Կրակ, վառվող անտառներ, խարույկի վրա պատրաստվող թեյ, մահ․ Արցախյան պատերազմի արհավիրքը՝ գեղանկարիչ Սևադա Սարգսյանի՝ «Դժոխքի ձորը» խորագրով նկարաշարքում

Գեղանկարիչ Սևադա Սարգսյանը Արցախյան պատերազմի մասնակիցներից է, հայրենիքի պաշտպանությունն իրականացրել է Լաչինում՝ Շուշիի հարակից հատվածում՝ «Դժոխքի ձոր» կոչվող հատվածում։

«Պատերազմի առաջին օրվանից սպասում էի, որ ինձ կզորակոչեն, ես պահեստազորի ենթասպա եմ: Մոտ 10 օր չէին զորակոչում, ես շատ անհարմար էի զգում, նույնիսկ փողոց դուրս գալիս ամաչում էի, որ դեռ ինձ չեն զորակոչել։ 

Քանի որ ուշանում էր, ինքս գնացի, կամավորագրվեցի: Ասեցին՝ սպասեք, ըստ անհրաժեշտության ձեզ կզանգահարենք։ Հետաքրքիր զուգադիպությամբ ինձ նաև ծանուցագիր եկավ, և նույն օրն ինձ զանգահարեցին, ասացին՝ մեկնում ենք մարտական գործողությունների։ 

Լաչին տեղափոխեցին։ 40 օր, «Դժոխքի ձոր» են ասում, որտեղ ոչնչացրեցինք թշնամիներին, իրենք էդ հատվածից էին ուզում Շուշի մտնել, մենք մի սանտիմետր չթողեցինք, որ իրենք առաջ գան, ցավոք սրտի, գիտեք՝ ինչպես եղավ»,- պատմում է գեղանկարիչը։

Լինելով առաջնագծում, անձամբ ականատես լինելով և մասնակցելով հակառակորդի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմին՝ գեղանկարիչն այժմ ականատեսի հայացքով և արվեստի միջոցով ներկայացնում է պատերազմի դաժանությունը։

Բաբոյի՝ Բաբկեն Գրիգորյանի և բոլոր Զոհվածների հիշատակին…

Գեղանկարիչը պատերազմի օրերին՝ գիշերվա ժամերին, հնարավորության դեպքում փորձել է անմիջապես թղթի վրա որոշ էսքիզներ անել՝ փոխանցելով պահի զգացողությունները, որոնք հետագայում հիմք կծառայեին կտավի համար։

«Թղթի էսքիզներ կան, դրանք հենց տեղում եմ արել՝ գիշերվա ժամերին, թղթի հարթությունը զգալով ավտոմատի վրա։ Քանի որ ինձ տպավորապաշտ և զգայապաշտ նկարիչ եմ համարում, փորձում էի իմ տպավորություններն անմիջապես թղթին փոխանցել և ապա՝ հիշողություններն ու զգացողությունները փոխանցում եմ այստեղ՝ արդեն նյութի վրա, գույնով»,- ասում է նկարիչը։

էսքիզ՝ նկարված թղթի վրա

Սևադա Սարգսյանը ընդգծում է՝ պատերազմի արհավիրքը կարելի է առանց որևէ լեզու իմանալու ամբողջ աշխարհին, բոլոր լեզուներով խոսող ժողովուրդներին փոխանցել:

«Արվեստի ուժը իր արտահայտչականությամբ ավելի ներգործուն է։ Շատ նկարիչներ ոչ միայն պատերազմն են արտահայտում, այլև «ո՛չ պատերազմին» գաղափարախոսությունը, ներկայացնում են և՛ խնդիրը, և՛ խնդրի լուծումն են տալիս գեղարվեստական լեզվով»,- ասում է Սարգսյանը։

Սևադա Սարգսյանի պատերազմը արտացոլող նկարներում կրակն է հիմնականում գերակշռում, վառվող անտառները, խարույկը:

Կաղնին

«Գիշերային խարույկն եմ նաև հիշում, թաքուն խարույկը: Եթե օդային տագնապ չէր լինում, ժամանակ էինք ունենում թեյ տաքացնելու, չնայած էդ թեյը երբեմն հարամվում էր, երբ օդային տագնապ էին տալիս: Մենք կողքը դույլով ավազ ունեինք, միանգամից լցնում էինք, կրակը հանգցնում: Կրակը, ձայնը, հոտը՝ էդ ամբողջն եմ ես փորձել և մինչև օրս փորձում պատկերել»,- ասում է գեղանկարիչը։

