմ բացառում, որ Զելենսկին հիմա ամերիկյան կողմի հետ կարող է քննարկել հենց դա ու ըստ այդմ գնալ այդ պլանի ընդունմանը, որովհետև որևէ պարագայում այդ պլանի ընդունումը Զելենսկու համար ենթադրելու է ռիսկ: 

– Իսկ Ուկրաինան որքա՞ն է կարողանալու դիմադրել միայն եվրոպական երկրների աջակցությամբ, եթե ԱՄՆ-ն այդ պլանի մերժումից հետո հրաժարվի աջակցելուց:

– Եվրոպացիները Ուկրաինային չեն աջակցում, որպեսզի նա հնարավորինս երկար դիմադրի, եվրոպացիներին հետաքրքիր է ժամանակը և ոչ թե Ուկրաինայի դիմանալ-չդիմանալը, ժամանակ, որպեսզի իրենք կարողանան իրենց գործոնները բերել քննարկումների դաշտ, որպեսզի Ուկրաինայի վերաբերյալ քննարկումը չգնա միայն Պուտին-Թրամփ երկխոսության մակարդակում: Ըստ այդմ եվրոպացիների համար Զելենսկին արգելակ է ավելի լայն պրոցեսում, իսկ Ուկրաինան խժռելու համար երկար ժամանակ կպահանջվի, որովհետև Ուկրաինան բավական մեծ է, ու մենք տեսնում ենք, որ ռուսները բլիցկրիգով չեն անում քայլեր: 

– Ռուսաստանի դերն աշխարհում ի՞նչ փոփոխությունների կենթարկվի, եթե այս պլանը ընդունվի Զելենսկու կողմից:

– Ռուսաստանի ներկայիս վարքագիծը ցույց է տալիս, որ Մոսկվան սկզբունքորեն դեմ չէ ներկայացված պլանին, ու, ինչպես ասացի, համոզված եմ, որ սա միայն Թրամփի պլանը չէ, ու ռուսներն էլ այն առաջին անգամ չէ, որ տեսնում են: 

– Եթե այս պլանն ընդունվի, Հայաստանի վրա ի՞նչ ազդեցություն է ունենալու:

– Եթե Ուկրաինայում իրավիճակը կարգավորվի, բնականաբար, Ռուսաստանը զգալի ազատ ռեսուրսներ կունենա, ու կարող է նկատվել Կովկասի հանդեպ Ռուսաստանի ուշադրության ու ակտիվության նկատելի դրսևորում, այսինքն՝ ավելի ակտիվություն, որովհետև ես չեմ կարծում, թե նրանք մոռացել են Կովկասի մասին կամ չեն գործում, բայց մենք կտեսնենք որոշակի աճ: 

Եթե ամերիկա-ռուսական երկխոսությամբ է զարգանում միջազգային միջավայրը, կարծում եմ, որ Հայաստանի համար նպաստավոր ռեժիմ է, բայց այստեղ խնդիրը հետևյալն է. եթե մենք պատկերացնում ենք, որ Ուկրաինայում այս կամ այն սցենարի դեպքում մեզ համար ինչ-որ բարենպաստ գին է հաստատվելու, պատրանք է, որովհետև բարենպաստ ռեժիմը այսօրվա միջազգային միջավայրում շատ հարաբերական հասկացություն է: Առանցքային հարցն այստեղ այն է, թե մենք մեզանից ի՞նչ ենք ներկայացնում, որ իրավիճակի այս կամ այն փոփոխության պարագայում կարողանանք օգտագործել թե՛ հնարավորությունները, թե՛ ռիսկերը: 

Մենք պետք է դիտարկենք, թե որքանով ենք արդյունավետ որպես պետություն, որքանով ենք մենք քաղաքական բովանդակությամբ պետություն, այս տեսանկյունից մենք ունենք բավականին լուրջ խնդիրներ, որովհետև տեսնում ենք, որ վերջին 2-3 տարիներին Հայաստանը հարցեր է լուծում պարզապես իր շահերից, ընդհուպ ինքնությունից հրաժարվելու պատրաստակամությամբ: 

Այս պարագայում, եթե անգամ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ներդաշնակ են գործում, ինչը մեզ համար նպաստավոր ռեժիմ է, միևնույն է, մենք լինելու ենք գին վճարողի դերում, որովհետև հետևողականորեն ցույց ենք տվել, որ պատրաստ ենք գին վճարող լինել: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am