«Լաչինի միջանցքը երկար փակ չի մնա, որովհետև դա չի բխում Ռուսաստանի շահերից». Գարեգին Միսկարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հանրային, քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը 

Պարո՛ն Միսկարյան, Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը շարունակում է փակ մնալ, ինչի՞ հետևանք է սա:

– Սա ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունների կամ պլանի շարունակությունն է՝ Հայաստանին ինքնիշխանությունից ու որպես պետություն կայանալու հնարավորություններից զրկելու նպատակով: Ադրբեջանին պետք չէ այս տարածաշրջանում ուժեղ Հայաստան, իսկ Ռուսաստանի համար դա կարևոր է, որպեսզի տարածաշրջանը պահի իր ազդեցության գոտում, իսկ դա առանց Հայաստանի դժվար կլինի Ռուսաստանի համար: Սա սովորական էժան սադրանք է, որի նպատակն է հայ ժողովրդին հուսալքել ու Հայաստանի իշխանություններին պարտադրել կատարել այն պահանջները, որոնք իրենք ձևակերպել են ու որոնք դրված են Նիկոլ Փաշինյանի առաջ:

Իսկ իշխանությունը կկարողանա՞ չկատարել ձեր ասած այդ պահանջները, ու ստեղծված իրավիճակից ի՞նչ ելք կարող են գտնել:

– Պետք է հասկանալ, որ Արցախը հայաթափելու միտում չկա, որովհետև դա Ռուսաստանին ձեռնտու չէ, չնայած Ադրբեջանն էլ փորձում է այդ համագործակցությունից առավելագույնը քաղել՝ իր շահերից ելնելով, բայց, մեծ հաշվով, տարածաշրջանում ինքը սպասարկում է Ռուսաստանի շահերը: Արցախի հայաթափման առումով՝ որպես այդպիսին, մեծ ռիսկեր չեմ տեսնում, ու ես կարծում եմ, որ ռուս խաղաղապահներն Արցախում ավելի շատ քաղաքական նշանակություն ունեն, իրենք սիմվոլ են այնտեղ: Ռուսաստանը կվարի այնպիսի քաղաքականություն, որ Արցախի ժողովրդի անվտանգությունը չվտանգվի:

Պահանջների մասին ասացիք, այսինքն՝ Հայաստանից փոխարենը ի՞նչ է պահանջվում անել, պարո՛ն Միսկարյան:

– Հայաստանը բացի կոմունիկացիաները Ռուսաստանի պահանջով, ուշագրավ է, որ կոմունիկացիաների բացումը ամեն մեկը յուրովի է ընկալում. Հայաստանը դա պատկերացնում է ինքնիշխան տարածքներով անցնող ճանապարհների տեսքով, Ռուսաստանը՝ Հայաստանի տարածքով անցնող, բայց իր վերահսկողության տակ գտնվող ճանապարհների տեսքով, Ադրբեջանն էլ՝ Հայաստանի տարածքով անցնող ու իր վերահսկողությանը ենթակա ճանապարհների տեսքով, այսինքն՝ իրենց ասած միջանցքը:

Թուրքական գործոնը կա՞ այս գործընթացում:

– Այո՛, իհարկե կա: Թուրքիան ու Ռուսաստանը գլոբալ խաղի մեջ դաշնակիցներ են՝ որպես ավտորիտար՝ ի դեմս Ռուսաստանի, ու ավտորիտարիզմի ձգտող՝ ի դեմս Թուրքիայի պետություններ արժեբանական դաշտում շատ խիստ փոխգործակցության միջավայր ունեն, այսինքն՝ նպատակները համընկնում են այդ առումով:

Ընդդիմությունն ասում է, թե Հայաստանը, որը նույնպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ է, չի կատարում իր պարտավորությունները, պահանջատեր չէ: Համակարծի՞ք եք այս մեկնաբանությանը: Հայաստանի իշխանությունը կարո՞ղ էր այնպես անել, որ ձեր ասած ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունները տեղի չունենային կամ կյանքի չկոչվեին:

– Պետք չէ, որ իշխանությունն այնպես անի, որ այդ պայմանավորվածությունը տեղի չունենա, այդ կոմունիկացիաների բացումը մեզ ևս անհրաժեշտ է, բայց ոչ ինքնիշխան տարածքը զիջելու գնով, այսինքն՝ խնդիրն այստեղ ոչ թե Հայաստանի իշխանությունների կողմից այդ ծրագրերը տորպեդահարելն է, այլ այն, որ այն կողմերը, որոնք ցանկանում են այդ հայտարարությունը կյանքի կոչել, յուրովի են մեկնաբանում այդ կետերը ու, ըստ էության, միջազգային իրավունքին դեմ են գնում:

Պարո՛ն Միսկարյան, Լաչինի միջանցքը երկա՞ր է փակ մնալու, դրա շուրջ ծավալվող զարգացումներն ինչպե՞ս են հանգուցալուծվելու:

– Կարծում եմ, որ երկար փակ չի մնա, որովհետև դա չի բխում Ռուսաստանի շահերից ու չի մտնում այն տրամաբանության մեջ, որ վերջին տարիներին Ռուսաստանն իրականացնում է Արցախի հետ կապված: Նույն Ռուբեն Վարդանյանին այնտեղ պաշտոնի նշանակելը ենթադրում է, որ Ռուսաստանն այլ ծրագրեր ունի Արցախի հետ կապված, հետևաբար ինչ-որ սուր զարգացումներ չեմ սպասում Արցախում, բոլոր հարցերը լուծվելու են, սա ընդամենը Հայաստանի ժողովրդի վրա հոգեբանական ճնշում գործադրելու քայլ է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am