Նկարիչը նկարաշարքից առանձնացնում է «Հայրը՝ Աստված, մայրը՝ Հայրենիք» վերնագրով նկարը և պատմում․ «Մինչև ռազմական գործողությունների մեկնելը, դեռևս Հոկտեմբերյանի զորամասում, մեր զորամիավորման հրամանատարի՝ Վարդան Ավետիսյանի կարգախոսն էր և որպես համոզմունք ներարկեց մեր մեջ, որ բոլորը նույն հորից ու մորից ենք, հայրը՝ Աստվածն է, մայրը Հայրենիք է: Բոլորս եղբայրական գաղափարով գնացինք առաջնագիծ, և նրա գրագետ, ճիշտ մարտավարությունը, և այս գաղափարախոսությունը, որ մենք կարողացանք մեր բնագծում հաղթել, ոչ մի թիզ հող չթողեցինք՝ ունենալով նվազագույն զոհեր»։

Հայրը՝ Աստված,
Մայրը՝ Հայրենիք…

Գեղանկարիչն ասում է, որ նկարելով պատերազմը ոչ թե հաղթահարում է այն ապրումները, որն ունեցել է պատերազմի դժվար օրերին, այլ նորից վերադառնում է այնտեղ՝ վերհիշելով ամենը։

«Մի տեսակ կարոտախտ կա նաև իմ պահած դիրքի, իմ ընկերների նկատմամբ։ Ես իմ ընկերներին էստեղ էլ եմ հանդիպում, բայց ես նրանց հենց էնտեղ եմ կարոտում: Գուցե տարօրինակ է թվում, որ ասում եմ՝ կարոտել եմ, բայց մենք էնտեղ 40 օր ենք եղել, բայց 40 օրն էլ 40 անգամ ծնվել ենք։ Էնտեղ մի տեսակ հարազատ է դարձել, որ, ցավոք սրտի, էլ մերը չի, չնայած մենք մի թիզ չենք թողել, որ նրանք առաջ գան»,- ընդգծում է նկարիչը։

Սևադա Սարգսյանը նշում է, որ հավանաբար գարնանը տեղի կունենա ցուցահանդես, մինչ այդ նոր կտավներ կստեղծվեն:

«Ես չեմ բավարարվել այս աշխատանքներով, սրանք փոքր գործեր են, հիմնականում՝ գրաֆիկական, ես սրանց հիման վրա, տպավորությունների ու զգացողությունների հիման վրա մեծածավալ կտավների վրա պիտի աշխատեմ և ներկայացնեմ ցուցադրության»,- ասում է գեղանկարիչը։

Սևադա Սարգսյանն այժմ աշխատում է նաև մեկ այլ նախաձեռնության շուրջ՝ նպատակ ունենալով ստեղծել Արցախյան գոյամարտի գեղարվեստի թանգարան-պատկերասրահ, որտեղ կհավաքվեն և կներկայացվեն Արցախյան գոյամարտին նվիրված աշխատանքներ։

«Արցախյան գոյամարտի գեղարվեստի թանգարան-պատկերասրահի գաղափարը Շուշիի պատկերասրահում մնացած իմ նկարի պատճառով երևի ծնվեց:

Ես այդ պատկերասրահին նկար էի նվիրել և դրա ճակատագրից հիմա արդեն տեղյակ չեմ:

Քանի որ Արցախյան պատերազմի գեղարվեստի ստեղծագործությունների հավաքական հիմնարկ չկա, ես մտածում եմ այդ նախագծի հայեցակարգը մշակել։ Դրա նպատակը կլինի Արցախյան գոյամարտին նվիրված աշխատանքներն ի մի բերելը, մեկտեղելը, կլինեն կատալոգներ, ցուցահանդես, բաց ենք ցանկացած համագործակցության առաջ»,- ընդգծում է գեղանկարիչը։

Շուշիի պատկերասրահում թողնված նկարը

Արփինե Արզումանյան

MediaLab.am